Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովան էլի մնաց առանց նախագահի

Նոյեմբեր 11,2009 00:00

Մոլդովայի խորհրդարանը մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ չկարողացավ երկրի նախագահ ընտրել: Երեկ քվեարկությունը տապալել է խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս Կոմունիստական կուսակցության. կոմունիստ պատգամավորները բոյկոտել են ընտրություններն ու լքել են նիստերի դահլիճը: Պետության ղեկավարի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Մարիանա Մուպուն է եղել, որին աջակցում են Մոլդովայում իշխող Ազատական-ժողովրդավարական, Ժողովրդավարական կուսակցություններն ու «Մեր Մոլդովան» ալյանսը, որոնք 101 պատգամավոր ունեցող խորհրդարանում ընդամենը 53 մանդատ ունեն: Մուպուին նախագահ ընտրվելու համար չի բավարարել ընդամենը 8 քվե:
Մինչեւ քվեարկությունը՝ կոմունիստները զգուշացրել են, որ չեն մասնակցելու ընտրություններին, որովհետեւ մտադիր չեն աջակցել նոր իշխանությունների «հակաժողովրդական քաղաքականությանը»: Կոմունիստները Մարիանա Մուպուին, որը նախկինում եղել է կոմկուսի անդամ եւ մեծ քաղաքականություն է մտել հենց այդ կուսակցության շնորհիվ, համարում են «դավաճան»:
Մոլդովայի օրենսդրության համաձայն, 30 օր անց տեղի կունենա երկրի նախագահի ընտրության երկրորդ փորձը, եւ եթե դա էլ ապարդյուն լինի, պետության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդարանի խոսնակ Միխայ Գիմպուն ստիպված կլինի լուծարել խորհրդարանը եւ նշանակել արտահերթ ընտրություններ: Դրանք կարող են տեղի ունենալ 2010թ. աշնանից ոչ շուտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել