Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտ ապագայում խաղողագործությունը կվերանա»

Նոյեմբեր 17,2009 00:00

Ըստ «Գինեգործների միության» նախագահ Ավագ Հարությունյանի, եվրոպական շուկայում
հայկական խաղողի ոչ մի տեսակ լավագույնը չի համարվում

«Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում թուրքական շուկա ենք մտնելու շատ վատ վիճակում: Մեր գործարարների 95% -ին հետաքրքրում է քանակը, իսկ որակով բացարձակապես հետաքրքրված չեն: Այսօր Հայաստանի գրեթե բոլոր գործարանները արտադրում են «Արենի» գինի՝ անկախ նրանից՝ ունե՞ն այդ հումքը, թե՝ ոչ: Արենի տեսակի խաղողը մշակվում է ընդամենը մոտ 200-250 հա, մեզ խաբում են»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը:  Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի կարծիքով էլ. «Եթե սահմանը բացվի` ոչինչ չի փոխվի: Թուրքիայի տնտեսությունը գինեգործության եւ կոնյակագործության բնագավառում մրցունակ չէ ամբողջ աշխարհի մակարդակով»: Պարոն Հարությունյանի հավաստմամբ, եվրոպական շուկայում հայկական խաղողի ոչ մի տեսակ լավագույնը չի համարվում. «Որպեսզի հայկական խաղողի տեսակներից գոնե մեկը փայլի ու մենք  ապացուցենք, որ ինչ-որ բան ունենք, անհրաժեշտ կլինի 20-30 տարի»: Ա. Հարությունյանի ներկայացմամբ, գինեգործության բնագավառում այնքան էլ լավ իրավիճակ չէ. «Վերջին շրջանում կտրուկ փոխվել է հումքային բազան, որից ստեղծվում է գինին, մենք կորցրել ու կորցնում ենք խաղողի տեսակներ, որոնք Հայաստանի համար բնիկ տեսակներ էին: Գինու արտադրության համար պիտանի 200-400 տեսակներից այսօր պահպանվել են հատուկենտ տեսակներ: Վերացման վտանգի տակ է նաեւ խաղողի ոսկեհատ  տեսակը»:  Ս. Հոբոսյանն էլ կարծիք հայտնեց, որ «Հայաստանը նույնիսկ ցանկության դեպքում չի կարող հասնել իտալական կամ նույնիսկ հարավամերիկյան երկրների գինու որակին, որովհետեւ մենք բավականին հետ ենք տեխնոլոգիաների ու տեխնիկական կարողութունների առումով,  որի պատճառով էլ մեր գինին չունի ցանկալի որակը եւ մերժվում է եվրոպական շուկաներում»:
Պարոն Հարությունյանը նշեց նաեւ, որ վերջին շրջանում խաղողի այգիներում հայտնաբերված «ֆիլոքսեռա» հիվանդությունը զարգացման ինտենսիվ փուլում է. «Դրա պատճառած վնասները վերացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է 600 մլն դրամ եւ 5 տարի ժամանակ: Հայաստանը երբեք չի ունենա 600 մլն դրամ, իսկ այգիների 99%-ը գյուղացիների ձեռքում է, նրանք եւս այգիները վերականգնելու սեփական միջոցներ երբեք չեն ունենա, այսինքն՝ մոտ ապագայում սպասվում է խաղողագործության տոտալ ոչնչացում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել