Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանը գործարք է առաջարկել»

Նոյեմբեր 13,2009 00:00

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ «7 օր»-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ՀԱԿ-ի ակտիվի ժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ ասել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը հիմնականում երկու բան է հաստատում։ Մեկն այն է, որ ինքը համաձայն է Հայաստան-Թուրքիա բանակցությունների պարտվողական քաղաքականությանը, եւ երկրորդ՝ կորցնելով ընդդիմության մենաշնորհը, առաջնորդողը լինելու հանգամանքը՝ նա պատրաստ է իշխանությունների հետ գնալ գործարքի»: «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Կիրո Մանոյանը մանրամասնել է. «Ինքը իշխանություններին առաջարկում է գործարք՝ ճիշտ այնպես, ինչպես այդ կաթողիկոսի պատմությունը պատմել է: Որ կարող ենք մենք էլ, ի վերջո, այնպես անել, որ խնդրո առարկա չդարձնենք իշխանության լեգիտիմության կամ նախագահի ընտրված-չընտրված լինելու հարցը՝ ինչ-որ բանի փոխարեն»: Մանրամասնել է նաեւ իր այն տեսակետը, թե Տեր-Պետրոսյանն այդ քայլին դիմել է՝ «ընդունելով, որ ինքը որպես ընդդիմադիր ուժ այլեւս անելիք չունի: Իրենք գոյություն ունեին որպես արմատական ընդդիմություն: Հիմա որպես արմատական ընդդիմություն էլ անելիք չունեն: Ուզում են ինչ-որ ձեւ գտնեն, որպեսզի գոյություն ունենան»: Կիրո Մանոյանը պատահական չի համարել, որ «ողջ ելույթում Տեր-Պետրոսյանը քննադատում է հենց Դաշնակցությանը», ինչը, ըստ նրա, ակնհայտ է դարձնում Տեր-Պետրոսյանի խանդի կամ նախանձի զգացումը, որ ՀԱԿ-ն այլեւս ընդդիմության մենաշնորհը չունի. «Իր բոլոր ասածները ցույց են տալիս, որ իրենք ոչ միայն մենաշնորհը կորցրել են, նաեւ՝ առաջնորդ չեն այլեւս ընդդիմության»: «7 օր»-ի հետ զրույցում նա մատնանշել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ոճը՝ նշելով. «1991թ. նա ասում էր, որ եթե մեզ հետ չեք, ուրեմն նարինջ ուտող եք, անցած նախագահական ընտրություններին ասում էր՝ եթե մեզ հետ չեք, տականք եք, հիմա էլ ասում է՝ եթե մեզ հետ չեք, ուրեմն կեղծ ընդդիմություն եք, փարիսեցի եք եւ այլն»:

Հ. Գ. Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշել էր մտավորականների անուններ, ովքեր «լուռ համաձայնությամբ աջակցել են» Սերժ Սարգսյանին՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման համար։ Նրանցից մեկը՝ Սոս Սարգսյանը, «Report.am»-ին ասել է. «Մարդը, որ ելույթ է ունենում, կարող են ելույթից մի նախադասություն վերցնել ու պտտացնել: Ես մի քանի անգամ եմ խոսել այդ մասին եւ միշտ էլ դեմ եմ արտահայտվել: Ես շատ հստակ ասել եմ՝ ես կողմ եմ, որ մենք առեւտուր անենք, որ հարաբերություններ հաստատվեն, բայց ամեն անգամ ասել եմ, որ մենք հիմա պիտի 100 անգամ ուժեղացնենք մեր ճնշումը Ցեղասպանության հարցում: Հիմա պիտի զգաստ ու զգոն լինենք, առավել, քան երբեք: Ես հազար ճիշտ բաներ եմ ասել եւ արդարանալու բան չունեմ: Իսկ ի՞նքը չէր կողմնակից, որ պետք է հարեւանի հետ հարեւանություն անել: Կարծում եմ՝ այստեղ միտում կա եւ չի կարող անփութության հետեւանք լինել: Ես շատ եմ խոսել այս թեմայի շուրջ, նույնիսկ մի հատ հոդված եմ գրել «Իմ թուրք հարեւանին»: Իրենք ինչ ուզում են անեն: Երբեք ոչ ոք չի հասկանա, թե Տեր-Պետրոսյանն ինչ է ուզում էս ժողովրդից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել