Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍԿԵ ԿԻԼՈԳՐԱՄՆԵՐ, ՍԱԼՏՈ, ՇՊԱԳԱՏ ԵՎ ՊԱՏՎԱՆԴԱՆ

Նոյեմբեր 28,2009 00:00

\"\"Հայաստանցի ծանրորդ, Եվրոպայի չեմպիոն, 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը Կորեայի Գոյանգ քաղաքում անցկացվող աշխարհի կանանց մեծահասակների 20-րդ առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը:

Պարգեւատրության արարողության ժամանակ գյումրեցու կուրծքը զարդարվեց միանգամից երեք ոսկե մեդալով՝ «պոկում» եւ «հրում» վարժությունների եւ երկամարտի:

Նազիկը ծանրամարտի սիրահարներին պարգեւեց մի այնպիսի ուրախություն, որին նրանք սպասում էին ամբողջ 18 տարի: Այս հաջողությունը նշանակալի է նաեւ նրանով, որ այս անգամ հայուհու առջեւ իրենց պարտված ճանաչեցին ինչպես Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոն Չունհոնգ Լյուն (Չինաստան), այնպես էլ աշխարհի վերջին երկու առաջնությունների հաղթող Օքսանա Սլիվենկոն (Ռուսաստան):

Այս երեք ծանրորդների միջեւ պայքարի ելքը կանխորոշվեց դեռ առաջին մրցաձեւում, երբ չինացին հենց մեկնարկում տապալեց 110 կիլոգրամը: Ճիշտ է, նա երկրորդ փորձով, այնուամենայնիվ, քաշը բարձրացրեց, սակայն արդեն կորցրել էր մեկ շատ կարեւոր մոտեցման հնարավորություն: Այդ պահին նախնական 115 կգ պատվիրած Նազիկը եւ Օքսանան դեռ ոչ մի մոտեցում չէին կատարել: Հեռակա տակտիկական պայքարում ռուսաստանցու նյարդերը տեղի տվեցին եւ նա որոշեց իրեն ապահովագրելու համար պայքարն սկսել 112 կգ-ից: Փորձը հաջող էր: Նույն ծանրությանը գնաց նաեւ Լյուն ու կրկին անհաջողության մատնվեց, եւ ասպարեզում մնացին երկուսը: Այժմ հերթը Նազիկինն էր: Նա վստահ ու հանգիստ «սանձեց» նախնական 115 կիլոգրամը եւ դարձավ առաջատար: Սլիվենկոն պատասխանեց 116 կգ-ով: Հայ մարզուհին իր երկրորդ մոտեցման համար պահանջեց 119 կիլոգրամ, իսկ մրցակիցը որոշեց գնալ 118 կգ-ի: Սակայն քաշը չենթարկվեց: Այդ պահից սկսած՝ «փոքր» ոսկու ճակատագիրն արդեն Նազիկի ձեռքում էր: Մեր մարզուհին այն եւս ենթարկեց իր կամքին: Սակայն մրցավարները ինչ-ինչ պատճառներով քաշը չգրանցեցին: Վերջին փորձի համար կար ընդամենը երկու րոպե: Ու հայաստանցին հավաքելով ուժերը՝ կրկին բարձրացրեց 119 կիլոգրամը՝ այս անգամ մրցավարներին որեւէ բանում կասկածելու ոչ մի հնարավորություն չընձեռելով: Ավդալյանը նվաճեց «պոկում» վարժության չեմպիոնի կոչումը:

Նույն սցենարով, բայց մեզ համար ավելի ուրախալի անցավ «հրում» վարժության պայքարը, որտեղ Նազիկ Ավդալյանի առավելությունն առավել քան համոզիչ էր: Չունհոնգ Լյուն ի վիճակի եղավ ցույց տալ ընդամենը 135 կգ եւ երկամարտի 245 կգ-ով նահանջեց չորրորդ հորիզոնական: Դրա փոխարեն նրան երեք կիլոգրամով (112+136=

248) շրջանցեց Մակաոյի ներկայացուցիչ Շաոլինգ Ժանգը: Իսկ չեմպիոնի կոչման համար պայքարում կրկին մնացին Նազիկն ու Օքսանան: Ռուսաստանցին երեք արդյունավետ մոտեցում կատարեց՝ հերթականությամբ բարձրացնելով 135, 140 եւ 146 կիլոգրամները: Բայց հայուհուց ընդամենը երկու մոտեցում պահանջվեց՝ 141 եւ 147 կիլոգրամ՝ օրվա բոլոր հարցերին պատասխանելու համար: Դա էլ բավարար էր, որպեսզի Նազիկ Ավդալյանը նվաճի նաեւ երկրորդ «փոքր»՝ 147-ով ոսկին եւ երկամարտի 266 կգ-ով հռչակվի աշխարհի չեմպիոն:

Եվ երբ արդեն ամեն ինչ ետեւում էր, աշխարհի նորընծա չեմպիոնուհին (նա նաեւ ակրոբատիկայից սպորտի վարպետ է) իր հաջողությունը հենց տեղում տոնեց ետադարձ սալտոյով եւ շպագատով:

Օքսանա Սլիվենկոն ստիպված համակերպվեց արծաթե մեդալի հետ՝ 118+146=264 կգ:

Վերջապես Հայոց եռագույնն աշխարհի առաջնությունում ամենից վեր բարձրացվեց եւ ի նշան հաղթանակի հնչեց նաեւ Հայաստանի օրհներգը:

Այսօր Հայաստանի ծանրորդների մրցելույթները Կորեայում եզրափակում է Եվրոպայի չեմպիոն, 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, որը Գոյանգ մեկնելուց առաջ մի առիթով մեզ ասել է, թե պայքարելու է առաջին հերթին ոսկե մեդալի համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30