Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Վրաստանին սահմանը վերաբացելու առաջարկ է արել

Նոյեմբեր 11,2009 00:00

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երեկ հայտարարել է, թե Ռուսաստանը պաշտոնական Թբիլիսիին Վրաստանի հետ սահմանը բացելու առաջարկ է արել: ԱԳ նախարարի ասելով, Ռուսաստանը Վրաստանի ԱԳՆ-ին պաշտոնական նոտա է փոխանցել՝ խնդրելով, որ երկու երկրների միջեւ սահմանի բացման հարցը ներկայացվի այդ երկրների փորձագետների քննարկմանը: «Սակայն մենք գտնում ենք, որ Ռուսաստանի այդ առաջարկին պետք է զգուշորեն վերաբերվել»,- APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն:
Նա միաժամանակ շեշտել է, որ հիշյալ հարցը քննարկելու համար կողմերի փորձագետներն արդեն հանդիպել են. «Փորձագիտական խմբերն առայժմ միայն կարծիքներ են փոխանակել իրենց դիրքորոշումների վերաբերյալ: Բայց մենք գտնում ենք, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ սահմանի բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին եւ Հայաստանին, իսկ Վրաստանի համար դա որեւէ նշանակություն չունի, որովհետեւ Ռուսաստանը արգելք է դրել մեր ապրանքների վրա, իսկ ՌԴ օրենսդրությամբ Վրաստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան՝ արգելված է: Մենք չենք կարծում, որ սահմանի բացումը սրանով հանդերձ մեզ ձեռնտու կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել