Լրահոս
Օրվա լրահոսը

«Ագոյի» խմբի հանդիպումները

Նոյեմբեր 21,2009 00:00

ԱԺ նախագահի հետ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի («Ագոյի» խումբ) անդամներին՝ ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ: ԱԺ նախագահը ներկայացրեց մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները: Մանրակրկիտ քննարկելով վերջին մեկուկես տարվա զարգացումները՝ կողմերը համաձայնեցին, որ այդ բնագավառում լուրջ առաջընթաց է արձանագրվել:
Գլխավոր դատախազի հետ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է «Ագոյի» խմբի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով քննարկվել են 2008-ի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ գրանցված 10 մահվան դեպքերի, ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բռնարարքների բացահայտմանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը մանրամասն ներկայացրել է գրանցված մահվան դեպքերը բացահայտելու ուղղությամբ կատարված աշխատանքները, արդյունքներն ու բացթողումները՝ վստահեցնելով, որ դատախազությունը նախանձախնդիր է դրանց բացահայտման հարցում: «Նախաքննությունը չի կասեցվելու, շարունակվելու են ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական աշխատանքները մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»,- շեշտել է գլխավոր դատախազը՝ տեղեկացնելով, որ հանձնարարություններ են ուղարկվել ոստիկանություն եւ ԱԱԾ՝ ակտիվացնելու օպերատիվ-որոնողական աշխատանքները:
Արդարադատության նախարարի հետ
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ ընդունել է «Ագոյի» խմբին: Պատվիրակության խնդրանքով քննարկման առարկա դարձան հետեւյալ հարցադրումները` ա) դատաիրավական բարեփոխումները, բ) քրեակատարողական համակարգի եւ հատկապես պայմանական վաղակետ ազատման ինստիտուտի վիճակը, գ) կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության հիմնադրույթները եւ գործնական արդյունքները եւ դ) ժողովրդավարական ինստիտուտների ներդրման ուղղությունները:
Պատվիրակության ղեկավար Ստելիան Ստոյանի գնահատմամբ, ՀՀ իշխանությունների կողմից հիրավի տարվում է համարժեք աշխատանք՝ վերը նշված հարցադրումների ուղղությամբ: Խոսվեց նաեւ այն մասին, որ իշխանությունները համարժեք են արձագանքել նաեւ մարտյան իրադարձություններին՝ այն առումով, որ համալիր կերպով վերլուծվել են դրանց պատճառներն ու ձեռնարկվել քայլեր, որոնք կարող են ունենալ կանխարգելիչ նշանակություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել