Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ մարդկանց գրպանին չեն կպչում, օրենքը չեն կատարում

Նոյեմբեր 21,2009 00:00

Վանաձորցի Նունեն այն հազարավոր հետիոտներից է, ով մինչեւ ճանապարհային երթեւեկության կանոնների կիրառման խստացումը՝ փողոցն անցնում էր նկատելի խախտումներով. «Այն ժամանակ օրը մի քանի անգամ փողոցն անցնում էի սխալ մասով, իսկ հիմա ինչ-որ չափով զգոն եմ լինում, որովհետեւ գիտեմ, որ կարող է տուգանեն»,- ասում է նա:
Վանաձորում հետիոտների կողմից խախտումները հիմնականում պայմանավորված են անցուղիների թվի քչության, ինչպես նաեւ անցումների նշագծերը ջնջված լինելու հետ, իսկ ծայրամասային թաղամասերում դրանք մեծամասամբ բացակայում են:
Վերջին 10 ամիսների ընթացքում Վանաձորում գրանցված 33 ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զոհվել է 4 մարդ:
Ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի տվյալների՝ Վանաձոր քաղաքում 2009թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տուգանվել են 2500 վարորդ եւ 15 հետիոտն:
Ստացվում է, որ ավելի շատ վարորդներն են պատասխանատվության ենթարկվում, քան հետիոտները: Մինչդեռ կանոնները հավասարաչափ խախտում են ինչպես վարորդները, այնպես էլ հետիոտները:
«Առաջ էլ վարորդը կանգնում, զիջում էր: Մարդուց ա գալիս. ով զիջում էր, հիմա էլ ա զիջում, ով չէ՝ չէ: Ով ունեւոր ա, ոնց ասես քշում ա, ով չունի, չի խախտում, որ չտուգանեն»,- ասում է 29 տարվա վարորդական փորձ ունեցող մի վանաձորցի:
Չնայած հանրապետությունում վերջին ամիսներին սկսված ճանապարհային երթեւեկության կանոնների կիրառման նկատմամբ խիստ վերահսկողությանը՝ Վանաձորում գրեթե ոչինչ չի փոխվել ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների շրջանում:
Վանաձորցի հետիոտներից մեկն էլ նկատում է. «Այն ժամանակ ընդհանրապես չէի հետեւում կանոններին, որտեղով պատահի՝ անցնում էի, իսկ այժմ խախտում եմ, քանի որ մոտիկ անցում չկա: Ծայրամասային թաղամասերում էլ անցուղիները մեծ հեռավորության վրա են գտնվում, պետք է շատ փնտրես, որ գտնես»:
42-ամյա վարորդ Վ. Ալեքյանն ամրագոտի է սկսել կապել, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրապարակային կոչ արեց հետեւելու գոտիներն ամրացնելուն եւ, ընդհանրապես, հետեւել երթեւեկության կանոններին: «50 կմ/ժ արագությունը քիչ է քաղաքի ներսում ամրագոտի կապելու համար, թեեւ արդեն հետեւում եմ կանոններին»,- ասում է վարորդը: Ըստ նրա՝ հետիոտնի համար սահմանված տուգանքի չափը մեծ չէ. «Եթե խախտում են, ապա թող վճարեն, հակառակ դեպքում թող չխախտեն»:
Սակայն հետիոտները գտնում են, որ առաջին հերթին պետք է տուգանվեն կարգազանց վարորդները՝ ավելի քիչ կանոններին հետեւելու պատճառով:
«Հետիոտնի համար սահմանված տուգանման գինը մեր քաղաքի համար բարձր է: Չնայած դրան՝ բացի փողից, մեր երկրում այլ միջոց չէր էլ կարող հետ պահել այս խախտումներից: Մինչեւ մարդկանց գրպանին չեն կպչում, օրենքը չեն կատարում: Միայն զգուշացվելով՝ մարդիկ օրենքը չէին պահի»,-շարունակում է Նունեն:
Այնուամենայնիվ, օրենքի ընդունումից հետո Վանաձորի կենտրոնական փողոցներում, որտեղ հսկողություն է իրականացվում, երթեւեկությունը ինչ-որ չափով կարգավորված է, ինչը չենք կարող ասել ծայրամասային թաղամասերի համար, որտեղ դեռ ակնհայտ են նկատելի թերացումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել