Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԵՎԱԾԻՆ ԾԱՂԻԿՆ» ՈՒ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նոյեմբեր 11,2009 00:00

\"\"Հայկ Թոքմաջյանի «թուրքական» տպավորությունները

Հոկտեմբերի 1-30-ը Հայկ Թոքմաջյանը Անթալիայում մասնակցել է միջազգային քանդակագործական սիմպոզիումի: Նրա խոսքով, Թուրքիայում շատ են քանդակագործական սիմպոզիումները, բայց զբոսաշրջային կենտրոն Անթալիայինն առանձնանում է: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ սիմպոզիումին մասնակցելու համար շուրջ 300 հայտ է ներկայացվել, սակայն ընտրվել է 7 քանդակագործի աշխատանք, դրանց թվում՝ նաեւ իր «Արեւածին ծաղիկը»: Քանդակները կերտվել են մարմարից ու տեղադրվել Ագդենիս (թարգմանաբար՝ միջերկրական) համալսարանի տարածքում: Հայկն ասաց, որ Թուրքիայում քանդակագործական սիմպոզիումների նախաձեռնողները բուհերի արվեստի ֆակուլտետներն են, Ագդենիսի պարագայում՝ նույնպես:
Այս տարվա սիմպոզիումը հայ քանդակագործի համար նախորդներից առանձնացել է նաեւ նրանով, որ համընկել է ՀՀ նախագահի՝ Թուրքիա կատարած այցելությանը եւ հայտնի ֆուտբոլային խաղին: «Հեռուստատեսությունն ու թերթերը ողողված էին նախագահների այցելության, ֆուտբոլային խաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին տեղեկատվությամբ: Լրագրողները տեղյակ լինելով, որ սիմպոզիումին հայ քանդակագործ է մասնակցում, շարունակ ինձ այցի էին գալիս, հարցնում, թե ի՞նչ եմ մտածում երկու երկրների հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման եւ այլնի մասին: Միայն ցեղասպանության վերաբերյալ հարցեր չէին հնչում, իսկ ընդհանուր առմամբ մթնոլորտը նորմալ էր: Ես էլ՝ ուզեի, թե չուզեի, չէի կարող շրջանցել այդ ամենը»,- պատմեց Հայկը: Նա հավելեց, որ սիմպոզիումի շրջանակներում Թուրքիա էին ժամանել աշխարհի տարբեր բուհերի արվեստի ֆակուլտետների ուսանողներ, այդ թվում՝ մի արվեստաբան ու կերամիկայի մասնագետ Ադրբեջանից: Մեր զրուցակցի խոսքով, վերջինիս հետ կապված՝ ինքը լարվածություն է զգացել, խուսափել են շփվել եւ չափազանց զգուշավոր են եղել:
Դառնալով սիմպոզիումին՝ Հայկն ասաց, որ բոլոր քանդակագործների աշխատանքները տեղադրվել են «Ագդենիս» համալսարանի տարածքում, որը ուսանողական ավանի պես մի բան էր՝ հրաշք բնությամբ ու կանաչների մեջ թաղված: Կազմակերպիչները անգամ յուրաքանչյուր քանդակագործի հարցրել են՝ թե ով կոնկրետ որտեղ է իր գործը պատկերացնում:
Հեղինակը, պատասխանելով «Առավոտի» հարցին, մեկնաբանեց, թե ինչ է «Արեւածին ծաղիկը» խորհրդանշում: «Անթալիայում ամբողջ տարին արեւ է, հոկտեմբերին այնպիսի ջերմություն էր՝ ասես ամառ լիներ: Մի խոսքով, արեւը գերիշխող է, իսկ կինն էլ իբրեւ արեւածին էակ՝ ծաղկի միջից դուրս եկող նեկտարն է: Այդ կոմպոզիցիոն լուծումը փորձեցի իրականացնել մարմարի վրա: Ժամանակը բավարար էր, ինձ համար նույնիսկ մի քիչ էլ շատ»,- նշեց նա: Անթալիայում կայացած ցուցահանդեսը այս տարի երրորդն էր Հայկի համար, նա գարնանը Իսրայելում էր մի ցուցահանդեսի մասնակցել, ամռանն էլ՝ Պենզայում՝ մեկ այլ: Ասում է՝ Չինաստանից էլ հրավեր ունի, բայց չի ցանկանում մեկնել, որովհետեւ 3 սիմպոզիումից ավելին բացասաբար կարող է անդրադառնալ որակի վրա, մանավանդ՝ «ամեն աշխատանք արվեստագետից ժամանակ է պահանջում, հոգեւոր եւ ֆիզիկական մեծ լարում, դու ամբողջությամբ տրվում ես գործին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել