Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆՉԱԿՅԱՆԸ՝ ԲՈՒՐԿԻՆԱՖԱՍՈՅԻՑ

Նոյեմբեր 24,2009 00:00

\"\"Հարցազրույց Համահնչակյան ԿՎ անդամ, միջկուսակցական հարաբերությունների պատասխանատու Գուրգեն Եղիազարյանի հետ:

– «Ժառանգությունից» հեռացված Վարդան Խաչատրյանի մուտքը ՍԴՀԿ շռնդալից եւ զավեշտալի եղավ: Զավեշտը շարունակվում է մինչ օրս. խնդրում եմ պարզ ու հասկանալի հիմնավորում տվեք՝ Վարդան Խաչատրյանը հնչակյա՞ն է, թե՞ ոչ:
– Ես էլ ձեզ պետք է հարցնեմ՝ որտեղի՞ հնչակյան կուսակցության անդամ է: Միգուցե՝ Բուրկինաֆասոյի՞: ՍԴՀԿ հայաստանյան կառույցը համահնչակյան ընտանիքի անդամ է: Իմ կարծիքով՝ այդ ընտանիքից երբեք դուրս չի գալու: Այստեղ կա մի աղվես, որի ջանքերը…
– «Աղվեսը» հայաստանյան կառույցո՞ւմ է, ո՞վ է:
– Այդ մասին հետո կզրուցենք: Այդ խառնակիչ աղվեսի ջանքերով իշխանությունները լուծում են իրենց խնդիրը՝ ՍԴՀԿ հայաստանյան կառույցն ամեն կերպ դուրս դնել համահնչակյան ընտանիքից:
– Եվ ո՞րն է նպատակը:
– Իշխանություններն արդեն կապում են իրենց ճամպրուկները, քանզի չի կարելի ուրանալ 2 միլիոն զոհերի ոսկորները եւ մնալ իշխանության, դրա համար նրանք անպայման կպատժվեն: Արդեն գաղտնիք չէ, որ արձանագրությունների ստորագրումից առաջ ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ են պայմանավորվածություններ ձեռք բերվել, եւ, փաստորեն, ազատագրված շրջաններ են հանձնվելու: Այս երկու բարդագույն հարցերին գումարվում է սոցիալական ծանրագույն վիճակը. լայն սպառման ապրանքները թանկացել են մինչեւ 200 տոկոսով: Խոհեմները հասկանում են, որ Հայաստանում ամեն ինչ արդեն վերջացած է: Իշխանություններն իրենց անճարակությամբ, իրենց իսկ ձեռքերով մի քանի թակարդներ լարեցին իրենց դեմ: Այս իրավիճակում իշխանությունը նպատակ ունի ամեն կերպ թուլացնել ընդդիմությանը:
– ՍԴՀԿ-ին հնչակյան ընտանիքից դուրս բերելո՞վ:
– Ընդդիմությանը թուլացնելու մեկ ճանապարհ կա. ՀԱԿ-ի ներսում «հարցերը լուծել»: Ամենատարբեր մոտիվացիաներով ՀԱԿ-ից դուրս դնել նրան անդամակցող գոնե մեկ-երկու-երեք կառույց՝ այդպիսով ժողովրդի մոտ տպավորություն ստեղծել, թե ՀԱԿ-ը փլուզվեց: Դրա ամենակարճ ճանապարհներից մեկն էլ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը ՀԱԿ-ից դուրս բերելն է: Ուստի, մեր աղվեսը այդ մութ խնդիրը լուծելու համար խաղադաշտ մտցրեց մի մարդու, որը պատգամավոր է: Բայց նրանք լավ չհաշվարկեցին, թե ինչ է լինելու:
– Ինչպե՞ս կարողացավ մի «աղվեսը» մատների վրա խաղացնել կուսակցության ղեկավար կազմին, այդ թվում նաեւ ձեզ, եւ անդամագրել Վարդան Խաչատրյանին ՍԴՀԿ-ին, իսկ դուք թացը չորից տարբերելու փորձառություն պետք է որ ունենայիք:
– Երբ ինձ հարցրեցին, թե ի՞նչ եմ մտածում Վարդան Խաչատրյանի՝ ՍԴՀԿ-ին անդամագրվելու մասին, անկեղծ ասած, ինձ համար միեւնույն էր՝ կանդամագրվի նա կուսակցությանը, թե ոչ, այդ իսկ պատճառով էլ խորամուխ չեղա կուսակցական կանոնակարգի մեջ: Որոգայթ լարողները շատ հետաքրքիր ճանապարհ էին ընտրել. եթե ՍԴՀԿ հայաստանյան կառույցն իր նիստով Վարդան Խաչատրյանին չէր հեռացնում կուսակցությունից, ապա իշխանությունը հնարավորություն էր ստանում կասեցնել կուսակցության գործունեությունը՝ հիմնվելով մեր ծրագիր-կանոնակարգի եւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում ամրագրված կուսակցությունների պարտավորությունների մասին դրույթի վրա: Ըստ վերջինիս, եթե մարդն ընդունվում է կուսակցություն՝ կանոնակարգի խախտումով՝ կարող են կասեցնել կուսակցության գործունեությունը, քանի որ խախտվել է օրենքը:
– Այդ ամբողջ պատմություններից հետո օրերս ԱԺ ամբիոնից Վարդան Խաչատրյանը հայտարարեց, որ ԱԺ-ում ինքն այլեւս իրագործելու է ՍԴՀԿ գաղափարները, բայց միաժամանակ շարունակում է մնալ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ:
– ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ Վարդան Խաչատրյանը մինչ ՍԴՀԿ-ին անդամակցելը պետք է իր դիմումի համաձայն դուրս գար խմբակցությունից: Ինչպե՞ս եք պատկերացնում մարդու, որին հեռացրել են կուսակցությունից՝ կառչած է մնում խմբակցությունից, որի անդամ են մարդիկ, որոնք հեռացրել են իրեն: Նույնիսկ տհաճ է, չէ՞, նրանց երեսը տեսնել, մանավանդ, որ ըստ Վարդանի հիմնավորումների՝ իրեն անհիմն են հեռացրել: Բայց ոչ, նա մնում է կառչած: Արդեն հասցրել է ընդունվել եւ հեռացվել հնչակյան կուսակցություն ու հեռացված պայմաններում հայտարարում է, որ հնչակյան գաղափարներին է հետամուտ լինելու: Լինելով լիբերալ խմբակցության անդամ՝ սոցիալիստների շահե՞րը պիտի պաշտպանի: Էդ տղային բացատրեք, որ քաղաքական դաշտում իրեն վատ վիճակի մեջ է դրել: Եթե նա մազոխիստ է եւ հաճույք է ստանում՝ այլ հարց է: Բայց եթե լուրջ մարդ է՝ թող մի հայտարարություն անի՝ իր երեսը պարզի: Նույնիսկ ԲՀԿ-ական նախկին հնչակ Էռնեստ Սողոմոնյանը չդիմացավ ու տեղից հակադարձեց, որ ամեն դուրսպրծուկ ԱԺ-ում պիտի ելույթ չունենա: Վարդան Խաչատրյանի նպատակն է ամեն կերպ թուլացնել եւ խայտառակել հնչակյան գաղափարախոսությունը: Բայց ես ինձ վատ չեմ զգում, քանի որ նա հնչակյան չէ: Նա հնչակյան կարող է լինել մի դեպքում՝ եթե ՍԴՀԿ հայաստանյան կառույցի վարչությունը նրան նորից հետ ընդունի: Բայց նման բան լինել չի կարող:
– Այսինքն՝ սա իշխանակա՞ն պրոյեկտ է, եւ հնչակյան «աղվեսն» ու Վարդան Խաչատրյանը ծառայում են իշխանությունների՞ն:
– Այո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել