Լրահոս
Օրվա լրահոսը

Տասնօրյակն ավարտվեց

Նոյեմբեր 11,2009 00:00

Այս տարվա սեպտեմբերի 15-ին՝ «Լավագույն համայնք-2009» եւ նոյեմբերի 6-ին՝ «12 քաղաք եւ 28 գյուղ» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 1-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն ու ՀՀ համայնքների ասոցիացիան նշում են Տեղական ինքնակառավարման օրը: Արդեն չորրորդ տարին է, որ անցկացվում է նաեւ «Լավագույն համայնք» մրցանակաբաշխություն: Տեղեկացրել ենք նաեւ, որ այս տարի տեղական ինքնակառավարման տասնօրյակ է նշվում եւ բացի նշված մրցույթից, նաեւ դպրոցական շարադրությունների, լրագրողական աշխատանքների եւ գիտական վերլուծությունների մրցույթներ են անցկացվելու: Այս տարի համայնքների մրցույթին մասնակցում են 12 քաղաք, 28 գյուղ, լրագրողական աշխատանքների մրցույթին՝ 9 լրատվամիջոց, որից 7-ը՝ մարզերից, իսկ գիտական աշխատանքների հայտեր չեն եղել: Երեկ ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ ԱԺ նախագահի մասնակցությամբ ամփոփվեցին մրցույթների արդյունքները: Լավագույն քաղաքն է Գորիսը, լավագույն գյուղը՝ Շիրակի մարզի Նոր կյանքը: Լրատվամիջոցներից՝ «Շանթ» հեռուստաընկերությունն ու «Արմենպրես» գործակալությունը:
Տեղական ինքնակառավարման ոլորտում ավանդի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ պարգեւներ տվեց: Նախագահի որոշմամբ, «Անանիա Շիրակացի» մեդալով պարգեւատրվեցին «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանը, «Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիա» հասարակական կազմա֊կերպության վարչության համակարգող Էմին Երիցյանը, Արարատի մարզի Խաչփառ գյուղի ղեկավար Ղազար Մարտիրոսյանը,  Լոռու մարզի Արեւաշող գյուղի ղեկավար Վարուժան Խաչատրյանը, Շիրակի մարզի Հառիճ գյուղի ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը, Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի ղեկավար Նաիրի Սարգսյանը: Եվս չորս գյուղապետ (Նորակերտ, Նորաշեն, Իշխանասար, Ներքին Կարմիրաղբյուր) նախագահի շնորհակալագիր ստացավ: Պարգեւատրված 10 համայնքապետերից 7-ը Հանրապետական կուսակցության անդամ են:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հուշամեդալի արժանացան տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Իսախանյանն ու ՏԿ վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Ամփոփելով մրցույթի արդյունքները, տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ 13 տարին բավարար չէ վերջնական եզրահանգումների համար, բայց կարելի է արձանագրել, որ կան հաջողություններ, որոնց հիման վրա էլ պետք է հասնել համակարգի կատարելագործմանը, անել այնպես, որ տեղական ինքնակառավարման համակարգը դառնա ամենակայունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել