Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՂԹ ԱՌ ԲԱՐԵԿԱՄՍ

Նոյեմբեր 28,2009 00:00

\"\"Սիրելի՛ Մերուժան, սրտանց շնորհավորում եմ 60-ամյակդ, իմ եւ հավատարիմ գրչեղբայրներիդ անունից ցանկանում երկար տարիների կյանք եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ…

Բարեկա՛մս, ավանդական այս բարեմաղթանքից հետո, չակնկալելով նույնիսկ հոբելյարի քո համաձայնությունը, սոսկ քառասնամյա մեր ընկերության երաշխիքով եմ ուզում շարունակել, թեկուզ ոմանց համար ընդհանուր առմամբ անհաճո լինի անդրադարձս: Այսպես. մեր գրական սեղանակիցներից (դժվարացա ասել՝ գրչակիցներից) շատերը քեզ այդպես էլ չընկալեցին ու չհասկացան, տարանջատելով քո բոլորանվեր օրվա գիշերն ու ցերեկը… Դեռ էն գլխից ոմանց շփոթեցնում ու զայրացնում էր բոհեմի մեր բեմին երբեմն անհարիր թվացող քո արտիստիկ հագուկապն ու անուշախոսությունը: Այդ շփոթված ու զայրացկոտ դերակատարներին դեռ այսօր էլ անհասկանալի է գրողի ու լրագրողի ներդաշնակ գոյակցությանը հավատարմագրված հայրենանվեր մտավորականի քո դերը… Ուստի, պատահական չէր, որ բազում կոչեցյալներից ու սակավ ընտրյալներից քչերը հաղորդակից եղան եւ արձագանքեցին Սաղամո լճից մինչեւ Արարատյան երկիր ծավալվող իրական ու գրական տագնապներիդ. այդ թվում, ի պատիվ քո առինքնող գրչի, գրաշխարհի տարբեր բեւեռներում գործող քո ոչ մերձավորներից ու մերձավորներից՝ Հրանտ Մաթեւոսյանը եւ Վարդգես Պետրոսյանը: Ահնիձորցի մեր կենդանի դասականը չզլացավ նաեւ առաջաբան գրել «Դրուժբա նարոդով» ամսագրում տպագրվելիք պատմվածքներիդ համար, իսկ հետագայում հաճախ էր նախատինքով ափսոսում, որ չես կարողանում շարունակել ու ավարտին հասցնել քո աննման հայրենակից Վահան Տերյանի կյանքին ու գործին նվիրված «Աստծո հարսնացուն» վեպդ…

Սակավագիր իմ գրչեղբա՛յր, շնորհալիների ճաշակակից ընկե՛ր (ոչինչ, որ «ճաշակին ընկեր չկա»), ես չէ, որ այսօր հանգամանալից պիտի խոսեմ տաղանդավոր արձակագիր եւ հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի՝ տարբեր լեզուներով թարգմանված ստեղծագործությունների եւ գրական ու ոչ գրական մրցանակների, կոչումների մասին։ Քո մնացող օրվա եւ գնացող մարդկանց երկրային սահմաններում, որպես գործող անձ ու ականատես, ես ուզում եմ հիշատակել «Գարուն» ամսագրի՝ քո խմբագիր եղած երեւելի տարիները, երբ քեզ բնորոշ հույժ զգացմունքայնությամբ հրճվում-ուրախանում էիր նոր անուններով, նրանցից շատերի գրական կնքահայրը դառնում, իսկ բնիկ գարունական հեղինակներին բառիս բուն իմաստով աղաչում-պաղատում էիր վաղեմի հավատարմությունն օծել ստեղծագործական նորանոր բխումներով… Գրողական նախանձախնդրությունդ երբեք չփոխակերպվեց գրական նախանձի, չտես ու աչքածակ չեղար բնավ, քանզի ջավախեցու հոգատար կամեցողությունն էր հավատամքդ։ Իմ կրտսեր սերնդի բանաստեղծների՝ Հրաչյա Բեյլերյանի ու Հրաչյա Թամրազյանի, Աղվան Վարդանյանի ու Արմեն Դավթյանի առաջին ժողովածուները նաեւ քո ծննդավայր Գոմանի հացօղիով ենք թրջել… Իսկ ինչպիսի՜ համակրանք ու հարգանք էր վայելում քո հիմնադրած «Ար» հեռուստաընկերությունը, որ գրական-մշակութային իր ազգանպաստ գործունեությամբ «Գարուն» ամսագրի լավագույն ավանդույթների շարունակողը եղավ մեզանում՝ հենց նույն գարունականներիս անշահախնդիր մասնակցությամբ…

Սիրելի՛ Մերուժ, հոգատար կամեցողությանդ նախորդող քո սիրարկածային անհոգությունը եւս բեղմնավոր էր. ասենք, սիրած աղջկա քմահաճ ցանկություններին ընդառաջելով, խնդրում-հորդորում էիր ստեղծագործող ընկերներիդ՝ այս կամ այն թեմային անդրադառնալ, իսկ անձամբ ինձ աղերսագին պարտադրեցիր գրասեր ընկերուհուդ համար Պաստեռնակ թարգմանել (հանրակացարանային այդ օրերից դու անգիր գիտես «Եղյամ» բանաստեղծությունը)։ Ժամանակն է՝ անհումոր երախտագիտությունս հայտնեմ դրա եւ այլեւայլ օգտակար բաների համար… Ուզում եմ այսօր միասին վերհիշենք նաեւ ընթերցամոլությամբ համակված մեր հաճելի փնտրտուքները՝ Շոպենհաուեր ու Նիցշե, Կաֆկա ու Կամյու գտնելու հույսով… Սիրատոչոր ու գրատոչոր տղերք էինք՝ ջահելության ոսկե ձկնիկներին հետամուտ… Եվ ինձ համար գրեթե զարմանալի չէ բանաստեղծական քո ապշեցուցիչ հայտնությունը՝ «Գիշերային վարդ» եւ «Ցավի որսորդը» գրքերդ ծանծաղոտ ներկայից մեր անտակ անցյալին պարզած… Եվ այս ամենի ներքո օրինաչափ է, որ երեւանյան իմ ամեն գալստին մեզ այնքան հարազատ սրճարաններն ես տանում, որպեսզի զանազան ըմպելիքներով ցրվի կամ վարդագունվի օտարությանս մշուշը… Ավա՜ղ, վաղեմի իմ ընկե՛ր, ամենուր անթոթափելի խորթություն եմ զգում եւ միայն անդավաճան ընկերներիս օջախներում եմ ջերմանում…

Արդեն հաճախակի կրկնվող այս կախման կետերը մեծահոգաբար ընդունիր որպես ցավի եւ ափսոսանքի անարձագանք կաթոցներ՝ մեր կարոտասույզ հոգիներում…

«Առավոտի» ուրբաթագիր իմ բարեկամ, փա՛ռք Աստծո, որ հիմա ո՛չ պատգամավոր ես, ո՛չ էլ խմբագիր, եւ, մոռանալով կամ հիշելով քո սիրելի Ռոբինզոն Կրուզոյին, կարող ես անմնացորդ նվիրվել անավարտ էջերիդ՝ շաբաթվա մնացյալ օրերից գոնե երկուսը անվերապահորեն տրամադրելով դրանց… Ես ծանոթ եմ հղացումներիդ, ուստի եւ համոզված, որ Խորենացու ողբն ու Տերյանի տրտունջները վերջնականապես չեն մարել քո պարտատու սրտում… Համոզված եմ նաեւ, որ տնօրենի նոր պաշտոնդ սրտամոտ է քեզ եւ բարերար ազդեցություն կթողնի գրասեւեռ հոգեվիճակիդ վրա…

Ուրեմն, սիրելի՛ Մերուժան, իմ եւ հազարավոր ընթերցողներիդ ցանկալի հորդորով ապավինի՛ր տաղանդիդ եւ, առանց դառնաղի արցունքներդ թաքցնելու, տղամարդավարի պեղիր ու գտիր այն կորուսյալը, որ վեպի համարումով «Ընկած թուղթ» ես վերնագրել նախապես՝ գոյականական որոշյալ իր առումով…

Քեզ հոբելյանական համբույրներ հղելուց առաջ զգում եմ, որ սակավագրի իմ խոսքն էլ է անավարտ մնում, սակայն, սիրելի՛ եղբայր, սույն ձեւաչափում այլեւս անելիք չունեմ…

Բարեկամական հարգանքս ու ջերմագին շնորհավորանքներս՝ նաեւ ավանդապաշտ ընտանիքիդ։

Այսքանը…

Միշտ քո՝ ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

23.11.2009թ.

ք. Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30