Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» ԴԵՊՔԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ

Նոյեմբեր 11,2009 00:00 Share

\"\"«Հայաստանում արդեն գրանցվել են «խոզի գրիպի» դեպքեր: Պետք չէ խուճապի մատնվել, պարզապես պետք է առավել զգույշ լինել»,- երեկ այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Ըստ «Ա1+»-ի, նախարարը ասել է, որ բուժհաստատություններում անցել են կարանտինային պայմանների եւ միայն դիմակներով են ընդունում ու ճանապարհում հիվանդներին: Առայժմ, ըստ Քուշկյանի, հակահամաճարակային խիստ միջոցառումների կարիք հանրապետությունում չկա, սակայն պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցանկացած միջոցառման:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսել էր պատվաստումները Հայաստանում սկսել հունվար ամսից, սակայն քանի որ արդեն մեզ մոտ արձանագրվել են «խոզագրիպի» դեպքեր, պատվաստումները շուտով կմեկնարկեն. առաջնային պատվաստում կստանան ռիսկի խմբերի մարդիկ՝ բուժաշխատողները, երիտասարդները, սպասարկման ոլորտի ներկայացուցիչները: Երեխաների համար նախատեսված է ավելի մեղմ պատվաստանյութ: Պատվաստումը կատարվելու է պետական միջոցներով:
Հարցին, թե արդյո՞ք կառավարության անդամներն ու պատգամավորները առաջնային խմբում են պատվաստվելու, նախարարը պատասխանել է. «Առաջնային, բայց՝ վճարովի սկզբունքով»:
Պարոն Քուշկյանը զգուշացրել է, որ մարդկանց մոտ A/H1N1/-ի ախտանշանները նույնն են, ինչ սեզոնային գրիպի դեպքում՝ բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն, ախորժակի բացակայություն, գլխացավ, աչքերի կարմրություն, հազ: Որոշ հիվանդների մոտ նաեւ՝ քթից արտադրություն, կոկորդի ցավ, սրտխառնոց, փսխում ու լուծ: Եվ ծանր հետեւանքներից խուսափելու համար առողջապահության նախարարը խորհուրդ տվեց նման ախտանիշների դեպքում դիմել առաջնային բուժօգնության, որտեղ կարվի մասնագիտացված հետազոտություն: Այդ ընթացքում ցանկալի է հեռու մնալ շրջապատի մարդկանց հետ շփումներից եւ շատ օգտագործել հեղուկ՝ օրը 2-3 լիտր:
Ի դեպ, A/H1N1/ («խոզի գրիպ») վարակի դեմ միակ դեղամիջոցը, որ Հայաստանում առկա է՝ տամիֆլյուն է, որից հանրապետությունում այս պահին կա միայն 7,5 հազար մարդու համար: Սակայն անհրաժեշտ է 30 հազար դոզաչափ մեր հանրապետության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել