Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ «ՉԱՐԹՆԱՆԱՐ» ՀԻՆ ՎՆԱՍՎԱԾՔԸ

Նոյեմբեր 27,2009 00:00

Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը աշխարհի
առաջնությունում կատարեց ընդամենը մեկ մոտեցում եւ արժանացավ «պոկում» վարժության արծաթե մեդալի:

Կորեայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց պայքարում երեկ մրցում էին մինչեւ 85 կգ քաշայինները:
Հայաստանն այստեղ ներկայացնում էին Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը եւ Գեւորիկ Պողոսյանը:
Թե մեր ազգային հավաքականի մարզիչները եւ թե ծանրամարտի սիրահարները այս քաշային կարգում նոր մեդալների ակնկալիք ունեին հատկապես Տիգրանից, չնայած հոգու խորքում հավատում էին, որ Գեւորիկն էլ կարող է անակնկալ մատուցել: Եվ եթե մեր առաջատարի պարագայում հույսերն արդարացան մասամբ, ապա երկրորդը, պարզապես, գերազանցեց ինքն իրեն: Բայց ամեն ինչ հերթականությամբ:
Մարտիրոսյանը մրցավայր մեկնել էր ամենաբարձր տեղեր նվաճելու վճռականությամբ: Ու դա նրա հնարավորությունների սահմանում էր: «Պոկում» վարժությունը նա սկսեց 172 կիլոգրամից, որը 2 կգ-ով գերազանցում էր գլխավոր մրցակցի՝ օլիմպիական չեմպիոն Յոնգ Լուի (Չինաստան) բարձրացրած մեկնարկային քաշը: Հայ ծանրորդն այն բարձրացրեց վստահ ու հանգիստ: Բայց վարժության կատարման ժամանակ զգացնել տվեց մեջքի հին վնասվածքը, որը, ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա զարգացումը, իր չար գործը կատարեց: Երբ չինացին երկրորդ մոտեցմամբ սանձեց նաեւ 175 կգ-ն, Տիգրանը գնաց 1 կգ ավելիի: Սակայն թե այդ եւ թե հաջորդ փորձերը ձախողվեցին, հակառակ դեպքում՝ «փոքր» ոսկին նրա գրպանում կհայտնվեր, քանի որ Լուն ձախողվեց 177 կգ-ում: Ինչեւէ, առաջին վարժությունից հետո հայ ծանրորդը դարձավ արծաթե մեդալակիր:
Հայ մարզասերներն անհամբեր սպասում էին «հրում» մրցաձեւին, որտեղ չեմպիոնության համար պայքարն ավելի ծանր, հետեւաբար՝ ավելի հետաքրքիր էր լինելու: Ու պատկերացնել կարելի է նրանց վիճակը, երբ պարզվեց, որ մարզիչները որոշել են Տիգրանին չթողնել շարունակել պայքարը:
Ստեղծված իրավիճակում պատասխանատվության ծանրությունը տեղափոխվում էր «պոկում» վարժությունում 166 կիլոգրամով 6-րդ ցուցանիշն ունեցող Գեւորիկ Պողոսյանի ուսերին: Որտեղի՞ց կարող էր ենթադրել նա, որի առաքելությունն ամենայն հավանականությամբ Տիգրանին երկամարտի արդյունքով ոսկե մեդալի համար պայքարելուն օգնելն էր եւ որն արդեն առաջին մոտեցումն սկսել է 172 կիլոգրամից, որ ճակատագիրը րոպեներ անց նման դաժան խաղ կխաղա: Բայց էջմիածինցին կարողացավ անել գրեթե անհնարինը: Պատկերացնելն անգամ դժվար է, որ մարզիկը հավաքականի հաշվարկին թեկուզ եւս մեկ փոքր մեդալ բերելու նպատակով պատվիրված քաշերն անընդհատ փոխելով՝ երկրորդ մոտեցմանը գնաց միայն այն ժամանակ, երբ ծանրաձողի քաշը 172 կգ-ից ավելացել էր ոչ ավել, ոչ պակաս՝ 36 կիլոգրամով: Եվ դյուցազնը գլխավերեւում պահեց նաեւ 208 կիլոգրամը, որը «հրում» վարժության բրոնզե մեդալի արժեք ուներ: Ավելին, դրանից հետո Գեւորգ Պողոսյանի առջեւ նաեւ երկամարտի արդյունքով պատվանդանի երրորդ աստիճանին բարձրանալու հեռանկար բացվեց, որի համար նա արդեն վերջին մոտեցմամբ պարտավոր էր բարձրացնել 211 կիլոգրամը: Սակայն նրա անձնական քաշը ավելի քան 2,5 անգամ գերազանցող մետաղաձողն այս անգամ չենթարկվեց, եւ Գեւորիկը երկամարտի 374 կիլոգրամով (ընդամենը երկու կգ պակաս բրոնզե մեդալ նվաճած ղազախ Վլադիմիր Կուզնեցովի արդյունքից) բավարարվեց չորրորդ տեղով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել