Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 27,2009 00:00

Մասիսի դատարանը պատրաստ չէր նիստին

\"\"
Պատահական չէ, որ դատարանն ատամնաբուժարանի եւ հագուստի սրահի կողքին է: Ասում են, որ դատարաններում մարդիկ կորցնում են իրենց վերջին ատամն ու շորը:

\"\"
Փաստաբանը «հարգալից վերաբերմունք» է ցույց տալիս դատարանի նկատմամբ. մաքրում է սեղանը:

Նախորդ օրը Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիս քաղաքի նստավայրում Գեւորգ Բալյանի նախագահությամբ լսվեց 2-րդ կարգի հաշմանդամ Գեւորգ Թարվերդյանի հայցը հորաքրոջ՝ Հասմիկ Թարվերդյանի եւ Մասիսի նոտարական գրասենյակի դեմ: Մինչ դատական նիստը կսկսվեր, բացվեց դահլիճի դուռը: Այն տպավորությունն էր, թե վաղնջական ժամանակներից այստեղ դատաքննություններ չեն հրավիրվել: Դատարանն ամբողջությամբ փոշու մեջ էր: Հայցվորի փաստաբան Էդուարդ Չինարյանը գրպանից հանեց թաշկինակը եւ սկսեց մաքրել փոշոտ սեղանն ու աթոռը: Նրա թաշկինակը փոխանցվեց նաեւ մեզ՝ լուսաբանելու նպատակով դատարանում ներկա գտնվող լրագրողիս եւ «Դատական ալիք» հեռուստահաղորդման հեղինակ Ջուլյա Ամիրխանյանին:
Դատավորի գլխավերեւում չտեսանք ՀՀ զինանշանը, իսկ Եռագույնով ինչ-որ անհասկանալի դուռ էր փակված (հավանաբար՝ խորհրդակցական սենյակի դուռը): Տարօրինակ է, որ «Հանուն Հայաստանի Հանրապետության»՝ այսպիսի դահլիճներում որոշումներ են կայացվում:
Դատական նիստերի քարտուղարը ողջ նիստը «ձեռագրեց». այստեղ համակարգչի, տեսաձայնագրման մասին խոսելն իմաստ չուներ, ինչպես իմաստ չունի պաշտոնական այն տեղեկատվությունը, թե բոլոր դատարաններում տեղադրվել է «Դատալեքս» համակարգիչ-սարքը: Երբ այդ մասին հարցրի աշխատակիցներից մեկին, նա ինձ ասաց. «Ինչո՞ւ եք ինձ վիրավորում»: Ստիպված էի արդարանալ, թե «Դատալեքս» բառը իր մեջ վիրավորանք չի պարունակում: Լավ էր, որ այս դատարանում շրջելիս դատական կարգադրիչ չտեսանք…
Մեզ տեղեկացրին, որ նոր շենք է կառուցվելու: Սակայն դա չի նշանակում, որ մինչ շենքի շահագործումը՝ մարդիկ պետք է խոզանոցում հետեւեն դատաքննություններին:
Հայցի առարկան
Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Էդուարդ Չինարյանը ներկայացրեց հայցի առարկան: Անչափահաս Գեւորգ Թարվերդյանի հոր՝ Սուրենի վաղաժամ մահվանից հետո Նոր Խարբերդ գյուղի Մորենիկի փողոցի 8 բնակելի տունն անցնում է հորաքրոջը՝ Հասմիկ Թարվերդյանին:
Սա այն դեպքում, երբ ՀՀ ազգային արխիվի Մասիսի տարածքային բաժնից ձեռք բերված տվյալներով՝ Մասիսի նոտարական գրասենյակում 1992թ. կազմված ժառանգական 2-155 գործով ընտանիքի կամ ծխի անդամներ են հանդիսացել Թարվերդյան ընտանիքի պապը, մահացած հայրը, որդին՝ Գեւորգը, նրա մայրը՝ Կարինե Հարությունյանը:
Գյուղապետարանի ծխամատյանում ընտանիքի այլ անդամներ չեն եղել:
Ի դեպ, դատարան էին ներկայացել նաեւ նախկին գյուղապետն ու նախկին քարտուղարը: Նրանք հանդես կգան իբրեւ վկա:
Հայցվորի ներկայացուցչի պնդմամբ, հետագայում նոտարական գրասենյակ է ներկայացվել կեղծ տեղեկանք Թարվերդյանների ընտանիքի կազմի վերաբերյալ, թաքցվել է այլ ժառանգներ ունենալու հանգամանքը: Նոտարը, որը գիտեր դատական նիստի մասին, չէր ներկայացել:
Փաստաբանը նշեց, որ 1992-ին նոտարի կողմից վավերացված ժառանգությունը ձեւակերպվել է ՀԽՍՀ 1964թ. քաղաքացիական եւ ընտանեկան օրենսգրքերի խախտմամբ:
Փաստաբանը պահանջում էր անվավեր ճանաչել բոլոր գործարքները, որոնք կապված էին վիճելի տան հետ:
Պատասխանողն առարկեց հայցին, ասելով, որ փաստաբանը կարող էր դիմել վարչական դատարան՝ վարչական ակտը վիճարկելու համար, ասաց, որ իր վստահորդը պատշաճ պատասխանող չէ, ակնարկեց հայցային վաղեմություն կիրառել, քանի որ խոսք է գնում 16 տարի առաջ սկսված ու մինչ օրս լուծում չստացած վեճի մասին: Մայրաքաղաքում մեկ այլ նիստի մասնակցելու համար նա խնդրեց հետաձգել նիստը: Դատարանը այդպես էլ վարվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել