Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ թթենիների

Նոյեմբեր 11,2009 00:00

Էջմիածնի թթենիները վտանգի տակ են. քաղաքապետարանի երկու աշխատակիցներ քաղաքի փողոցներում մեկիկ-մեկիկ նախ հաշվառում են թթենիները, ապա բնակիչներին տեղեկացնում, որ կտրելու են դրանք, քանի որ «համաճարակ է տարածվել»: Բնակիչների ընդվզումն արդյունք չի տվել. քաղաքապետարանի ներկայացուցիչները երկու օր ժամկետ են տվել: Ասել են՝ եթե դուք ինքներդ չկտրեք, մենք դա կանենք: «Հաթաթա տվեցին ու գնացին»,- «Առավոտին» ասաց Պիոներական փողոցի բնակիչներից մեկը՝ թթենիների փրկության վերջին հույսը կապելով մամուլին:
Համաճարակի մասին քաղաքապետարանի աշխատակիցների տարածած հայտարարությունը բնակիչները լուրջ չեն համարում, որովհետեւ «Համաճարակի դեմ այդպես չեն պայքարում: Եվ հետո՝ համաճարակը միանգամից չի բռնկվում. դա փուլեր ունի, որ նկատվելու դեպքում նախ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկում, բուժում, իսկ երբ պայքարն իրոք անարդյունք է լինում՝ այդ դեպքում միայն դիմում են ծայրահեղության: Բայց մենք չենք տեսել, որ հիվանդության դեմ ինչ-որ պայքար սկսած լինեն: Ընդհակառակը՝ այս տարի լավ էլ առողջ ու որակյալ բերք ենք հավաքել, դոշաբ ու օղի ստացել… Հիմա եկել-ասում են՝ համաճարակ է, պետք է կտրենք: Իրենք մի ծառ տնկած կա՞ն, որ ծառ են կտրում»,- ասաց բնակիչը:
Թթենիների թիվն Էջմիածնում բավականին մեծ է. գրեթե յուրաքանչյուր առանձնատան դռանն եւ բակում կան: 45-50 տարեկան հաստաբուն ծառեր են, որոնք ոչ միայն առատ բերք են տալիս, այլեւ զով տարածք են ստեղծում ամառվա տապին: Մեզ հետ զրույցում բնակիչներն ասացին, որ այդ ծառերը նաեւ քաղաքի կոլորիտի մի մասն են, թթենիներ հին էջմիածինցիները տնկել են՝ իրենց առանձնահատկությունը նաեւ դրանով շեշտելու համար: «Ու հիմա ինչ-որ մարդիկ եկել ու ձեռք են բարձրացնում մեր կենսագրության մի մասը դարձած ծառերի վրա, որոնք մի քանի հարյուրի են հասնում»,- զայրացած ասում էին Պիոներական փողոցի բնակիչները:
Վերջիններիս կարծիքով, քաղաքապետարանը ծառերը կտրում է՝ միանգամից մի քանի հարց լուծելու նպատակով. «Նախ՝ կտրած ծառերը որպես վառելափայտ կբաժանի սոցիալապես անապահով ընտանիքներին՝ ձեւակերպելով օգնություն, ինչպես արդեն մի քանի տարի արվում է, հետո, մեր կրած վնասները փոխհատուցելու եւ կորուստները «վերականգնելու» նպատակով նոր տնկիներ կբաժանի՝ ջուր լցնելով տնկարանային բիզնես ունեցող ինչ-որ մեկի ջրաղացին»:
Քաղաքապետարանի՝ բնակիչներին տված կողմնորոշման ժամկետը ավարտվում է այսօր: Վաղվանից Էջմիածնում կարող է թթենիների ջարդ սկսվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել