Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ՄՈՏ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈԳԵԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

Նոյեմբեր 25,2009 00:00

Նյարդահոգեկան լարվածություն, անհանգստություն, տագնապ.այս ամենը բնորոշ է կալանավորված անձանց

Ազատազրկման դատապարտված անձանց մասին խոսելիս անհրաժեշտ է նրանց բաժանել հիմնականում երկու խմբի. կալանավորված անձինք եւ դատապարտյալներ: Յուրաքանչյուր կալանավորված անձ, որի նկատմամբ դեռ չի կայացվել դատավճիռ եւ այն չի մտել օրինական ուժի մեջ, որպես կանոն, սպասում է ազատման, արդարացման դատավճռի՝ անկախ այն բանից, նա իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է կատարվածի մեջ, թե՞ ոչ: Այս ժամանակահատվածը կարելի է պայմանականորեն անվանել փոփոխությունների եւ սպասումների փուլ: Անորոշությունն ու սպասումները հաճախ կալանավորված անձանց մոտ կարող են առաջացնել նյարդահոգեկան լարվածություն, անհանգստություն, տագնապ, որոնք կարող են ուղղորդվել նաեւ ագրեսիվ դրսեւորումներով:
Ազատազրկման դատապարտված անձանց մասին խոսելիս՝ պատկերացնում ենք փոփոխությունների ենթարկվող իրավիճակում գտնվող մարդու: Այս իրավիճակը կարող է նպաստել տագնապների, ագրեսիվության, սուր ապրումների, մի շարք այլ բացասական հոգեվիճակների եւ առանձնահատկությունների դրսեւորման աստիճանի նվազեցմանը:
Հաստատված է, որ մարդկանց կենցաղի, կյանքի պայմանների փոփոխման հետ կապված՝ փոփոխվում է նաեւ նրանց հոգեկան պատկերը: Այսպիսի փոփոխություններ են կատարվում նաեւ այն անձանց հետ, ովքեր դատապարտվել են ազատազրկման եւ ուղարկվել քրեակատարողական հիմնարկներ: Ազատազրկման վայրում գտնվող անձն այնտեղ հայտնաբերում է, որ կենցաղային պայմանները բովանդակային առումով խիստ տարբերվում են ազատության մեջ առկա պայմաններից: Այս սոցիալական միջավայրն ունի յուրահատուկ գործոններ, որոնք ազդում են դատապարտյալների անձի ու վարքի վրա: Որպես կանոն, հիմնականում առանձնացվում են հետեւյալ գործոնները, որոնք առավել բացասաբար են անդրադառնում անձի հոգեկանի վրա՝ հասարակությունից հարկադիր կերպով մեկուսացում, առօրյայի, կենցաղի խիստ կանոնակարգվածություն, հարկադրաբար միասեռ խմբում կենսագործունեություն, շփման ընտրողականության գրեթե բացակայություն եւ «անձնական տարածքի» պահպանման սակավ հնարավորություն:
Բնականաբար, առաջանում է պահանջ, կարիք՝ հարմարվել նման միջավայրում, որն անդրադառնում է դատապարտյալի անձի հետաճի եւ որակական փոփոխությունների վրա: Ազատազրկման դատապարտված անձի համար ստեղծվում է կյանքի նոր ոճ, որը, ազդելով նրա հոգեկանի վրա, պայմանավորում է վերջինի վարքի ձեւերն ու բնույթը…
Քանի որ պատժի առանցքային խնդիրներից մեկը հանդիսանում է դատապարտյալների ուղղումն ու վերադաստիարակումը՝ խնդրի արդյունավետ լուծումը հնարավոր է միայն հիմնարկի ողջ անձնակազմի կողմից անձի անհատական-հոգեբանական առանձնահատկությունների իմացության եւ համակողմանի միջամտություններ կիրառելու պայմաններում:
Դատապարտյալի անձի ուսումնասիրության համար օգնության կարող են գալ հատուկ հոգեբանական մեթոդիկաները: Հատկապես նրանք, որոնք կարող են տալ անձի համեմատաբար ամբողջական բնութագիրը: Բանն այն է, որ մեր քրեակատարողական հիմնարկներում ընդամենը մեկ հոգեբան է աշխատում, հետեւաբար, անգամ շատ մեծ ցանկության դեպքում՝ նա չի կարող արդյունավետ աշխատել հանցագործի հետ, վերլուծել նրան, բացահայտել նրա մարդկային որակները, վարքի «շեղումները» եւ ուղղել դրանք:
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Արշակ Գասպարյանի ձեւակերպմամբ. «Համաշխարհային փորձից հայտնի է, որ մեկ հոգեբան մասնագետը, որպես կանոն, աշխատում է առավելագույնը 50 հոգուց բաղկացած դատապարտյալների խմբի հետ: Նման չափանիշը ենթադրում է առավել արդյունավետ կերպով անհատական մոտեցման դրսեւորում, ինչը բարձրացնում է հոգեբանական անհատական եւ խմբային աշխատանքների արդյունավետությունը: Մյուս կողմից էլ՝ հոգեբանի աշխատանքը տեւական ժամանակահատվածում կարող է չերեւալ. այն տարբերվում է, օրինակ, վիրաբույժի աշխատանքից՝ արդյունքը միանգամից չի երեւում: Հանցագործին ուղղել՝ նշանակում է ձեւափոխել նրա այն հոգեկան որակները, որոնք պայմանավորել են նրա հանցագործ վարքը: Ուղղման եւ վերադաստիարակման էությունն այն է, որ նպատակային աշխատանքների գործընթացում փոփոխվեն այն անձնային որակները, որոնք նպաստել են հանցագործության կատարմանը»:
Ա. Գասպարյանը, պատասխանելով մեր հարցերին, վստահեցրեց, որ կրկնահանցագործությունների դեպքերի հետ կապված միանշանակ ոչ ոք չի կարող պնդել՝ դա հոգեբանի՞, քրեակատարողական հիմնարկի պետի՞, սոցիալական աշխատողի՞, թե՝ այլ աշխատակցի մեղքն է: Ըստ նրա, այս խնդրում կա նրանց բոլորի եւ՝ հասարակության դերակատարումը. «Դատապարտյալի ուղղման գործընթացը բարդ եւ երկարատեւ գործընթաց է, որտեղ, ըստ մի շարք գիտական աղբյուրների, իրենց անմիջական ու միջնորդավորված դերակատարումն ունեն քրեակատարողական հիմնարկի բոլոր աշխատակիցները, իսկ հասարակությունում լիարժեք ինտեգրվելու գործում՝ հասարակության բոլոր անդամները: Այսօր մարդիկ դատապարտվածի համար ասում են՝ 4 անգամ դատապարտվել է, ես նրան աշխատանքի չեմ ընդունում, նրան չեն վստահում որեւէ նյութական արժեք՝ դա կլինի գրիչ, թե թանկարժեք իր: Մենք որոշակի վերապահումներով ենք վերաբերվում նախկին դատապարտվածներին: Միգուցե դա հետսովետական հասարակության ժառանգություններից մեկն է: Մեր հասարակությունն էլ նախկինի քողի տակ դեռեւս շատ է սիրում պիտակներ: Դրա համար էլ նախկինում դատապարտվածները հաճախ չեն կարողանում իրենց տեղը գտնել հասարակությունում եւ ձգտում են դեպի այն հասարակությունը, որտեղ իրենք առավել ընդունված են եւ քիչ քննադատված»:
Ըստ հոգեբանի, ազատազրկման դատապարտվածների համար կարեւորագույն ժամանակահատվածներից մեկը ազատման նախապատրաստման փուլն է: Այս փուլում, որպես կանոն, ակտիվացվում են անձի դրական որակները, այն ռեսուրսները, որոնք կարող են նպաստել հասարակության մեջ որպես լիիրավ անդամ գործելուն:
Ա. Գասպարյանը հավելեց. «Գիտական մի շարք աղբյուրների հավաստմամբ, քրեական պատժից ազատվելուց 2-3 ամիս առաջ սկսվում է հոգեբանական անմիջական նախապատրաստումը ազատության մեջ գտնվելու պայմաններին: Ազատմանը հոգեբանական նախապատրաստությունը անհրաժեշտ պայման է հանդիսանում դատապարտյալների ինքնագնահատականի, արժեքային համակարգի եւ հավակնությունների մակարդակի փոփոխությունների համար: Դատապարտյալների այսպիսի նախապատրաստումը կայանում է նրանում, որ տարվում է նպատակային աշխատանք՝ ուղղված հոգեկանի ակտիվացմանը, սոցիալապես ընդունելի սովորույթների, վերաբերմունքների ձեւավորմանը: Քրեակատարողական հիմնարկից ազատված դատապարտյալի ադապտացիան ավարտվում է 1-3 տարվա ընթացքում: Հարմարման ամենաբարդ ժամանակահատվածն էլ համարվում է առաջին 3-6 ամիսը»:
Հասարակության մեջ մի շատ տարածված կարծիք կա, որ բանտում կամ գաղութում գրեթե բոլորը սեռական շեղումներ են ունենում: Նույնիսկ նորմալ սեռական կողմնորոշում ունեցող մարդը բանտից դուրս է գալիս որոշ սեռական շեղումներով: Հոգեբանի կարծիքով. «Ազատազրկման վայրերը մեր այսօրվա հասարակությունից շատ բանով կարող են չտարբերվել: Անզեն աչքով էլ կարելի է տեսնել, որ մեր հասարակությունում համասեռամոլների վարքը բավականին ակնհայտ է դարձել, միգուցե նրանց քանակը նաեւ բավականին աճել է, նույնիսկ լեսբուհիների ու համասեռամոլ տղամարդկանց ակումբներ ու այգիներ կան: Քրեակատարողական հիմնարկներում անձը գտնվում է միասեռ մարդկանց խմբում եւ սեռական պահանջմունքի բավարարվածության համար հնարավոր է լինեն նման շեղվածության դեպքեր, բայց միանշանակ պնդել, որ բանտից մարդիկ դուրս են գալիս համասեռամոլ դարձած, կարծում եմ՝ ճիշտ դիրքորոշում կամ տեղեկություն չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30