Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարի անց

Նոյեմբեր 14,2009 00:00

\"\"Կապանի քաղաքապետն էլ է դեմ ուրանի հանքերի շահագործմանը

Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը իր պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ երեկ ամփոփել է ձեռքբերումներն ու նախանշել առաջիկա ծրագրերը: «Ես ներկայանում եմ բաց ճակատով, որովհետեւ այս մեկ տարվա ընթացքում արել եմ ամեն հնարավորը»,- այսպես սկսեց իր խոսքը քաղաքապետը:
Արթուր Աթայանը նախ նկատեց, որ իր ընտրվելը համընկավ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, բայց անկախ դրանից, հնարավոր է եղել հաջողությունների հասնել: Ըստ Կապանի քաղաքապետի, կարեւորագույն ձեռքբերումն այն է, որ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշով Կապանը հանրապետությունում լավագույնն է. 2008 թվականի համեմատությամբ՝ 230% աճ կա: Շոշափելի են նաեւ կոմունալ ծառայությունում տեղաշարժերը: Օրինակ, աղբահանության դիմաց վճարների հավաքումը 7 միլիոն դրամից հասել է 24 միլիոն դրամի: Սրա կողքին քաղաքաշինության, առողջապահական, նախադպրոցական հաստատությունների ոլորտներում բավականին լուրջ խնդիրներ կան. քաղաքի 70 բազմաբնակարան շենքերի տանիքները պետք է հիմնանորոգվեն, նախադպրոցական հաստատություններից եւ ոչ մեկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, միայն երկուսն են  ջեռուցվում, քաղաքի հիվանդանոցը վերանորոգման կարիք ունի, քաղաքի մարզիկները մարզումների վայրի մեծ դժվարություններ ունեն: Ըստ քաղաքապետի, կարեւորագույն խնդիր է աշխատատեղերի հարցը: Արթուր Աթայանին ընտրվելուց հետո դիմած 42 500 քաղաքացիների մեծ մասը կամ աշխատանք է ուզել, կամ ֆինանսական աջակցություն: Մտահոգիչ է երաժշտական դպրոցների վիճակը. երեխաների հոսքը շատ քիչ է, դպրոցները թերբեռնված են:
Արթուր Աթայանն ասաց, որ որքան էլ ցավոտ լինի, անխուսափելի են գրադարանների կրճատումները, քանի որ այսօր գրադարաններից շատերը անգործության են մատնված: Բայց քաղաքապետը խոստանում է, որ ազատված շենքերը չեն սեփականաշնորհվի՝ կմնան համայնքին:
Անելիքները շատ են, 2010 թվականի բյուջեն՝ սուղ: Հատկապես շատ են անելիքները քաղաքաշինության ոլորտում, ու քաղաքապետը գոնե նախադպրոցական հաստատությունների նորոգմանը աջակցելու համար դիմել է դոնոր կազմակերպությունների: Ձմեռ 2009-2010-ին քաղաքապետարանը պատրաստ է, բայց մեծ է ցանկությունը 2010-ին ձեռք բերել ձնահավաք մեքենա:
Մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք Կապանի բնապահպանական խնդիրներին: Սրանց մասին խոսեց նաեւ Կապանի քաղաքապետը եւ ասաց, որ բնապահպանությունը կարեւորագույն խնդիր է, ինքն էլ կողմ է ուրանի հանքերի շահագործման դեմ բողոքի ակցիաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել