Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԸ ՄԱՔՐՈՒՄ Է

Նոյեմբեր 25,2009 00:00

«Հոգեւոր երգը մարդուն մաքրում է, այն լսելով՝ շփվում ես ավելի բարձր մատերիայի հետ: Այս երաժշտությունը մարդուն ուղղորդում է դեպի հավերժություն ու առ Աստված»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է հոգեւոր երաժշտության նոր ձայնասկավառակի հեղինակ, առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու խմբավար, երգչուհի (մեցցո-սոպրանո) Լիլիթ Գրիգորյանը:
Հոգեւոր երաժշտություն նախընտրողները CD-ի միջոցով այսուհետեւ հնարավորություն ունեն վայելելու Գր. Նարեկացու, Ն. Շնորհալու, Մ. Եկմալյանի, Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի ու այլ հայտնի ու անհայտ հեղինակների ստեղծագործությունները՝ Լիլիթ Գրիգորյանի կատարմամբ: Ձայնասկավառակի երգացանկում տեղ են գտել այնպիսի շարականներ ու տաղեր, որոնք հանրությանը լավ ծանոթ են եւ հաճախ են հնչում նաեւ պատարագների ժամանակ: Երգչուհին խոստովանում է, որ մեծ պատասխանատվություն է զգում այդ երգերը կատարելիս, քանի որ իրենից առաջ դրանք մատուցել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են՝ Լուսինե Զաքարյանը, Գոհար Գասպարյանը: «Հատկապես Լուսինեի կատարումից հետո շատ դժվար էր, նա ինձ համար հոգեւոր երաժշտության բնագավառում էտալոն է: Պիտի չնմանվես ու երգը քոնը դարձնես, փոխանցես քո զգացածը»,- նշում է նա:
Կատարումների երգեհոնային ձայնակցությունը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ Անի Թովմասյանինն է: Վերջինս նաեւ Սուրբ Սարգիս եկեղեցու երգեհոնահարն է ու «Ծաղկազարդի» դաշնակահարը: CD-ում տեղ գտած ձայնագրությունները կարելի է օգտագործել նաեւ հոգեհանգստյան արարողությունների ժամանակ: Լիլիթի խոսքով՝ նման դեպքերում ճիշտ է հոգեւոր երաժշտություն հնչեցնելը, քանի որ այն մարդուն հանգստացնում ու հանդարտեցնում է, բայց «Խորհրդային տարիներին ընդունված լացացնող դուդուկի երաժշտությունը, ցավոք, այժմ էլ է պահպանվել»:
Երգչուհին ղեկավարում է նաեւ 2 տարի առաջ ստեղծված «Ծաղկազարդ» համախումբը, որի ութ աղջիկները օպերային մեներգիչներ են ու երգում են առաջնորդարանի երգչախմբում:
«Ծաղկազարդը» բարեգործական համերգների միջոցով հայ երգը հասցնում է նաեւ օտար ափերում ապրող հայերին: Խումբը նոր է վերադարձել Ջավախքից, ղեկավարը տպավորված է հատկապես Ջավախքի ունկնդրից: «Ժողովուրդն այնտեղ ծարավ է հայ երաժշտության,- ասում է երգչուհին ու, վերադառնալով հոգեւոր երաժշտությանը, ավելացնում,- հոգեւոր երաժշտությունը թեթեւ, հեշտ ընկալելի չէ, այդպիսով շատերին հասանելի չէ, այն լսում են հիմնականում նրանք, ովքեր մեծ հավատք ունեն ու կապված են եկեղեցուն»:
Երգչուհուց հետաքրքրվեցինք, դասավանդելու ցանկություն չի՞ առաջացել, պատասխանեց. «Ցանկություն կա, բայց դա ինձ համար շատ բարդ աշխատանք է: Պետք է կարողանաս այնպես անել, որ ով ցանկանում է երգել սովորել՝ ե՛ւ հոգեպես, ե՛ւ ձայնի առումով «ինվալիդ» չդարձնես, այլապես դա շատ դեպքերում հանգեցնում է նրան, որ մարդիկ ասում են՝ օպերային երաժշտությունը, օպերային երգիչներին չեմ սիրում ու մեկ անգամ գալով նման համերգի՝ այլեւս նման ցանկություն չեն ունենում… Եթե մենք Պավարոտտի ենք լսում եւ չենք հոգնում, նրանից է, որ նա իր արվեստը ճիշտ ձեւով է ներկայացնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել