Լրահոս
Օրվա լրահոսը

Գրոսմայստերները դեռ «տաքանում» են

Նոյեմբեր 10,2009 00:00

\"\"Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի՝ ուժեղագույնների խմբում հանդես եկող տասը գրոսմայստերները երեկ հանգստանում էին:

Իսկ դրանից առաջ ոչ-ոքիներով ավարտված մեկնարկային երկու տուրերից հետո գրանցվեցին առաջին հաղթանակները: Երրորդում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց հունգարացի Պետեր Լեկոյին, մեկական միավոր վաստակեցին նաեւ Վիշվանաթան Անանդն ու Վլադիմիր Կրամնիկը: Վերջինն այդ հաջողությունը կրկնեց նաեւ չորրորդ տուրում՝ առավելության հասնելով Պյոտր Սվիդլերի նկատմամբ, եւ ստանձնեց առաջատարի դերը: Մյուս չորս պարտիաներում մրցակիցները, այդ թվում նաեւ Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը, միմյանցից բաժանվեցին խաղաղ ձեռքսեղմումներով:

Չորրորդ տուրում մասնագետների ուշադրության կենտրոնում հատկապես Կարլսեն-Արոնյան դիմակայությունն էր: Եվ դա ուներ իր հիմնավոր պատճառները: Նախ՝ երիտասարդ երկու գրոսմայստերները հեղինակավոր մրցաշարերում միմյանց հետ անցկացրած 22 պարտիաներում ի հայտ չէին բերել ավելի հաջողակին: Նրանք տարել էին հնգական հաղթանակ եւ 12 պարտիա էլ ավարտել ոչ-ոքի: Եվ ինչպես ցույց տվեց մոսկովյան մրցակցությունը, հավասարակշռությունն այս անգամ էլ պահպանվեց: Հետաքրքրության երկրորդ պատճառն էլ այն էր, որ Կարլսենն իր նոր մարզչի՝ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի ղեկավարությամբ մեկ ամիս առաջ փայլուն հաղթանակ էր տարել Նանկինում անցկացված «Մեծ սաղավարտի» նոր փուլի առաջին մրցաշարում՝ ամբողջ 2,5 միավորով գերազանցելով երկրորդ տեղն զբաղեցրած Վեսելին Տոպալովին:

Այսօր կայանալիք 5-րդ տուրում Լեւոնը սպիտակներով հանդիպում է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մորոզեւիչի հետ: Մյուս զույգերը կազմելու են. Վասիլի Իվանչուկ (Ռուսաստան)-Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, աշխարհի գործող չեմպիոն)-Պետեր Լեկո (Հունգարիա), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել