Երեքշաբթի օրը Դեղին ծովի՝ Հարավային Կորեայի տարածքային ջրերում, Կորեական թերակղզու արեւմտյան ափամերձ շրջանում, Հարավային եւ Հյուսիսային Կորեաների ռազմական նավերի միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Միջադեպի արդյունքում, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: «Reuters»-ի մատուցմամբ, Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը կորուստներ չեն կրել, մինչդեռ հյուսիսկորեական նավը երկու րոպե տեւած փոխհրաձգության արդյունքում զգալիորեն վնասվել է: Վերջին 7 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Հարավային եւ Հյուսիսային Կորեաների ռազմական նավերի ընդհարման արդյունքում Հարավային Կորեայի եւ ոչ մի զինծառայող չի սպանվել:
Պաշտոնական Փխենյանը տեղի ունեցած միջադեպի համար մեղադրել է Հարավային Կորեային՝ պահանջելով ներողություն խնդրել իր նավերը Հյուսիսային Կորեայի ջրային տարածք ուղարկելու եւ պարեկային ծառայությունն ավարտելուց հետո նավահանգիստ վերադարձող իր մոտորանավը գնդակոծելու համար: Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի հրամանատար Լի Գի Սիկան (նկարում) տեղի ունեցածը որակել է ցավալի միջադեպ եւ Հյուսիսի կողմից հրահրված սադրանք:
Վերլուծաբանները շեշտել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Սեուլ ժամանելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպը Հյուսիսային Կորեայի կողմից կազմակերպված սադրանք է, որը կարող է սրել տարածաշրջանում առկա լարվածությունը: Այլ փորձագետների կարծիքով, Հյուսիսային Կորեան պարզապես հարավկորեական կառավարության ստուգարք է անցկացրել:
Երկու Կորեաների միջեւ Դեղին ծովում ծովային սահման էր գծվել ամերիկացիների կողմից՝ 1950-ական թվականներին, Կորեական պատերազմից հետո, թեեւ Փխենյանը հրաժարվում է ճանաչել այդ սահմանը:


















































