Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են հոգեկան առողջությանը

Նոյեմբեր 21,2009 00:00

\"\"Հոգեկան առողջության առկա հիմնախնդիրները, ոլորտում կատարված ուսումնասիրության վերլուծությունները, հոգեկան առողջությանն առնչվող իրավական դաշտում առկա բացթողումներն ու առաջարկները ներկայացնելու նպատակն էր հետապնդում երեկ «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում կազմակերպված քննարկումը: 2009 թվականի մարտ ամսից՝ ԵՄ-ի ու «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների եւ պատանիների իրավունքների խթանում» նախագծի արդյունքները ներկայացրեց ծրագրի ղեկավար Նունե Բալյանը: Վերջինիս խոսքերով՝ ծրագիրը նպատակ ունի խթանել երեխաների եւ պատանիների իրավունքները Հայաստանում՝ աջակցելով Երեւանի եւ Վանաձորի հատուկ դպրոցների պատանիների սոցիալական ինտեգրմանը: Նաեւ շեշտեց, որ իրենց ռազմավարական քայլերից են դպրոցներում հոգեբանական սենյակների ստեղծումը, որոշվել է, որ ծրագրի փորձագետները աշխատեն դպրոցի հոգեբանի հետ:
ՀԱ ծրագրի փորձագետ, իրավաբան Թագուհի Հովսեփյանը, ներկայացնելով հոգեկան առողջությանը վերաբերող իրավական դաշտում առկա բացթողումները, նշեց, որ Հայաստանում շատ դեպքերում երեխայի իրավունքները ոտնահարվում են:
«Հայաստանում կան լավ օրենքներ, որտեղ շատ իրավունքներ ամրագրված են, բայց թե ինչքանով է հոգեկան խնդիր ունեցող ընտանիքի անդամը տեղյակ այդ իրավունքներին կամ՝ եթե տեղյակ է, հնարավորություն ունի՞ օգտվել այդ իրավունքից: Հանդիպումների ընթացքում իրավունքների իրացման անհնարինությունը պայմանավորված է նաեւ պետության ներկա սոցիալական ծանր վիճակով: Երեխաների իրավունքների իրականացմանը ուղղված՝ բյուջեով նախատեսված պետական միջոցները շատ սահմանափակ են եւ հնարավորություն չեն տալիս օրենքով նախատեսված իրավունքներից օգտվելու: Օրենքում նշվում է, որ մինչեւ 18 տարեկան անձը երեխա է համարվում եւ անվճար բուժօգնության իրավունք ունի: Սակայն այսօր մեր պետությունը հնարավորություն է տալիս մինչեւ 7-8 տարեկաններին ապահովել անվճար բուժօգնությամբ»,- նշեց Թ. Հովսեփյանը: Անդրադառնալով օրենսդրական դաշտի մյուս բացերին, փորձագետը հավելեց նաեւ, որ օրենսդրական մի շարք դրույթներ վերցված են եվրոպական խարտիայից, չեն համապատասխանում հայ իրականությանը, եւ որ օրենսդրության մեջ դրույթներ կան միայն հոգեկան խանգարում ունեցողների համար, իսկ մինչեւ որեւէ խանգարում ստանալը դաշտը կրկին բաց է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել