Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՅՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Նոյեմբեր 28,2009 00:00

Մեկ ամիս էլ չկա, ինչ մենք զրկվեցինք Հրայր Մարգարյանից: Չկորցրեցինք, քանի որ արդեն ամիսներ առաջ էինք կորցրել: Ոչ էլ նա հեռացավ, որովհետեւ արդեն վաղուց էր մեկուսացել թե մեզանից, թե ընդհանրապես իրական աշխարհից: Դա իր ընտրությունն էր, շուրջը եղածի հետ անհամաձայնության յուրօրինակ դրսեւորումը: Իր իսկ ստեղծած միակ՝ «Արժանապատվություն» կազմակերպության նախագահը այդպես պատկերացրեց իր արժանապատվությունը պաշտպանելու (ոչ պահպանելու) եւ շրջապատի արժանապատվության հանդեպ հավատը չկորցնելու միակ հնարավորությունը: Իշխանության եւ բարեկեցության համար պայքարով տոգորված մեր հայրենակիցների (եւ ոչ միայն նրանց) մեծամասնությունը դա առանց վարանելու կհամարի կամքի բացակայություն, թուլություն: Իսկ մենք այնքան սովոր ենք փառաբանել մեր «կամք» եւ «շնորհք» ունեցող համաքաղացիներին, որ մոռացել ենք, թե ինչին ծառայող կամքն ու շնորհքն են պատվաբեր եւ գովասանքի արժանի: Հրայրն ի վերուստ օժտված էր հենց այդ, ճիշտ, (համա)մարդկային կամքով եւ շնորհքով, նա մինչեւ վերջ կարողացավ չլինել կեղծ, լպիրշ, փառամոլ, եսասեր, գռփող, չարակամ եւ չդադարեց լինել ազնիվ եւ բարի, ինքնամոռաց եւ գթասեր, սիրել եւ օգնել, մտածել եւ արարել, ավաղ, իրականությունից դուրս: Եվ մենք ինքներս մեզ պետք է հարցնենք, ինչո՞ւ այդ ամենը ոչ թե չգնահատվեց (Հրայրը չէր էլ հանդուրժի իր հանդեպ ինչ-որ մեծարում), այլ պարզապես պետք չեկավ:

Այսօր Հրայրի ծննդյան օր ն է, եւ դա մի լրացուցիչ առիթ է՝ երախտապարտ լինելու, որ նա ապրեց այստեղ եւ այսօր (մեզ բախտ վիճակվեց հայտնվել իր կողքին), եւ մղկտալ, որ այստեղը եւ այսօրը նրան արժանի չէին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել