Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ՏԵՂ ԿԱՆ, ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ՝ ՈՉ

Նոյեմբեր 11,2009 00:00 Share

Հաջողակ բիզնեսներ ունեցող տնտեսվարողները
որպես հարկատու անհաջողակ են

Ծաղկի ամենամեծ սրահը Հայաստանում ունի «Բրաբիոն ֆլորա սերվիսը»: Այս ընկերությանն է պատկանում նաեւ «Բրաբիոն VIP»-ը, «Բրաբիոն» հարսանյաց սրահը, «Բրաբիոն» սգո ծառայությունը, «Մամա ֆլորա» պարտեզ-կենտրոնը, 4000 քմ տարածքով «Աբիո» առեւտրի համալիրը, որը դարձյալ իր տեսակի մեջ ամենամեծն է Հայաստանում: Ընկերությունը, բացի բոլորիս հայտնի ծաղկային բիզնեսից, զբաղվում է նաեւ ավելի քան 20 հազար ապրանքատեսակների՝ ինտերիերի ձեւավորման պարագաների, կահույքի, ծաղկամանների, շատրվանների, ակվարիումների, այգեգործական գործիքների, աքսեսուարների վաճառքով: «Բրաբիոնն» ունի նաեւ ծաղկի հսկայական շուկա եւ ուսումնական կենտրոն:
Այս ընկերության ողջ ունեցվածքն ու եկամտի աղբյուրները վերը թվարկածով չեն սահմանափակվում, որովհետեւ, սկսած փուչիկների ձեւավորումից ու վաճառքից՝ մինչեւ թանկարժեք խմիչքների, տորթերի ու խաղալիքների վաճառքը, հարսանյաց ու սգո արարողությունների կազմակերպման, հրավառության ծառայությունը, ընկերության անունն ամեն տեղ երեւում է: Այդուհանդերձ, որքան էլ տարօրինակ ու զարմանալի է, «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ-ն բացակայում է 300 խոշոր հարկատուների ցանկից: Ընկերության անունը չկա նաեւ 3 մլն դրամ եւ ավելի սոցվճարումներ կատարած 1000 ընկերությունների, ինչպես նաեւ 100 եւ ավելի աշխատող ցույց տված ընկերությունների ցանկում: Հաշվի առնելով, որ «Բրաբիոնի» ծաղկեփնջերը վաճառվում են 70 հազար, 80 հազար, նույնիսկ 185 հազար դրամով, մեկ բիսկվիթով տորթերը՝ 40-50 հազարով, քաղցրավենիքները՝ 20 հազար դրամով, ընկերությունը պետք է որ բյուջեին էլ այդ գումարներից բաժին հաներ, մանավանդ որ՝ դրանց թանկությունը պայմանավորված է միայն «Բրաբիոն» ապրանքանշանի հետ եւ ինքնարժեքից անհամեմատ ավելի բարձր է: «Բրաբիոնից» «Առավոտին» պարզաբանեցին, որ իրենք, չնայած մատուցվող այդքան ծառայություններին ու սրահներին, ունեն ընդամենը 62-63 աշխատող, հետեւաբար, այդքան աշխատողների համար չէին կարող հայտնվել խոշոր ապահովադիրների ցանկում: Ինչպես ճշտեցինք Պետեկամուտների կոմիտեից, «Բրաբիոնը» հարկատուների շարքում 637-րդ տեղում է եւ այս տարվա ութ ամիսների համար վճարել է 70 մլն դրամ, որից 64 մլն դրամը մաքսային վճարներն են: Համեմատության համար նշենք, որ Անգեղակոթի «Ոստանիկ Հայրենյաց» ընկերությունը կամ Մուսալեռ գյուղի «Մուսալեռ տպագրատունն» ավելի շատ վճարումներ են կատարել:
Բացի «Բրաբիոնից», հարկատուների ցանկում այլ հետաքրքիր փաստեր էլ կան: Ըստ ֆինանսների նախարարության տվյալների, ներկայումս Հայաստանում գործում են 108 շահումով խաղեր ու խաղատներ, որից 10-ը 20-ից ավելի խաղային մեքենաներ ունի: 300 խոշոր հարկատուների ցանկում ընդամենը 1 խաղատուն կա՝ «Սենատորը», 479 մլն դրամ վճարումով:
Ոմն «Խ.Վ.Դ.» ընկերություն վճարել է 201 մլն դրամ, ավելի՝ քան «Երեւանի շամպայն գինիների գործարանը», մոլիբդենի պես շահավետ բիզնեսով զբաղվող «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը», «Հայրապետյան եղբայրներն» ու «Նուշիկյան ասոցիացիան»: Բազմաթիվ շիննախագծեր իրականացնող «Հորիզոն 95» ընկերությունը բյուջե վճարել է ընդամենը 190 մլն դրամ: «Բաղդասարյան Ասյա Արշակի» ընկերությունը համարյա այնքան է վճարել, որքան «Պրոկրեդիտբանկը» կամ «Նիկօ եւ Նայս» թանկարժեք կահույքի հսկայական խանութների ցանցը: Վերջինս, եթե նախորդ տարի նույն ժամանակահատվածում վճարել էր 213 մլն դրամ, այս տարի վճարումները կազմել են 180 մլն դրամ: «Սաքո եւ Արարատ» ընկերությունն ավելի շատ է հարկ վճարել, քան «Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատը»՝ 175 մլն դրամ: Գրեթե նույնքան է վճարել մեքենաների բիզնեսով զբաղվող «Եվրոմոթորսը», որը նախորդ տարի վճարել էր 342 մլն դրամ: Վայքում գործող «Անահիտ եւ Կարեն» ընկերությունը (166 մլն դրամ) ավելի շատ է վճարել, քան «Եվրոթերմ» ընկերությունը, որը մեր երկրում բավականին շահավետ՝ ջեռուցման համակարգերի, գազի կաթսաների, խողովակների, շինտեխնիկայի բիզնեսով է զբաղվում: «Եվրոթերմը» վճարել է ընդամենը 165 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել