Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատի» վետերանները՝ Իջեւանում

Նոյեմբեր 11,2009 00:00

Ըստ վետերան ֆուտբոլիստների, մեզ պակասում են «թասիբ», մարզադպրոցներ եւ մրցաշարեր

Անցյալ տարի գործարկվեց Իջեւանի «Արնար» ֆուտբոլային մարզադաշտը եւ նույն տարում էլ այստեղ կայացավ հանրապետության գավաթի խաղարկության եզրափակիչը:
Վերջերս այս մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլի Տավուշի մարզի առաջնությունը, մրցանակակիր թիմերին պարգեւներ հանձնեցին հանրահայտ մարզիկներ՝ ՀՀ նախագահի խորհրդական, ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը եւ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը: Նոյեմբերի 8-ին «Արնար» մարզադաշտում հանդիպեցին «Արարատն» եւ Իջեւան քաղաքի վետերանները: «Արարատ-73»-ի կազմում էին Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Պողոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Էդուարդ Մարգարովը, Խորեն Հովհաննիսյանը, Բաբկեն Մելիքյանը, Տիգրան Գսպեյանը, Սերգեյ Հայրբաբամյանը եւ ուրիշներ: Վետերանների մասնակցությամբ խաղի յուրաքանչյուր խաղակեսը 30 րոպե էր: «Արարատի» վետերանները չնայած տարիքին, գնդակի տիրապետման լավ տեխնիկա էին ցուցադրում: Իր լավագույն տարիների խաղն էր ցուցադրում Խորեն Հովհաննիսյանը: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: Երկրորդում Խորեն Հովհաննիսյանը 3 գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Իջեւանի թիմի կազմում 2 գոլ խփեց երեւանցի Արամ Վարդանյանը, ով այս խաղում իջեւանցի էր: Սակայն իջեւանցիներից լավագույն ֆուտբոլիստը ժամանակին Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցած Գուրգեն Հարությունյանն էր, ով գրոհների կազմակերպիչն էր:
«Արարատի» վետերանների թիմը ընկերական խաղում հաղթեց 3:2 հաշվով: Մրցավարը՝ ֆուտբոլի նվիրյալ, Տավուշի մարզի Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանն էր:
Վետերանների խաղը տոնի վերածվեց, բայց հայկական ֆուտբոլն այսօր, ցավոք, տոն չի պարգեւում մարզասերներին եւ քիչ են հաղթության եւ բերկրանքի դրսեւորումները: Ինչո՞ւ այսօր Հայաստանում ֆուտբոլը նահանջ է ապրում, մեր ազգային ընտրանին պարտություններ է կրում: Այս հարցին Սերգեյ Պողոսյանը պատասխանեց, թե ֆուտբոլիստը պիտի ամբողջությամբ նվիրվի խաղին, հոգի ներդնի, հավաքականի խաղացողն էլ «թասիբ» պիտի ունենա, քանի որ երկրի եւ ազգի պատիվն է պաշտպանում: Ինչն այսօր, ցավոք, բացակայում է: Խորեն Հովհաննիսյանն ասաց, որ տպավորված է իր բարեկամ, իջեւանցի գործարար Արծրունի Ղալումյանի աշխատանքից, ով նման բարձրորակ մարզադաշտ է կառուցել: Խորեն Հովհաննիսյանը արդեն 2 տարի Հունաստանում է ապրում: Նրա որդին՝ Ժորիկ Հովհաննիսյանը եւս ֆուտբոլիստ է եւ այս պահին հունական «Օլիմպիակոսը» նրան վարձավճարով հանձնել է երկրորդ լիգայի թիմերից մեկին: Ժորիկ Հովհաննիսյանի թիմն ընթանում է առաջին տեղում, ինքն էլ 5 խաղում 7 գոլի հեղինակ է դարձել:
Ըստ մասնագետների, հայկական ֆուտբոլին նոր մարզադպրոցներ ու մանկապատանեկան մրցաշարեր են պետք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել