Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԿԵՐՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 26,2009 00:00

Սովորաբար, գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչները՝ հատկապես միջին տարիքի կանայք, միշտ ձգտում են իրենց տարիքից երիտասարդ երեւալ, եւ ամեն ինչ անում են թարմ տեսք ունենալու համար: Այս հարցում կանանց, բնականաբար, օգնում են բժիշկ-կոսմետոլոգներն ու կոսմետիկական մի շարք միջոցներ: 21-րդ դարում կանանց սիրելի կոսմետիկական միջոցներից ամենաարդյունավետն արդեն համարվում է ընկերքային կոսմետիկան. այս մասին վկայում են բժիշկ-կոսմետոլոգները: Ինչպես հայտնի է՝ ընկերքային կոսմետիկան բնական միջոց է, որը, ըստ մասնագետների, կախարդական ազդեցություն ունի եւ հրաշքներ է գործում մաշկի վրա:
Իսկ ի՞նչ է ընկերքը. այն հատուկ օրգան է, որի միջոցով հղիության ընթացքում իրականանում է մոր օրգանիզմի եւ պտղի միջեւ նյութափոխանակությունը: Ընկերքն իր մեջ պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ հորմոններ: Իսկ ինչ վերաբերում է ընկերքային կոսմետիկայի պատրաստմանը, ապա դրա համար ընկերքից վերցնում են 5-6 ակտիվ բաղադրիչներ, որոնք ունեն մաշկը խոնավեցնող, սնուցող եւ ձգող հատկանիշներ: Պրակտիկան ցույց է տվել, որ ընկերքային կոսմետիկայի ակտիվ բաղադրիչները մաշկն ավելի հեշտ է յուրացնում, քանի որ օրգանիզմի կողմից ընկալվում է: Ապացուցված է նաեւ այն, որ ընկերքային կոսմետիկան ալերգիա չի առաջացնում նույնիսկ ալերգիկների մոտ: Բժիշկները փաստում են, որ ընկերքի հեղուկն օգնում է վերականգնել մաշկը եւ ունի հակաօքսիդանտային, իմունախթանիչ, ինչպես նաեւ մաշկի ազատ ռադիկալները մեկուսացնելու հատկություն, ինչի շնորհիվ զգալիորեն դանդաղում է մաշկի ծերացման գործընթացը: Կոսմետոլոգների ձեւակերպմամբ, ամենաարդյունավետը սեփական ընկերքից պատրաստված կոսմետիկայի օգտագործումն է:
Մասնագետներն ասում են, որ ընկերքային կոսմետիկան, ի տարբերություն այլ կոսմետիկ միջոցների, միանգամից իր էֆեկտիվությունը զգացնել է տալիս եւ, որ ամենակարեւորն է՝ ոչ ժամանակավոր:
Այժմ գոյություն ունեն ընկերքային բաղադրությամբ անձեռոցիկ-դիմակներ, որոնք րոպեական էֆեկտ են հաղորդում մաշկին: Դրանք հատկապես հարմար են այն դեպքում, երբ կանայք ստիպված են շատ կարճ ժամանակահատվածում իրենց տեսքի բերել: Դիմակները 10-15 րոպե դեմքին դնելուց հետո մաշկը թարմանում, սպիտակում եւ ձգվում է, ինչին այլ կոսմետիկ միջոցներ կիրառելու դեպքում կարելի է հասնել մի քանի օրվա ընթացքում:
Հայտնի է, որ Կլեոպատրան իր գեղեցկության պահպանման համար օգտագործել է ընկերք: Իսկ Հիպոկրատն ու Ավիցեննան էլ առաջինն են եղել, որ ընկերքի թեմայով գիտական աշխատանքներ են գրել:
Փաստորեն, ընկերքը շատ վաղուց է հետաքրքրել մարդկանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել