Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍՆ ԱՇԽԱՏԵՑ «ՓԱԿ ԴՌՆԵՐԻ» ԵՏԵՎՈՒՄ

Նոյեմբեր 12,2009 00:00

\"\"Բայց գոնե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը
մասամբ հրապարակվեց

Երեկ Հայ ազգային կոնգրեսի Էրեբունիի տարածքային գրասենյակում Կոնգրեսի ակտիվը՝ քաղխորհրդի եւ կենտրոնական գրասենյակի սահմանափակ թվով ներկայացուցիչներ, տարածքային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է նաեւ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նախօրեին Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել էր, թե այդ միջոցառումը ՀԱԿ-ի հետագա քայլերի ռազմավարության ու մարտավարության վերաբերյալ կարծիքներ փոխանակելու նպատակ ունի։
ՀԱԿ ակտիվի եւ նրա առաջնորդի հանդիպումը տեղի ունեցավ փակ դռների ետեւում՝ լրագրողների, նույնիսկ Կոնգրեսի առանձին ակտիվիստների ականջից հեռու: Թե ո՞րն էր մինչ այս միայն Դաշնակցությանը հատուկ նման կոնֆիդենցիալության պատճառը՝ դժվար է ենթադրել, առավել եւս, որ այդ աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՀՀ առաջին նախագահի ելույթը, ինչպես պարզվեց, ենթակա էր հրապարակման: Խորհրդակցության ավարտից հետո դրան մասնակցածներից մի քանիսը «Առավոտի» հետ զրույցում հերքեցին, թե գաղտնապահության պատճառը Կոնգրեսի որդեգրած պասիվ կեցվածքի շուրջ ՀԱԿ-ի ներսում առկա տարակարծությունները կամ տարակուսանքն են: Ոմանք հանդիպման «փակ ռեժիմը» բացատրեցին անկաշկանդ քննարկումներ ծավալելու հանգամանքով: Բայց այն, որ «Առավոտի» ֆոտոթղթակցին նույնիսկ մեր հատուկ խնդրանքից հետո թույլ չտրվեց միջոցառման առաջին մի քանի րոպեներին «պրոտոկոլնի» լուսանկարներ անել՝ արդեն անհասկանալի եւ վիրավորական էր: Ավելի մեծ էր մեր տարակուսանքը, երբ մեր առաջ գրաքննության պայման դրվեց՝ լուսանկարել, բայց դրանք հրապարակել միայն Կոնգրեսի պատասխանատուների ընտրությամբ:
Իսկ ՀԱԿ-ի աշխատանքային խորհրդակցությունը երեկ տեւել էր 3,5 ժամ: Մոտ 50 րոպե էր տեւել Լ. Տեր-Պետրոսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների ու դրանց հետեւանքների՝ բացառապես քաղաքական տեսակետից վերլուծական, բայց ոչ ծրագրային ելույթը, որին հետեւել էին քննարկումներ եւ ավարտվել դարձյալ ՀՀ առաջին նախագահի արդեն բանավոր ելույթով: Իսկ Կոնգրեսի առաջնորդն իր գրավոր ելույթի եզրափակիչ հատվածում անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո երկրում ստեղծված վիճակին՝ հավանական էր համարել իրադարձությունների զարգացման հետեւյալ սցենարը. «Թուրքիայի խորհրդարանը ձգձգելու է արձանագրությունների վավերացման գործընթացը կամ դրանք վավերացնելու է որոշ վերապահումներով՝ ձգտելով այդ եղանակով խթանել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը: ՀՀ խորհրդարանը սպասողական դիրք է գրավելու եւ փորձելու է արձանագրությունների վավերացման խնդրին անդրադառնալ միայն այն բանից հետո, երբ դրանք կվավերացվեն Թուրքիայի կողմից:
Այս փակուղային վիճակից դուրս գալու գլխավոր խոչընդոտը համարելով Ղարաբաղի խնդիրը՝ միջազգային հանրությունը ջանալու է արագացնել վերջինիս հանգուցալուծումը, ինչը բացահայտորեն համընկնում է Թուրքիայի դիրքորոշմանը: Սերժ Սարգսյանը, մատնանշելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման առիթով Հայաստանում եւ Սփյուռքում ծագած սուր հակազդեցությունը, միջնորդներից խնդրելու է որոշ դադար տալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ պատճառաբանելով, որ իր համար դժվար կլինի կարճատեւ ժամանակամիջոցում դիմակայել եւս մի այդպիսի հակազդեցության: Ըմբռնումով մոտենալով Սարգսյանի պատճառաբանությանը՝ միջազգային հանրությունը, սակայն, նրա թուլությունից օգտվելու պահը չկորցնելու համար մերժելու է այդ խնդրանքը եւ, ընդհակառակը, Ղարաբաղի հարցում ավելի եւս մեծացնելու է ճնշումները Հայաստանի վրա: Ամենայն հավանականությամբ, շահագրգիռ ուժերը Հայաստանին հորդորելու են նաեւ առաջինը վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները՝ այն հիմնավորմամբ, որ դրանից հետո Թուրքիայի համար հեշտ չի լինի ձգձգել վավերացման գործընթացը: Իրերի տրամաբանությամբ՝ մոտակա ամիսներին զարգացումներն ընթանալու են ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների, որքան ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, որովհետեւ, վերջին հաշվով, հայ-թուրքական հաշտեցման հիմնապայմանը ոչ իսկ Ցեղասպանության կնճիռն է, այլ Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը»։
Դեպքերի այսպիսի հնարավոր զարգացման համատեքստում էլ ՀՀ առաջին նախագահը խոսել է նաեւ Կոնգրեսի առաջիկա քայլերի ռազմավարության ու մարտավարության մասին: Ստեղծված բարդագույն եւ Հայաստանի համար վտանգավոր վիճակի բարդությունների առնչությամբ Լ. Տեր-Պետրոսյանը շեշտել է, որ մի կողմից՝ իշխանություններն ու ընդդիմությունն այնպես պիտի անեն, որ ներքաղաքական հակասությունները չխանգարեն հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացներին, մյուս կողմից՝ որ այդ գործընթացները զերծ մնան հայության համար վտանգավոր ու անցանկալի զարգացումներից։ «Հայ Ազգային Կոնգրեսը մշտապես առաջնորդվել եւ այսուհետեւ եւս առաջնորդվելու է պատասխանատվության այս գիտակցությամբ՝ խուսափելով թե՛ անխոհեմ գործողություններից, թե՛ քաղաքական մաքսիմալիզմից, եւ հաշվի առնելով, առաջին հերթին, պետական շահը»,- իր գրավոր ելույթում ասել է ՀՀ առաջին նախագահը:
Ի դեպ, երեկվա կոնֆիդենցիալ հանդիպմանը ներկա չէր ՀԱԿ-ին մաս կազմող «Հայ կամավորականների միություն» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը: Երեկ մեզ չհաջողվեց կապվել պարոն Սեֆիլյանի հետ, ուստի՝ այդ միջոցառմանը նրա բացակայության պատճառը մեզ անհայտ մնաց: Փոխարենը այնտեղ ներկա է եղել նույն նախաձեռնության ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը: Քննարկումների ժամանակ, մեր տեղեկություններով, Կոնգրեսի որդեգրած մարտավարության առնչությամբ քննադատական կամ դժգոհ ելույթներ ու հայտարարություններ չեն հնչել: Եղել են միայն մտահոգություններ, որոնք, մեր զրուցակիցների հավաստմամբ, փարատվել են Լ. Տեր-Պետրոսյանի՝ արդեն բանավոր ելույթից հետո: Իսկ նա, ամփոփելով տեղի ունեցած քննարկումները, հայտարարել է, թե հիմա դժվարին ժամանակներ են, ու Կոնգրեսի ղեկավարներն այս պայմաններում պարտավոր են շարժումը չջլատել ու պահպանել՝ հենց հանուն Հայաստանի, որովհետեւ միայն ՀԱԿ-ն է, որ ի վիճակի է դիմակայել գործող իշխանությանն ու կանխել Հայաստանին սպառնացող վտանգները: Ավելի անկեղծ մթնոլորտում խոսելով Կոնգրեսի առաջիկա եւ ավելի ակտիվ քայլերի մասին՝ Լ. Տեր-Պետրոսյանն ասել է, թե ընդդիմությունն ամեն րոպե պետք է պատրաստ լինի ակտիվ, բայց ոչ ինքնանպատակ գործողությունների: Նա հայտարարել է, որ ընդդիմությունը, անշուշտ, ուզում է գալ իշխանության, բայց ոչ երբեք՝ ամեն եւ պետության շահերը վնասելու գնով, ու նաեւ կոչ է արել կոնգրեսականներին՝ «մենք շտապելու իրավունք չունենք»:

Հ. Գ. Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ էջ 9 եւ 10:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել