ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի համոզմամբ, Հայաստանի տնտեսական անկման ավելի քան 18% ցուցանիշը համաշխարհային ռեկորդ է: Նրա խոսքով, իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որեւէ այլ երկրի տնտեսության մեջ նման անկում չկա. «Որեւէ երաշխիք չեմ տեսնում, որ հաջորդ տարի մեր երկրում կկանխվի տնտեսական անկումը, ինչպես այսօր հայտարարում են իշխանությունները: 2010-ին լավագույն դեպքում մենք եւս ամփոփելու ենք տնտեսական անկմամբ, որի ծավալները, հուսով եմ, լինելու են փոքր՝ 1-2%»: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Ասատրյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Հայաստանում իրականացվում է ոչ ճիշտ տնտեսական քաղաքականություն: Բ. Ասատրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին խորհուրդ տվեց կառավարությունից հեռացնել այն պաշտոնյաներին, որոնք համատեղում են քաղաքականությունն ու բիզնեսը, այլ կերպ ասած՝ օլիգարխներին:


















































