Լրահոս
Օրվա լրահոսը

Դասագրքաստեղծման կնճիռներ

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"Կամ ի՞նչ կապ ունի մաֆիան նշված թեմայի հետ

Դպրոցներում դրամահավաքության դժգոհություններից հետո պատվավոր 2-րդ հորիզոնականում են դասագրքերի խրթին, ոչ գրագետ լինելու մասին դժգոհությունները: Երեկ այս թեմայի շուրջ կրքերը բորբոքվեցին «Հայելի» ակումբում: ԿԳՆ Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Կարինե Հարությունյանը, խոսելով դասագրքաստեղծման փուլերի մասին, նշեց, որ կատարվել են որոշ փոփոխություններ, մասնավորապես՝ նախկինում գործող մեկ հանձնաժողովի փոխարեն դասագրքերը կգնահատվեն երկու հանձնաժողովների կողմից, որոնցից մեկում ներգրավված կլինի մանկավարժական համակազմը, մյուսում՝ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները: Այդ երկու հանձնաժողովների միջինացված կարծիքի հիման վրա էլ կընտրվեն դասագրքերը:
Մյուս նորամուծությունը կապված է ժամկետների երկարաձգման հետ. շուրջ 2-3 ամիս դասագրքերը փորձարկում կանցնեն դպրոցներում: Նորամուծությունների կապակցությամբ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը նկատեց. «Սա նորարարություն է օրենքից դուրս, քանի որ «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն, ցանկացած դասագիրք տպագրվելուց հետո մեկ տարի փորձաշրջան պիտի անցնի, որից հետո մինչեւ նախարարությունը չերաշխավորի՝ դա չի կարող մտնել դպրոց: Փաստորեն, օրենքը չի կատարվում: Դասագրքաստեղծման հետ կապված դժվարությունները մեր հասարակությանը հատուկ մաֆիոզ կառույցների հետ են կապված, որ չենք կարողանում հաղթահարել: Մենաշնորհը վերաբերում է ոչ թե հրատարակչություններին, այլ հեղինակներին»:
Այնուհետեւ Ա. Բախշյանը սկսեց խոսել փաստերով՝ օրինակ բերելով 9-րդ եւ 10-րդ դասարանների գրականության դասագրքերը, որոնց հեղինակները չեն փոխվել, բայց նրանց թեթեւ ձեռքով երկու դասագրքերում փոխվել է Նահապետ Քուչակի կենսագրությունը: Կամ 6-9-րդ դասարանների հայոց լեզվի գրավոր աշխատանքների ժողովածուում մեկ էջում ուսուցչուհին 37 սխալ է հայտնաբերել: Կամ 10-րդ դասարանի նորագույն պատմության դասագրքում 2007-ի խորհրդարանական ընտրությունները ներկայացնելիս նշված է, որ ընտրություններում անցել են 4 կուսակցություններ՝ Հանրապետականը, Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրը»՝ մոռանալով «Ժառանգությանը»: «Գրողը շողոքորթելու մի նոր ձեւ է գտել»,- ասում է տիկին Բախշյանը: Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տնօրեն Ռուզան Մուրադյանն էլ դժգոհեց դասագրքերի խրթինությունից եւ նկատեց. «Այստեղ տեսնում եմ մեր ուսուցիչների պասիվ մասնակցությունը: Եթե այսօր մեր ձեռքերը ծալած նստենք եւ չմասնակցենք այս կարեւորագույն կրթական ռեսուրսի ստեղծմանը, ապա հնարավոր է, որ ստեղծվի հենց այսպիսի պատկեր: Բայց ունենք նաեւ լավ դասագրքեր, որտեղ հրամցված են դասավանդման նոր մեթոդները, պարզապես ուսուցիչները մի քիչ պիտի կարողանան ծանոթ լինել այդպիսի դասագրքով դասավանդմանը»: Նշված դժգոհություններին ի պատասխան, Կ. Հարությունյանը հայտնեց. «Այս դժգոհությունները վերաբերում են հայագիտական բլոկին, այսինքն՝ 4 անուն դասագրքերին՝ 140-ից: Իսկ դա փոքր տոկոս է կազմում, ուստի ճիշտ չէ ընդհանրացնելը: Բայց պիտի հիշենք, որ դասագրքով չի որոշվում, թե դպրոցում ինչ պիտի անցնեն, դա որոշվում է ծրագրով եւ չափորոշիչներով»: Առաջարկ եղավ նաեւ թարգմանել խորհրդային ժամանակվա դասագրքերը, իսկ Կ. Հարությունյանը նշեց, որ մենք դրա հեղինակային իրավունքը չունենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել