Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱԿՏ ԵՎ ԷԼԻ ԶՈՀԵՐ

Նոյեմբեր 20,2009 00:00

Հինգշաբթի օրը Պակիստանի Փեշավար քաղաքում, դատարանի շենքի մոտ տեղի ունեցած հերթական ահաբեկչական ակտի արդյունքում զոհվել է 25 եւ վիրավորվել՝ 50 մարդ: Քաղաքային ոստիկանությունը չի բացառում, որ ռումբի պայթյունի հետեւանքով զոհերի եւ վիրավորների թիվը կարող է աճել:
Մահապարտ ահաբեկիչը իր վարած մեքենայում տեղադրված ռումբը պայթեցրել է այն բանից հետո, երբ ոստիկանները մեքենան դատարանի շենքի պահակակետի մոտ կանգնեցրել են: «BBC»-ն տեղեկացնում է, որ պայթյունի արդյունքում լիովին փլվել են դատարանի շենքն ու նրան հարակից շինությունները: Ավելի քան 20 մեքենա այրվել կամ վնասվել է:
Ահաբեկչական ակտի պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանում գործող թալիբան-ծայրահեղականների «Պակիստանի տեխրիկ եւ թալիբան» շարժումը, որի կողմից միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Պեշավարում եւ այլ քաղաքներում իրականացված ահաբեկչական ակտերի զոհ է դարձել շուրջ 400 մարդ: Փորձագետները ենթադրում են, որ գրոհայինների կողմից կազմակերպվող այսօրինակ ակտերը երկրի հյուսիս-արեւմուտքում իրականացվող հակաահաբեկչական լայնամասշտաբ գործողությունների ինքնատիպ պատասխանն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել