Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերը» ավարտվեց

Նոյեմբեր 21,2009 00:00

Դեկտեմբերի 15-ին, Արման Մանարյանի ծննդյան օրը նախատեսվում է 1 ժամ 20 րոպե տեւողությամբ, առաջին լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմի՝ «Սասնա ծռերի» շնորհանդեսը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեցին ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանը եւ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Նշենք, որ մուլտֆիլմի սցենարային աշխատանքները սկսվել էին դեռեւս 1995-96 թվականներին, իսկ 2002 թվականից նկարահանման աշխատանքները ձգձգվել էին մինչ այսօր, քանի որ ոչ մեկը ցանկություն չէր հայտնել ձեռք մեկնել ֆիլմն ավարտելու համար:
Ազգային կինոկենտրոնը 7 տարվա ընթացքում ամեն տարի տրամադրել է մոտ 200-250 մլն դրամ: Ֆիլմը ավարտին հասցնելու համար աջակցել է «Գրանդ Քենդի» ընկերությունը եւ Վարդանյան ընտանիքը: Մուլտֆիլմի ռեժիսոր Արման Մանարյանի խոսքով. «Մուլտֆիլմը 100 տոկոսով էպոսին հարազատ գործ է, շեղումներ չկան: Նման ֆիլմ անելու համար մեր փորձը գրեթե բացակայում էր: Մուլտֆիլմը բարդ է ե՛ւ պերսոնաժների, ե՛ւ նկարչական առումով, բայց աշխատում էին լավագույն մասնագետները՝ նկարիչներ Վարդան Զաքարյան, Ռուբեն Գրիգորյան եւ այլք»: Մուլտֆիլմում Սասունցի Դավթի «բերանով» խոսում է Խորեն Աբրահամյանը: Ռեժիսորը հայտնեց. «Ինձ մոտ ի սկզբանե վախի զգացում կար՝ բա որ հանկարծ Խորենը չլինի, ի՞նչ ենք անելու: Դրա համար էլ ձայնագրությունը կանխավ արեցինք: Նրանք, ովքեր ծանոթ են Խորեն Աբրահամյանի ձայնի տեմբրին, իսկույն կճանաչեն»: «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կընկալի «Սասնա ծռերը» հայ երեխան՝ արտասահմանյան եւ «Կարգին մուլտերից» հետո, ռեժիսորը պատասխանեց. «Ինձ առանձնապես այդ մուլտֆիլմերը չեն գրավում, ես իմ ամբողջ մտածողությամբ եւ ստեղծագործական հնարավորություններով նվիրվել եմ մեր ազգայինը ներկայացնելուն»:
ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանն էլ ընդգծեց. «Մենք ունենք գաղափարական, ազգային, մշակութային մեծ կորուստ, ուստի հույս ունենք, որ այս մուլտֆիլմի ազդեցությունը անհամեմատ ավելի մեծ կլինի երեխաների վրա: Այսօր մեր երկրում ազգասիրության մեծ խնդիր կա: Այս ֆիլմը մանուկների համար հայրենասիրության դաս կարող է հանդիսանալ, այնքան ենք ցուցադրելու, որ գոնե մի քանի Սասունցի Դավիթներ ծնվեն»: «Սասնա ծռերն» առայժմ ավարտվում է Սասունցի Դավթի հատվածով, նպատակ կա նաեւ Փոքր Մհերին վերաբերող ֆիլմ նկարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել