Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՂԱԺԱՄ ԹԱՂՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՈՒ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Նոյեմբեր 27,2009 00:00

\"\"Ծխախոտամոլները հսկայական գումար են վճարում արտադրողներին,
որ վերջիններս հնարավորինս շուտ վնասեն իրենց առողջությունը,
դարձնեն սրտանոթային եւ թոքի քաղցկեղով հիվանդ եւ կրճատեն
իրենց կյանքի տեւողությունը:

Տեղական արտադրության ծխախոտի միջին գինը Հայաստանում 220 դրամ է, արտասահմանյան արտադրության ծխախոտներինը՝ 350 դրամ: Ծխախոտամոլները օրական ծխում են 1.5-2 տուփ, կան մոլի ծխողներ, որոնց օգտագործած ծխախոտի քանակն օրական անցնում է 60 հատը, այսինքն՝ 3 տուփը: Եթե մի պարզ հաշվարկ կատարենք՝ կտեսնենք, թե համեստ աշխատավարձով ապրող ընտանիքի համար որքան թանկ է արժենում ծխախոտամոլի այդ վատ սովորությունը: Տեղական նույնիսկ 200 դրամանոց ծխախոտ օգտագործելու դեպքում մարդը ամսական ծախսում է 9-12 հազար դրամ, եթե ավելի թանկարժեք եւ ներկրված ծխախոտ են օգտագործում, ամսական ծախսում են 20-30 հազար դրամ: Անկախ այն բանից, թե որքան աշխատավարձ կստանա մարդը, ընդհանուր հաշվով ծխախոտամոլ պահելը ընտանիքի վրա բավականին թանկ է նստում: Քանի որ հիմնականում  ծխողները ընտանիքի հայրերն են, փաստորեն նրանք ամսական 20 հազար դրամ իրենց ընտանիքի, երեխաների բերանից կտրում են ու վճարում մի բանի դիմաց, որը ֆինանսական կողմից բացի՝ նաեւ անդառնալիորեն վնասում է իրենց ու ընտանիքի առողջությունը:
Արդեն գիտականորեն ապացուցված է, որ մեկ սիգարետը կյանքից կրճատում է 15 րոպե: Այսինքն՝ 20 տարի շարունակ ծխող մարդը կարող է տասնյակ տարի ավելի քիչ ապրել ու իր հարազատների կողքին չլինել՝ միաժամանակ կրճատելով նաեւ իր երեխաների կյանքի տեւողությունը, քանի որ երկրորդական ծուխը նույնպես խիստ վնասակար է  առողջության համար: Ծխախոտի ծխի մեջ հայտնաբերվել է 6 հազար վնասակար նյութ, 4 հազար քիմիական տարր, օրինակ՝ մկնդեղ, որը երբ այրում ես, թունավոր նյութերը հայտնվում են օդի մեջ, առաջացնում հիվանդություններ ու մահ: Ծխախոտի մեկ խորանարդ սանտիմետրը պարունակում է մրի 200-500 միլիոն մասնիկ, եւ օրական նույնիսկ 1 տուփ սիգարետ ծխող մարդու թոքերում 20 տարվա ընթացքում կուտակվում է 6 կգ մուր, որը կյանքը կրճատում է 4 տարով:
Բազմաթիվ ծխախոտամոլներ վստահեցնում են, որ իրենք շատ փոքրուց ծխել են, բայց առողջական խնդիրներ երբեւէ չեն ունեցել: Սակայն հենց միայն այն հանգամանքը, որ Հայաստանում թոքի քաղցկեղից տարեկան 1000-ից ավելի տղամարդ է մահանում, վկայում է այն մասին, որ ծխախոտամոլությունն իր «սեւ գործն» անում է, պարզապես թոքի քաղցկեղով տառապողներն այդպես էլ չեն գիտակցում, որ հենց ծխախոտն է ստեղծել քաղցկեղի օջախը եւ եթե չծխեին՝ կարող էին ավելի երկար կյանք ունենալ:
ԱՀԿ-ի տվյալներով՝ ծխախոտն աշխարհում գրանցված մահվան դեպքերի առաջին պատճառներից մեկն է: Տարբեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխարհում ծխախոտ օգտագործելու հետեւանքով յուրաքանչյուր 6-7 վայրկյանում մահանում է 1 մարդ:
Հայաստանում ծխելու ցուցանիշը բացառիկ բարձր է՝ մոտ 60%, եւ մեր երկիրը մեկ բնակչի հաշվով սպառվող սիգարետի քանակով աշխարհի առաջատարներից է:
Հայ տղամարդիկ սովորություն ունեն ծխել հենց տանը՝ երեխաների ու չծխող կանանց ներկայությամբ: Դա նշանակում է, որ բնակչության 60%-ն իրենց երեխաներին ու հարազատներին դարձնում է պոտենցիալ սրտանոթային հիվանդ: Բացի այդ, երեխաները, ընդօրինակելով իրենց ծնողներին, իրենք էլ դառնում են ծխախոտամոլներ: Արդյունքում՝ Առողջապահության տեղեկատվական-վերլուծական ազգային կենտրոնի տվյալներն էլ ցույց են տվել, որ Հայաստանում 14-16 տարեկան դեռահասների 36,8%-ը ծխում է:
Չնայած մեզ մոտ դեռեւս ծխող կանանց թիվը մեծ չէ, ծխախոտ արտադրող ընկերություններն ամեն ինչ անում են, որ կանանց էլ համոզեն ծխել՝ գովազդելով, թե իբր ծխելը հետաքրքիր, սեքսուալ տեսք է հաղորդում, ժամանակակից է դարձնում եւ օգնում է նիհարել: Եթե հայ կանայք հետեւեն ու հավատան այդ գովազդներին, շուտով հայ մանուկների 90%-ը կունենա երկկողմանի ծխախոտամոլ ծնողներ ու արդեն հավանականությունը, որ նրանք չեն ծխի՝ կլինի չնչին տոկոս:
Այսպիսով, կստացվի, որ մեր ընտանիքներն իրենց աշխատավարձի կեսը տալիս են՝ սեփական առողջությունը փչացնելու եւ ծխախոտ արտադրողների գրպանները լցնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել