Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎիվաՍելը» կհամագործակցի եւս 8 բուհի հետ

Նոյեմբեր 11,2009 00:00

Երեկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գրասենյակում փոխհամաձայնության հուշագիր ստորագրվեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի՝ ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, եւ Երեւանն ու մարզերը ներկայացնող բարձրագույն ուսումնական ութ հաստատությունների միջեւ՝ ի դեմս այդ բուհերի ռեկտորների: Այդ բուհերն են՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան, Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական միջազգային համալսարանը, Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երեւանի պետական համալսարանը, Առաջնորդների դպրոցը, Աբովյանի Հ. Օրբելու անվան համալսարանը, Հրազդանի հումանիտար համալսարանը, ինչպես նաեւ Մարտունու Վանեվան համալսարանը: Դեռեւս ս.թ. օգոստոսի 7-ին փոխհամագործակցության համանման հուշագիր էր ստորագրվել հայաստանյան վեց բուհերի հետ: Համալսարանների մեծ մասը մարզերում գործողներից են: Նման ընտրությունը պայմանավորված է տեսականն ու գործնականը համադրելու եւ այդ կերպ համալսարանականներին օգնելու՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մոտեցմամբ: Դա հնարավորություն կտա նաեւ տնտեսության, արդյունաբերության, քաղաքացիական հասարակության, գիտության եւ կրթության ոլորտներում պատրաստել վաղվա առաջնորդներին:
Հաշվի առնելով մարզերում կրթության ոլորտի համար անհրաժեշտ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ գործնական գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունների բացակայությունը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը բուհերին աջակցում է հետեւյալ հիմնական ուղղություններով՝ բուհերի ուսանողների արտադրական եւ նախադիպլոմային պրակտիկայի անցկացում ընկերությունում, մասնագիտական առարկաների համատեղ դասավանդման կազմակերպում ընկերության աշխատակիցների ներգրավմամբ, համատեղ գիտահետազոտական աշխատանքների եւ աշխատանքային ծրագրերի իրականացում, ինչպես նաեւ ուսանողների գիտահետազոտական, դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի ղեկավարման հարցում ընկերության աշխատակիցների ներգրավում:
Փորձ ձեռք բերելու համար բուհերն ընկերություն են ուղարկում իրենց լավագույն ուսանողներին, ովքեր հնարավորություն կստանան մասնագիտական-կիրառական գիտելիքներ ձեռք բերել հետեւյալ ոլորտներում՝ իրավագիտություն, հաշվապահություն, մարկետինգ եւ վաճառք, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ այլն:
Պրակտիկայում ներգրավված ուսանողներն ընկերությունից կստանան աշխատավարձ, ինչը նրանց թույլ կտա հոգալ Երեւանում ժամանակավորապես բնակվելու հետ կապված ծախսերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել