Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողների աչքը վախեցել է

Նոյեմբեր 17,2009 00:00

Նոյեմբերի 7-ին Արաբկիր համայնքի թիվ 8 մանկապարտեզի մի սան, մի քանի օր տանը ջերմելուց հետո, աղիքային ինֆեկցիայով տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Այս հանգամանքը նշյալ մանկապարտեզի ծնողների շրջանում խուճապ է առաջացրել: Նրանք, աչքի առաջ ունենալով մոտ 2 ամիս առաջ Սիսիան քաղաքի մանկապարտեզներից մեկում շուրջ 20-25 երեխայի թունավորման դեպքը, մեզ հետ զրույցում անհանգստություն էին հայտնում, որ հնարավոր է՝ մնացած երեխաներին էլ է վտանգ սպառնում:
Երեկ տեղեկացանք, որ Արաբկիրի տարածքային հակահամաճարակային բաժինը, տեղեկանալով երեխայի հիվանդության մասին, թիվ 8 մանկապարտեզում մանրակրկիտ ստուգումներ է իրականացրել ու պարզել, որ երեխայի հիվանդությունը մանկապարտեզի հետ ոչ մի առնչություն չունի եւ որ երեխան հոկտեմբերի 29-ից չի հաճախել մանկապարտեզ: «Առավոտի» հետ զրույցում բաժնի ղեկավար Աստղիկ Բալասանյանն ասաց, որ իրենք երեխայի բնակարանում էլ են էպիդհետազոտություն անցկացրել ու պարզել, որ մանուկը այդ օրը բրնձով հավի ապուր է կերել: Բայց քանի որ լաբորատոր հետազոտությունը չի հաստատել, որ ինֆեկցիան երեխային հավից է անցել, ուստի հավի ֆիրմայի անունը չենք հրապարակում, իսկ հակահամաճարակային բաժինն էլ չի կարող տվյալ ընկերությանը որեւէ մեղադրանք ներկայացնել: Չնայած դրան, Ա. Բալասանյանն ասաց, որ, այդուհանդերձ, իրենք գյուղնախարարության պատասխանատուներին տեղյակ են պահել, թե այդ օրը երեխան որ ընկերության թռչնամիսն է կերել:
Ա. Բալասանյանը նաեւ նշեց, որ վերին շնչուղիների վիրուսների հետ կապված իրենց համայնքում իրավիճակը շատ հանգիստ է եւ որ իրենք նկատի ունենալով նաեւ «խոզի գրիպի» հանգամանքը՝ շատ ուշադիր են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել