Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 11,2009 00:00 Share

\"\"Մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ են
ոչ միայն ցանկություն ու պատրաստակամություն, այլեւ օբյեկտիվ հիմքեր,
որոնք միշտ չէ, որ միատեղվում են:

Հենց «օբյեկտիվ հիմքերի» բացակայության պատճառով էլ Հայաստանի հանդբոլի տղամարդկանց հավաքականն ի զորու չեղավ հաղթահարել եվրոպական հանդբոլային ընտանիքում «թույլ զարգացած երկրների առաջնության» պիտակը կրող գավաթում իրեն բաժին ընկած մարտահրավերները: Երկու տարին մեկ անցկացվող  Challenge Trophy գավաթը վիճարկում են ամենացածր վարկանիշ ունեցող 8 երկրների հավաքականները՝ բաժանված երկու խմբի: Այս անգամ մերոնց մրցակիցները Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ազգային թիմերն էին: Ստացվում էր յուրօրինակ տարածաշրջանային առաջնություն՝ համեմված մոլդովական հանդբոլով: Եվ բնական է, որ յուրաքանչյուր պարտություն այս դեպքում ցավագին էր ընկալվելու՝ «խոցված ազգային ինքնասիրության» տարրերով: Ցավոք, բոլոր երեք հանդիպումներից հետո մեզ մոտ հենց այդ հոգեվիճակն էր. մերոնք 15:46 հաշվով պարտվեցին Մոլդովային, 19:44՝ Վրաստանին, 16:33՝ Ադրբեջանին…
Հայաստան վերադառնալուն պես մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գեւորգյանի հետ զրույցը համր տեսարանով սկսվեց. ի պատասխան դեռ չհնչած, բայց ակնկալվող հարցի՝ թե ինչո՞ւ այդպես պարտվեցինք, մարզիչը փոքրիկ «էքսկուրսիա կազմակերպեց» այն դահլիճում, որտեղ մարզվում են մեր հանդբոլիստները: Տեսարանը, մեղմ ասած, տխուր էր: Արմեն Գեւորգյանն ասում է, որ հանրապետության ողջ տարածքում է այս վիճակը, ու հանդբոլի խնդիրները մեկ-երկուսով չեն սահմանափակվում. «Խորհրդային տարիներին Հայաստանը հանդբոլի լավ ավանդույթներ ուներ, հիանալի դպրոց՝ Լենինականում, որը երկրաշարժից հետո ավերվեց: Հիմա մենք ոչ մի բան չունենք, այսօր ոչինչ չի մնացել: Մարզադահլիճներում մութն ընկնելուց հետո անհնար է մարզվել, քանի որ լույս չկա, պատուհանների ապակիները կոտրված են, հատակը՝ քանդված, ճաքերով ու փոսերով, դահլիճներն իրենց չափերով շատ ավելի փոքր են ընդունված ստանդարտներից… Չունենք ակումբներ, չունենք մարզիչներ, որովհետեւ աշխատավարձը շատ ցածր է…»: Հավաքականի մարզիչը համոզված է, որ այստեղ անհրաժեշտ է պետական մոտեցում, չէ՞ որ մեր երկիրը «միայն ըմբշամարտի, բռնցքամարտի ու ծանրամարտի երկիր չէ»: Եվ քանի դեռ այդ պետական մոտեցումը չկա, առանձին անհատներն էլ առանձնապես հետաքրքրված չեն հանդբոլով, ու վերջինիս աջակցելով՝ այս մարզաձեւը ստիպված է բավարարվել եղածով ու միջազգային հանդիպումներում դրան համարժեք արդյունքներով: Արդյունքներն այսբերգի գագաթն են՝ մշտապես քննադատության ենթարկվող տեսանելի մասը: Իսկ ահա այսբերգի ստորին հատվածից շատ քչերն են տեղեկացված, մինչդեռ բոլոր պարտությունների հիմքում հենց դա է ընկած: Արմեն Գեւորգյանն ասում է, որ Challenge Trophy-ին նախապատրաստվելիս մեր թիմը շաբաթը երեք մարզում է անցկացրել, այն պարագայում, երբ օպտիմալ կհամարվեր շաբաթը վեց անգամ, օրական երկու մարզումը: Ավելին, այս ողջ տարվա ընթացքում հավաքականի տղաները մասնակցել են ընդամենը 9  հանդիպման՝ այն դեպքում, երբ Վրաստանի, Ադրբեջանի թիմերը ամեն տարի շուրջ 30 միջազգային հանդիպում են անցկացնում: Դրան հավելենք նաեւ, որ նրանց կազմում շատ են լեգեոներները, ովքեր յուրաքանչյուր տարի իրենց ակումբներում են մոտ 60 խաղ խաղում: Հայաստանի 2009թ. առաջնությանը մասնակցել է ընդամենը 4 թիմ՝ երեքական հանդիպում անցկացնելով: Արդեն հաջորդ տարի հանդբոլի ֆեդերացիան ծրագրում է ընդլայնել առաջնությունը ոչ միայն թիմերի, այլեւ անցկացված խաղերի հաշվին՝ սեզոնային փուլեր կազմակերպելով: Առհասարակ, հանդբոլի ֆեդերացիայի ծրագրերը հավակնոտ են՝ լողափնյա հանդբոլի զարգացում,  մարզերում՝ ակումբների ստեղծում… Սակայն այդ ամենի համար լուրջ ներդրումներ են պահանջվում: Միայն այդ դեպքում մարզաձեւը կկարողանա դուրս գալ այս խորը ճգնաժամից:

Հ. Գ. Ի դեպ, խոշոր հաշիվներով պարտությունների ֆոնին աննկատելի մնաց մի ուրախալի փաստ. Քիշնեւում մեր հավաքականի հանդբոլիստ Արման Իսրայելյանն ընդգրկվել է  մրցաշարի «Բոլոր աստղերը» թիմում: Մի կաթիլ լույսն էլ համատարած մթի մեջ արեւ է թվում. մանրուք է, բայց՝ հաճելի:…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել