Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության անդամները մեղադրվում են ստախոսության մեջ

Նոյեմբեր 11,2009 00:00

«Տնտեսական ճգնաժամը բացահայտեց մեր երկրի արատավոր համակարգը: Վերջին տարիներին Հայաստանից դուրս է մղվել նախաձեռնող բիզնես էլիտան, սահմանափակվել է մրցակցությունը, եթե այսօր մեր երկրում որեւէ տնտեսական շարժ կա, դա կապված է տրասֆերտային կապիտալի հետ»,- երեկ ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա հավաստմամբ, այս ձմեռ բնակչության մեծամասնությունը բախվելու է կոմունալ ծախսերը չվճարելու խնդրին:
ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի կարծիքով էլ, կառավարությունը չի գիտակցում իրավիճակի լրջությունը. «Իմ գնահատմամբ, չեն հասկանում, որ ճգնաժամ կա, որովհետեւ իրենց անձնական կյանքում ճգնաժամի երեւույթները չեն երեւացել»: Նրա խոսքերով, կառավարության անդամները ստախոս են եւ կարող են տնտեսության վերաբերյալ իրենց հրապարակած թվերով խաբել ոչ միայն մեր ազգաբնակչությանը, այլ նաեւ միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես, պարոն Խաչատրյանի ասելով, մեր ղեկավարները կազմել ու ներկայացրել են մի բյուջե, որը չի կարող գոյություն ունենալ:
Նրա համոզմամբ, այս տարվա բյուջեն հստակեցման կարիք ունի. «Սեկվեստր անելու կարիք կա, բայց ոչ միայն կրճատման առումով, այլ՝ պարզապես ծախսերի վերաբաշխում պետք է տեղի ունենա: Սեպտեմբերին ֆինանսների նախարարը հայտարարեց, որ ծախսերի կրճատում են անում, բայց ի՞նչ ծախսեր կամ ո՞ւմ ծախսերը կրճատվեցին՝ հանրությանը եւ ԱԺ-ին ոչ մի բացատրություն չտվեցին»: 
Հարցին, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում է մամուլում տեղ գտած տեղեկատվությունը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ծրագրային ելույթով հանդես գալու վերաբերյալ, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Չեմ կարող հաստատել այդ տեղեկությունը: Մոտ ապագայում ունենալու ենք քաղխորհրդի եւ կենտրոնական գրասենյակի համատեղ նիստ, որտեղ կքննարկվեն կոնգրեսի ռազմավարության եւ մարտավարության հետ կապված հարցեր: Այդ ժամանակ էլ հենց ելույթով հանդես կգա առաջին նախագահը»: Իսկ թե որքանով այդ քննարկման արդյունքները կլինեն բեկումային, Ա. Զուրաբյանը ասաց. «Կարող է լինեն եւ կարող է՝ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել