Լրահոս
Օրվա լրահոսը

Հոբելյանական ցուցահանդեսներ

Նոյեմբեր 28,2009 00:00

\"\"Եվ կազմակերպչական դժվարություններ

2009-ը հոբելյանական տարի է: Նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը կարեւորում է հատկապես Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակը, ինչի առիթով արդեն մի քանի ցուցահանդես է ունեցել: «Գարնանը Թումանյանի տուն-թանգարանում հետահայաց ցուցահանդես արեցի, քանի որ նաեւ իմ ծննդյան 45-ամյակն էր, տարբեր շրջանի նկարներս ներկայացրի: Հետո հասկացա, որ քիչ է միայն Երեւանով սահմանափակվելը: Ցուցահանդեսները շարունակություն ունեցան Լոռվա աշխարհում: Ալավերդու, Վանաձորի պատկերասրահում եւս կազմակերպվեցին… Մանավանդ ընկերներս ասում էին՝ Թումանյանը հո միայն լոռեցիների՞նը չէ…»,- պատմում է գեղանկարիչը:

Նաեւ հավելում է, որ կապանցի նկարիչ Լորիկ Մինասյանի հետ հոկտեմբերի 30-ին՝ Քաջարանում, դեկտեմբերի 2-ին՝ Կապանում ցուցահանդես կունենան: Վերջին ակորդն էլ Շուշին կլինի: «Շուշին ինձ համար երկրորդ հայրենիք է, հոգեւոր թելերով եմ կապված. դեռ 1992-ին եմ այնտեղ ցուցահանդես բացել եւ մկրտվել Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում: Ցուցահանդեսներ կազմակերպելը հեշտ չէ, ենթադրվում են եւ կազմակերպչական, եւ ֆինանսական դժվարություններ, եւ լավ է, որ օգնում են ընկերներս: Այսօրվա մռայլ ժամանակներում լույսի մի փոքրիկ շող ենք տանում մարզեր: Շատ կուզենայի՝ մեր մշակույթի նախարարը լուրջ մարդ լիներ ու կարողանար աջակցել, որ նման միջոցառումները մարզերում ավելի կազմակերպված լինեին ու մեծ մասշտաբով: Թե չէ՝ մեր պետության թշվառ գումարները գնում են «ջրիկ» շոուների վրա: Ախր, մարզերում ապրող մարդիկ հնարավորություն չունեն Երեւան գալ ու հաղորդակից լինել մշակութային միջոցառումներին…»,- ասում է Ն. Աղաբաբյանը:

Լորիկ Մինասյանն էլ պատմում է, որ համատեղ ցուցահանդեսին ինքը ներկայանալու է Սյունյաց աշխարհի տեսարաններով, կոմպոզիցիոն աշխատանքներով: Նա փաստում է, որ մարզերում, այդ թվում՝ Սյունիքում տեղեկատվության պակաս կա. «Ասես աշխարհից կտրված, մի անտեր երկիր լինի Զանգեզուրը: Ճիշտ է, Նկարիչների միության 7-8 անդամ ունենք, նկարիչներով դուրս ենք գալիս, շփվում, բայց դա քիչ է: Նկարիչ ունենք, որ նյութերի պակասի կամ ավելի շուտ բացակայության պատճառով՝ դադարել է նկարել»: Ըստ Լ. Մինասյանի, արվեստագետն այլեւս չի արժեւորվում, փոխվել է մարդկանց ճաշակը. «Հիմա ավելի շատ ռաբիս ու փայլուն շրջանակներով նկարներ են գնում Կապանում, գնահատում «կոպիաները», իսկ տեղի թատրոնը, որի անունը մի ժամանակ թնդում էր, այժմ լցված է ինքնուսներով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել