Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի երթ

Նոյեմբեր 24,2009 00:00

Ի պաշտպանություն հայկական մշակույթի կոթողների

Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից տեղեկացրին, որ այսօր, ժամը 14-ին, Հանրապետության հրապարակից դեպի ՄԱԿ-ի գրասենյակ եւ Վրաստանի դեսպանատուն տեղի է ունենալու բողոքի երթ՝ հանդեպ վրաց իշխանությունները եւ վրաց եկեղեցին, պահանջով՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու վիրահայոց թեմին տալ իրավաբանական կարգավիճակ, վերադարձնել հայ եկեղեցիները, հարգել ու պահպանել հայ ժողովրդի մշակութային արժեքները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Թբիլիսիում հիմնովին փլուզվեց 13-րդ դարի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ գմբեթավոր եկեղեցին: Այն հինգ եկեղեցիներից մեկն է, որը վիրահայոց թեմին վերադարձնելու նպատակով Սուրբ Էջմիածնի եւ թեմի կողմից բազմաթիվ դիմումներ են հղվել Վրաստանի ղեկավարությանը, պատրիարքարանին, միջազգային կազմակերպություններին: Խնդիրը բազմիցս բարձրացվել է նաեւ մամուլի միջոցով: Բոլոր դիմումները Վրաստանի իշխանությունների կողմից մնացել են անպատասխան: Մուղնեցոց Սուրբ Գեւորգը Թբիլիսիի Նորաշեն, Շամխորեցոց Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Երեւանցոց Սուրբ Մինաս եւ Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցիների հետ վրաց պատրիարքարանի կողմից արհեստականորեն հռչակվել է վիճելի, որով էլ արդարացվում է եկեղեցիների չվերադարձվելը: Հարկ է նշել, որ սա 2-րդ փլուզված եկեղեցին է, առաջինը Շամխորեցոց Սուրբ Աստվածածինն է, որը փլուզվեց 1989-ին:
«Կարծում ենք,- գրված է մամլո դիվանի հաղորդագրության մեջ,- այս ամենի պատասխանատվությունը պետք է կրի Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը, որի հաշվեկշռում է գտնվում եկեղեցին: Այն տպավորությունն է, թե վրաց պատրիարքարանը եւ իշխանությունները, չլուծելով եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը եւ պատշաճ ուշադրություն չդարձնելով նշված եկեղեցիների պահպանությանը, միտումնավոր ոչնչացնում են հայ մշակույթի կարեւոր հուշարձանները»:
Երեկ հաղորդագրություն է տարածել նաեւ «Երկիր» միությունը՝ Սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզման փաստը որպես վրացական իշխանությունների հանցավոր անգործության օրինաչափ արդյունք եւ երկրի հայ փոքրամասնության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության հերթական դրսեւորում գնահատելով: «Երկիրը» նշել է, որ միանում է Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգեւոր խորհրդի կոչին՝ ուղղված Վրաստանի իշխանություններին եւ վրաց ուղղափառ եկեղեցուն եւ պահանջում է վիրահայության ազգային-եկեղեցական կյանքի բնականոն կազմակերպման եւ հայկական սրբավայրերի ապահով պահպանության համար անհապաղ քայլեր ձեռնարկել, Վրաստանի հայոց թեմին իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրել եւ վիրահայոց թեմին վերադարձնել Վրաստանի հայկական եկեղեցիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել