Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ՝ ԱՐԾԱԹԵ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 25,2009 00:00

\"\"Կորեայի Գոյանգ քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի տղամարդկանց եւ
կանանց առաջնությունում ՀՀ երկրորդ ներկայացուցիչը՝ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը,
առաջին անգամ հանդես գալով ավելի բարձր՝ մինչեւ 77 կգ քաշային կարգում, երկամարտի
370 կիլոգրամ արդյունքով բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին:

Մինչ այդ, գյումրեցի մարզիկը մեկ «փոքր» արծաթ էլ նվաճել էր «պոկում» վարժությունում: Եվրոպայի չեմպիոնն ու Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը նախնական պատվերով պայքարի մեջ ներգրավվելու էր 160 կիլոգրամից: Սակայն ընթացքում նա եւ հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը մի քանի անգամ փոխեցին մեկնարկային քաշը, եւ Տիգրանն սկսեց 165 կգ-ից: Մոտեցումը հաջող էր: Այդ քաշը երկրորդ անգամ ենթարկվեց միայն ապագա չեմպիոն, չինացի Կսյայուն Լյուին: Երկու ծանրորդն էլ պայքարը շարունակեցին 170 կգ-ում: Եվ եթե այդ քաշը չենթարկվեց հայաստանցուն, մրցակիցը բավականին թեթեւությամբ բարձրացրեց այն: Տիգրանը, որ պայքարում էր մեդալների համար, արդեն հարկադրված էր ծանրաձողի քաշը նույնը թողնել եւ երրորդ մոտեցումով սանձել այն: Դա բավական էր «պոկում» վարժությունում «փոքր» արծաթին տիրելուն: Իսկ Լյուն հաջողությամբ հաղթահարեց նաեւ 174 կգ-ն, որը նաեւ աշխարհի նոր ռեկորդ էր:
Առավել դաժան պայքար ծավալվեց «հրումում»: Այստեղ Տիգրանի եւ երկու չինացիների պայքարին խառնվեց նաեւ կորեացի Սյու Հուկ Սան ու պատկերացրեք, որ նա 205 կգ-ով նվաճեց «փոքր» ոսկին: Բայց դա նրան բավարարեց երկամարտի 365 կիլոգրամով հավասարվել երրորդ տեղը գրաված Դաջին Սյուին (Չինաստան) եւ անձնական քաշով ավելի լինելու պատճառով բրոնզե մեդալը զիջել վերջինիս:
Տիգրան Մարտիրոսյանը առաջին մոտեցմամբ չբարձրացրեց իր պատվիրած 200 կիլոգրամը, բայց սխալն ուղղեց երկրորդ փորձով: Հավանաբար, հոգեբանական լարվածության պատճառով նրա կամքին չենթարկվեց նաեւ 205 կգ-ն, ինչը նրան բերեց աշխարհի առաջնության արծաթե մեդալ:
Կորեայի մրցահարթակը Հայաստանի համար առայժմ արծաթաբեր է: Բայց նախորդ օրը Առաքել Միրզոյանի եւ երեկ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանի նվաճած այդ մեդալները մեզ համար ոսկու արժեք ունեն: Մեր երկու ծանրորդներն էլ նոր, ավելի բարձր քաշային կարգում առաջին անգամ էին խոշոր մրցման մասնակցում, այն էլ՝ աշխարհի առաջնության պես մրցումում: Ու երկուսն էլ լիովին արդարացրին սպասելիքները: Ավելին, նրանք արժանի պայքար մղեցին մարզաձեւում աշխարհի անվիճելի առաջատար Չինաստանի դպրոցի ներկայացուցիչների հետ, երկիր, որտեղ միայն ծանրամարտով զբաղվողների քանակը երկու-երկուսուկես անգամ գերազանցում է ամբողջ Հայաստանի ազգաբնակչության թվաքանակը:
Այսօրվանից պայքարն են սկսում նաեւ մեր աղջիկները: Նրանցից առաջինը մրցահարթակ է մտնելու Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել