Լրահոս
Օրվա լրահոսը

Անվանիներն ու խաչատրյանական մրցույթը

Նոյեմբեր 27,2009 00:00

\"\"Վերջինիս հոգաբարձուների խորհրդի կազմն ընդլայնվել է

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի շնորհանդեսը, որի շրջանակներում նախօրեին հանդես էր եկել Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Պավել Կոգանի ղեկավարությամբ: Այսօր նույն նվագախումբը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը, մենակատարն է ճանաչված ջութակահար Միխայիլ Սիմոնյանը: Երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կայացավ նաեւ «Արամ Խաչատրյան» մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամների ասուլիսը՝ նախագահ, կոմպոզիտոր Արմեն Սմբատյանի ղեկավարությամբ: Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Երեւանում առաջին անգամ անցկացվել է 2003թ.՝ կոմպոզիտորի 100-ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Այնուհետեւ այն դարձել է ամենամյա՝ յուրաքանչյուր տարի անցկացվելով մի մասնագիտությամբ (դաշնամուր, ջութակ, թավջութակ):
Ասուլիսին ներկա էին հոգաբարձուների խորհրդի անդամներից Կարեն Խաչատրյանը (Ա. Խաչատրյանի որդին), փոխնախագահ, Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը, Խորվաթիայի երաժշտական ակադեմիայի ռեկտոր Ինո Միրկովիչը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը:
Պարոն Սմբատյանը հայտնեց, որ 2010-ին կայանալիք մրցույթը, ինչպես նախորդ տարիներին, կմեկնարկի Ա. Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, երկու մասնագիտությունների գծով՝ ջութակ եւ թավջութակ: Իսկ 2011-ին մրցելույթի դուրս կգան դաշնակահարներն ու կոմպոզիտորները: «Հաշվի առնելով նոր հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված գործիչների դասական երաժշտության ասպարեզում ծավալած գործունեությունը, նաեւ նրանց հեղինակությունը, այն այսուհետեւ թույլ կտա աշխարհում առավել արդյունավետ հանրահռչակել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: Նաեւ ակնկալվում է հոգաբարձուների խորհրդի անդամների օգնությամբ մրցույթի անդամների հետագա ակտիվ համերգային գործունեության ծավալումը, ինչը եւս կնպաստի երաժիշտների առավել ակտիվ մասնակցությանը մրցույթին»,- ասաց Ա. Սմբատյանը: Նա հավելեց նաեւ, որ Պ. Կոգանը եւ Վ. Գերգիեւը արդեն իսկ համաձայնություն են տվել 2010-11թթ. համերգաշրջանի ընթացքում իրենց ղեկավարած նվագախմբերի հետ ելույթ ունենան 2010թ. մրցույթի առաջին մրցանակի հաղթողները:
«Առավոտի» հարցին, թե նորացված մրցույթի մասշտաբները ակնկալում են նաեւ մասշտաբային գումարներ, եւ թեեւ նախկինում մրցույթն անցկացվում էր պետական հովանավորությամբ, չե՞ք մտածել տեղացի օլիգարխներին էլ «հրավիրել»՝ օժանդակելու նպատակով, պարոն Սմբատյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ մեր օլիգարխները, ծանոթանալով թեկուզ մրցույթի հոգաբարձուների խորհրդին, առանց հրավիրելու՝ ցանկություն կհայտնեն աջակցելու Խաչատրյանի անունը կրող միջազգային մրցույթին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել