Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաբանների գործը»՝ ՍԴ-ում

Նոյեմբեր 11,2009 00:00 Share

Փաստաբանական պալատի անդամներ Մուշեղ Շուշանյանի, Արթուր Գրիգորյանի, Արա Զաքարյանի եւ Դիանա Գրիգորյանի նկատմամբ, ինչպես հայտնի է, հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով. փաստաբաններն իրենց առարկությունները նախագահող դատավորների ոչ օրինական գործողությունների դեմ արտահայտել էին՝ լքելով դատական նիստերի դահլիճը: ՀՀ փաստաբանները կատարվածը որակել էին պատժիչ գործողություններ՝ ուղղված փաստաբանության ինստիտուտի դեմ:
Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, պալատում ստեղծվել էր աշխատանքային խումբ` փաստաբաններ Արա Զոհրաբյան, Կարեն Մեժլումյան եւ Հայկ Ալումյան կազմով: Աշխատանքային խումբը, քննելով իրենց գործընկերների գործողությունները, հանգել էր այն եզրակացության, որ «Դահլիճը լքելու համար փաստաբանների նկատմամբ չէր կարող քրեական գործ հարուցվել, այդ հարցը կարող էր քննարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից՝ կարգապահական վարույթի շրջանակներում»:
Օմբուդսմենը դիմել էր Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցը որոշելու համար: Երեկ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով լսեց փաստաբանների դիմումը: Դատական նիստը բանավոր ընթացակարգով Սահմանադրական դատարանում կշարունակվի դեկտեմբերի 2-ին:
Փաստաբանները պնդելու են, որ իրենց գործընկերների «հայտնած կարծիքի կամ այլ դիրքորոշման համար քրեական հետապնդում հարուցելը, իր բուն էությամբ, անխուսափելիորեն առաջացնելու է, այսպես կոչված, «սառեցնող» ազդեցություն, ընդ որում՝ ոչ միայն տվյալ պաշտպանի, այլեւ ընդհանրապես փաստաբանական մասնագիտության նկատմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել