Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՊՈՏ ՈՏՔԵՐՈՎ» ՀԵՂԻՆԱԿԻՆ՝ ԵՐԿՐԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ

Նոյեմբեր 27,2009 00:00

\"\"Պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանի հնչեցրած անխնա քննադատությունների կապակցությամբ

«Առավոտի» 2009.11. 17-ի համարում «ԲՈՀ-ը, մաֆիան եւ տգիտությամբ փայլող օրենքը» վերնագրով հոդվածում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը հերթական անգամ իր քննադատությունն է հնչեցնում ՀՀ-ում գիտության, գիտնականների եւ բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի մասին: Սկսելով խորհրդային գիտավարչական համակարգից, որտեղ, հեղինակի բնորոշմամբ, առանցքային դեր ունեին Կենտկոմի նոմենկլատուրայով ընտրված ակադեմիկոսները, Ս. Հայրապետյանը հասնում է նրան, որ այդ հարաբերություններն ավելի «գռեհիկ բնույթ են կրում հանրապետական ակադեմիայում, որտեղ հիմնականում տուրքը տրվում է խնամի-բարեկամական կապերին»: Հեղինակն իր թեթեւ գրչով քննադատում է նաեւ «Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին օրենքը», հետո «մաֆիականության» բաղադրիչ համարում բարձրագույն որակավորման հանձնաժողովին (ԲՈՀ): ԳԱԱ-ի ինստիտուտները եւս չեն վրիպում հեղինակի քննադատությունից. նա մտահոգված է, թե ինչո՞ւ արդեն 20 տարի այդտեղ պետական ստուգումներ չեն իրականացվում: Քանի որ Ս. Հայրապետյանն իր հեղինակած հոդվածում անխնա քննադատում է տարբեր գիտական օղակների,  «Առավոտը» փորձեց այս առնչությամբ պարզաբանումներ ստանալ քննադատված օղակներից մեկից՝ ԲՈՀ-ից: Զրուցեցինք ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանի հետ: Մինչ հնչեցված քննադատություններին անցնելը, պրն Թռչունյանը նշեց. «Թեեւ չարժի ուշադրություն դարձնել նման հրապարակումներին, բայց մի ավելորդ անգամ ստիպված ենք անդրադառնալ «ամպոտ ոտքերով» այս հեղինակի բառակույտին, որի խոսքի մեջ փաստարկվածության բացակայությունը, օգտագործված բառապաշարը երկու բանում կասկած չեն թողնում. հազիվ թե հեղինակը գիտնական է (հիշենք ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յու. Ալեքսանյանի՝ մամուլում նրան տված հայտնի գնահատականը. նա «երկար տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ ստանալ գոնե տարրական պատկերացումներ բջջի մոլեկուլային կենսաբանության մասին») եւ ով էլ լինի՝ ոչ թե գիտության վիճակով է մտահոգ, այլ իր լացն է լալիս»:
Անցնելով «մաֆիականության» մասին դիտարկումներին՝ Ա. Թռչունյանն ասաց. «Հրապարակախոսական մարտնչող կեցվածքով հեղինակը «մերկացնում է» խորհրդային գիտավարչական համակարգը, որին հատուկ է եղել «մաֆիականությունը»՝ մոռանալով, որ ինքն էլ այդ համակարգի ներկայացուցիչ է, այդ համակարգից գիտական աստիճաններ ու կոչումներ է ստացել՝ դրանց համապատասխան արտոնություններով ու աշխատավարձերով: Եթե դա այդքան ամոթալի համակարգ էր, որի դեմ հեղինակը հետին թվով սուր է ճոճում, ապա բարոյական կլիներ, որ նա հրաժարվեր ամենից, ինչի համար ժամանակին ջանք ու եռանդ չի խնայել, ու այդ օրինակով դաս տար մյուսներին»: Պարոն Թռչունյանի համար մի բան այդպես էլ պարզ չէ. «Եթե ունենք ձեւեր եւ ցուցանիշներ, որոնց հաշվին կարող ենք բնութագրել այս կամ այն մարդկանց խումբը, պետական մարմնի գործունեությունը՝ որպես «մաֆիականություն», ուրեմն եկեք ցույց տանք նաեւ այն ճանապարհը, որով պիտի հրաժարվենք այդ ցուցանիշներից եւ «մաֆիայից»: Շարունակելով շղթան, ԲՈՀ-ի նախագահը հիշեցնում է. «Ամենայն հավանականությամբ, հեղինակը մոռացել է, թե 2002 եւ 2006 թվականներին ինչ համառությամբ էր փորձում իր փնոված համակարգից պոկել մասնագիտական խորհուրդ կամ էլ վերջին տարիներին ասպիրանտուրա ունենալու իրավունքը: Մի բան, որ անհնար էր եւ՛ իրավական, եւ՛ մասնագիտական առումով: Հույսը դնելով ընթերցողի անիրազեկության վրա՝ նա երեւի մտածում է, թե ԿԳՆ-ում չկան մարդիկ, ովքեր հիշում են բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնում նրա ծավալած, իսկ հիմա արդեն գիտական ոչ մի աստիճան չունեցող նրա դստեր ղեկավարությամբ «օրինական» գործունեության մասին: Հիշեցնենք՝ ԿԳՆ-ի բացահայտած կամայականությունների եւ անօրինականությունների պատճառով վարչական պատասխանատվությունից նա խուսափեց միայն թոշակային տարիքը լրանալու շնորհիվ»:
Դառնալով «տգիտությամբ փայլող» «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին օրենքին»՝ «Առավոտի» զրուցակիցն ասաց. «Այդ օրենքն այդպես բնութագրել բացարձակապես չի կարելի, քանի որ օրենքն իր դերն ունեցել է եւ հիմա էլ ունի գիտությունն օրենսդրական դաշտում տեղավորելու համար, որովհետեւ մինչ այդ գիտական գործունեությունն օրինական դաշտում չի եղել: Չեմ ասում, որ կա որեւէ օրենք, որը կատարյալ է, բայց մյուս կողմից օրենքը պիտի ամրագրի տվյալ հասարակության մեջ արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերությունները: Եթե այդ փոխհարաբերությունները դեռ հստակեցված չեն, դժվար է օրենսդրորեն դրանք ամրագրելը: Այս տեսակետից էլ մենք՝ որպես անկախ, ինքնուրույն երկիր անցնում ենք ճանապարհ, եւ պահանջել, որ մեր բոլոր օրենքները, այդ թվում՝ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը լինի առավել կատարյալ, կարծում եմ՝ որպես պահանջ, ճիշտ է, բայց իրատեսական չէ: Ինձ համար ընդունելի է միայն այն մոտեցումը, երբ քննադատողը նշում է, թե օրենքի կոնկրետ որ հոդվածը, որ դրույթը ինչ ձեւով կարող է փոխվել, որ այն ավելի հստակորեն եւ իրատեսական ձեւով ամրագրի հասարակության մեջ ձեւավորված եւ ձեւավորվող հարաբերությունները: Իսկ մամուլից հայտնի է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կազմակերպվել է Գիտության պետական կոմիտեի (որի հետ Ս. Հայրապետյանը սերտորեն համագործակցում է) եւ ԳԱԱ-ի կողմից մշակված «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության» նախագծի հանրային քննարկումը: Այդ նախագծում, ամենայն հավանականությամբ, «պետք» է տեղ գտնեին հեղինակի «մտահոգությունները» կամ հանրային խորհրդին նրա հղած թեկուզ «հանճարեղ» դատողությունները: Սակայն…»: «Առավոտի» այն հարցին, թե գիտության բնագավառին ուղղված այսպիսի խոսակցություններն ինչի՞ արդյունք են, մանավանդ այն դեպքում, երբ մենք ներկայումս գիտության եւ գիտնականի վարկի բարձրացման խնդիր ունենք, ԲՈՀ-ի նախագահն այսպես պատասխանեց. «Ցավոք, բարոյականության հարցերը դարձել են արդիական նաեւ կրթության եւ գիտության ոլորտում, եւ դա երեւի նրա արտահայտությունն է, որ մեզանում դասախոսին եւ գիտնականին չի տրվում հստակ արժեքային գնահատական: Դրանից ելնելով էլ ի հայտ են գալիս մոտեցումներ եւ հարցադրումներ, որոնք երբեմն կարող ենք անվանել անբարոյական: Եթե յուրաքանչյուր գիտնական ըստ արժանվույն գնահատվի եւ նրա գործունեության համար լինեն պայմաններ, այդ դեպքում կզանազանվեն աշխատողներն ու չաշխատողները, եւ ամեն տեսակի քննարկումները կլինեն գիտականորեն բանավեճային եւ արդյունավետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել