Լրահոս
Օրվա լրահոսը

Մշտական կամ ժամանակավոր՝ մի՞թե նույնը չէ

Նոյեմբեր 14,2009 00:00

Ըստ ամենայնի՝ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր
հանձնաժողովի առաջարկությունների ձեռքը կրակն են ընկել:

\"\"\"\"

ԱԺ մարտի 1-ի դեպքերն ու դրանց հետեւանքները ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը իր արդեն հրապարակված եզրակացության մեջ մի շարք առաջարկություններ էր արել, եւ որպեսզի իր առաջարկությունները չմնային «օդից կախված»՝ ինչպես պատկերավոր բնութագրեց Արծվիկ Մինասյանը, հանձնաժողովն առաջարկել էր իր առաջարկությունների կատարման մոնիտորինգ իրականացնել:
ՀՅԴ-ն իր հերթին առաջարկել էր, որ այդ մոնիտորինգն իրականացնի մի նոր ժամանակավոր հանձնաժողով: Այս մեկը պետք է կազմավորվեր հետեւյալ սկզբունքով՝ հանձնաժողովում պետք է ներառվեին ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Մարդու իրավունքների պաշտպանը: Խորհրդարանական բոլոր ուժերը պետք է ներկայացված լինեին հավասարաչափ, իսկ հանձնաժողովը պետք է ղեկավարեր ընդդիմությունը, եւ հանձնաժողովը պետք է աշխատեր կոնսենսուսի սկզբունքով եւ ոչ թե բաց քվեարկությամբ:
Ըստ դաշնակցականների, սա հնարավորություն կտար, որպեսզի «անաչառ եւ օբյեկտիվ» լուսաբանվի մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի կողմից արված առաջարկությունների կատարման ընթացքը:
Առայժմ շրջանառության մեջ է դրված միայն Դաշնակցության այս նախագիծը: Այլ առաջարկություններ դեռ չկան: Ավելի ճիշտ, կա նաեւ «Ժառանգության» առաջարկը՝ մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ:
Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ. «ԱԺ Կանոնակարգ-օրենքի 22-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է կարծիք տար մեր կողմից ներկայացված այս նախագծին: Անկախ նրանից՝ այդ կարծիքը դրական կլիներ, թե բացասական, կարծիքի առկայության դեպքում նախագիծը պետք է ընդգրկվեր Ազգային ժողովի նիստերի մեծ օրակարգ: Սակայն տեխնիկական պատճառաբանությամբ սա հետաձգվեց: Այդ ընթացքում պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը հանդես եկավ հրատապ առաջարկությամբ՝ առաջարկելով մի մեխանիզմ, ըստ որի՝ ԱԺ նախագահը այս կամ այն հարցի կապակցությամբ նաեւ մշտական հանձնաժողովին ներգրավի: Ըստ էության, այս քայլով չեզոքացնելով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը: Փաստորեն, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ոչ միայն խախտեց օրենքի պահանջը՝ կարծիք չներկայացնելով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին մեր առաջարկին, այլեւ զուգահեռաբար փորձեց իրականացնել իր սեփական ծրագիրը: Իսկ իր ծրագիրը բաց տեքստով ասվել է՝ իրենք դեմ են եւս մեկ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը եւ մտադիր են ժամանակավոր հանձնաժողովի գործառույթները տրամադրել ժամանակավոր հանձնաժողովներից մեկին, ամենայն հավանականությամբ՝ մեր հենց պետաիրավական հարցերի հանձնաժողովին»:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը համաձայն չէր, որ իր իսկ առաջարկած ԱԺ Կանոնակարգ-օրենքի համապատասխան հոդվածի փոփոխությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Պարոն Հարությունյանը «Առավոտին» հայտնեց. «Հարցը դեռեւս քննարկման փուլում է, ԱԺ Կանոնակարգ-օրենքը նման հնարավորություն ընձեռում է, բայց նման քայլ անելու համար Ազգային ժողովը պետք է համապատասխան որոշում կայացնի»:
Մեր դիտարկմանը՝ մի՞թե դա չի հակասի ՀՀ Սահմանադրությանը, պարոն Հարությունյանը ժխտողական պատասխան տվեց. «Իմ խորին համոզմամբ՝ ամենեւին ոչ»:

Հ. Գ. Երեկ օրվա վերջում ՀՅԴ խմբակցությունը որոշում է կայացրել դիմել Ազգային ժողովի նախագահին, որպեսզի վերջինս, հարգելով ԱԺ կանոնակարգի պահանջները, Դաշնակցության վերոհիշյալ նախագիծը արտահերթ կարգով ընդգրկի երկուշաբթի օրը սկսվող ԱԺ քառօրյայի օրակարգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել