Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ

Նոյեմբեր 28,2009 00:00

Արդեն քանի տարի է՝ «Այրարատ» տոնավաճառի հետնամասում ավտոկայարան է գործում, որտեղից «գազելները» ուղեւորներ են տեղափոխում Արթիկ, Գյումրի, Վանաձոր եւ այլ քաղաքներ: Այդ հատվածով անցնել չի լինում, որովհետեւ մի կողմից մարզերի համար աշխատող տաքսիների վարորդներն են «հարձակվում» անցորդների վրա ու առաջարկում էժան գնելով սպասարկել, մյուս կողմից «գազելներն» են անկանոն շարված, բացի այդ, ուղեւորներն էլ իրենց հերթին են մի քանի պայուսակներով ու իրերով զբաղեցնում փողոցի անցանելի հատվածը: Կառավարությունից խնդրի առնչությամբ անընդհատ հուսադրում են, որ շուտով այդ հարցը կկարգավորեն, բայց այդպես էլ ոչ մի քայլ չի ձեռնարկվում:

Վերջերս էլ տրանսպորտի եւ կապի նախարարությունից խոստացել էին սեղմ ժամկետներում այդ ավտոկայարանի հարցը լուծել ու այն տեղափոխել հատուկ տարածք: Հաշվի առնելով, որ այդ սեղմ ժամկետների ավարտից հետո էլ ավտոկայարանը շարունակում է նույն տարածքում գործել ու խոչընդոտել երթեւեկությանը, նախարարությունից փորձեցինք ճշտել, թե կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել եւ խնդիրը ե՞րբ կկարգավորվի: Նախարարությունից պարզաբանեցին, որ «Ներկայումս քաղաքապետարանի հետ աշխատանքներ են տարվում՝ քաղաքը բեռնաթափելու համար: Քաղաքապետարանը պետք է երկու տարածքի հողհատկացում անի, որպեսզի այդտեղ լինի երթակարգավարական կետ, մարզեր մեկնող միկրոավտոբուսների մի մասն էլ կգնան գործող ավտոկայարաններ: Մնում է քաղաքապետարանը որոշի, թե որ տարածքն է առավել հարմար՝ նման գործունեության համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել