Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի մասսայականացումը՝ դպրոցից

Նոյեմբեր 25,2009 00:00 Share

Չորրորդ տարին անընդմեջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիան եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը համատեղ անցկացնում են Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադան, որի երկրորդ փուլն այսօր մեկնարկեց Շախմատի ակադեմիայում: Մրցույթին մասնակցում էին Երեւանի Շենգավիթ համայնքի դպրոցների հաղթող թիմերը: Օլիմպիադան անցկացվում է չորս փուլով` ներդպրոցական, համայնքային, մարզային մրցումներ եւ եզրափակիչ փուլ, որը կայանալու է հաջորդ տարվա մայիսին: Օլիմպիադային մասնակցում են դպրոցականներ՝ Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից: Հանրապետական օլիմպիադան խթանում է մարզաձեւի զարգացումը դպրոցականների շրջանում, նպաստում շախմատի մասսայականացմանը, ինչպես նաեւ բարձրացնում շախմատի դերը ներդպրոցական կյանքում եւ ի հայտ բերում լավագույն շախմատիստերին ու առավել ակտիվ դպրոցներին: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Ս. Լպուտյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց. «Այս մրցաշարի միջոցով մենք փորձում ենք շախմատն ավելի մոտեցնել դպրոցին, ավելի ամրապնդել մարզաձեւի դերն ու նշանակությունը հասարակության մեջ: Ես ե՛ւ որպես շախմատիստ, ե՛ւ որպես ֆեդերացիայի ներկայացուցիչ, ուրախ եմ, որ ֆեդերացիան, կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ, ամեն ինչ անում է բարելավելու շախմատի դիրքերը, որ մենք ունենք այսօր աշխարհում, եւ այս մրցաշարն էլ այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն է»: Եզրափակիչ փուլի հաղթողները ՀԲԸՄ կողմից կարժանանան համակարգիչների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել