Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբեր 12,2009 00:00

Հանցավոր դիտավորությունը բացահայտելը չի կարող դիտվել որպես հանցագործության փուլ

\"\"

Սփյուռքահայ Ավետիս Կալայջյանն 8 ամիս առաջ ամբաստանվեց պետական-քաղաքական գործչի նկատմամբ «սպանության նախապատրաստություն» հանցագործություն կատարելու արարքում (ահաբեկչություն): Հանրապետությունում ահաբեկչություն կատարվել էր նաեւ 10 տարի առաջ՝ Ազգային ժողովի հայտնի սպանդը:

«Ինչպիսի՞ն է առանձնապես վտանգավոր հիշյալ հանցագործության քրեաիրավական էությունը» «Առավոտի» հարցին իրավաբան Արամ Մխիթարյանը ներկայացնում է իր դիտարկումները՝ հետագայում նմանօրինակ հանցագործությունների ժամանակ իրավական սխալներից զերծ մնալու ակնկալիքով:

– Քննարկվող հանցագործության անմիջական օբյեկտը հանրապետության քաղաքական համակարգն է, իսկ լրացուցիչ օբյեկտը՝ պետական կամ հասարակական գործչի կյանքը: Պետական գործիչներ են համարվում պետական մարմինների ղեկավարները եւ պետական քաղաքականությունն իրականացնող այլ ծառայողները: Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավորները, օրինական գրանցված պատգամավորության թեկնածուները, նրանց վստահված անձինք, ընտրական հանձնաժողովի անդամները եւ այլք:

Հասարակական գործիչները հասարակական միավորումների, քաղաքական կուսակցությունների աշխատանքներին ակտիվ մասնակցող անձինք են: Նկատենք, որ հիշյալ սուբյեկտների նկատմամբ ահաբեկչությունը հանցավորը կատարում է ուղղակի դիտավորությամբ, իսկ նպատակը՝ պետական կամ հասարակական գործչի պետական կամ քաղաքական գործունեության դադարեցնելն է: Ահաբեկչությունը կարող է կատարվել նաեւ վրիժառության դրդապատճառով: Այս դեպքում նույնպես գլխավոր հանգամանքը տուժողի քաղաքական գործունեությունը դադարեցնելն է:

Հիշյալ գործիչների դեմ ոտնձգությունը հասկացվում է նրանց սպանությունը կամ սպանության հանցափորձը: Իսկ եթե հանցավորի դիտավորությունը ուղղված է տուժողի առողջությանը վնաս պատճառելուն, ապա նման գործողությունն ահաբեկչություն չի դիտվում: Ահաբեկչություն չի համարվում նաեւ սպանության սպառնալիք տալը: Ահաբեկչությունն ավարտված է համարվում մահ պատճառելու կամ էլ տուժողին կյանքից զրկելու անմիջական գործողություններ սկսելու պահից: Հանցագործության սուբյեկտներ կարող են լինել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Նրանք պատասխանատվության են ենթարկվում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածով (դիտավորյալ սպանության համար): Ահաբեկչությունը կարող է կատարվել պատվիրված: Այս դեպքում վարձկանի (քիլլերի) պատասխանատվությունը լուծվում է հետեւյալ կերպ. եթե քիլլերը չի իմացել կամ չէր էլ կարող իմանալ սպանությունը պատվիրողի իրական նպատակը, պատասխանատվության է ենթարկվում դիտավորյալ սպանություն կատարելու համար, իսկ եթե իմացել է սպանության նպատակը, պատասխանատվության է ենթարկվում ահաբեկչության համար որպես կատարող, իսկ պատվիրատուն՝ որպես ահաբեկչության կազմակերպիչ (ԱԺ-ում իրագործված ահաբեկչության գործով այս հանգամանքները լռության են մատնվել):

Նկատենք, որ հանցագործությունները, այդ թվում՝ ահաբեկչությունը, միշտ չէ, որ ավարտվում են: Հանցավորի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը կարող է ընդհատվել, օրինակ՝ հանցագործության նախապատրաստության ընթացքում հանցավորը բռնվել է կամ հրազենից կրակել է տուժողի վրա, սակայն վրիպել է:

Նման դեպքերում առնչվում ենք «Չավարտված հանցագործությունների» հետ: Քրեական օրենսդրությամբ չավարտված հանցագործություններ են համարվում հանցագործության նախապատրաստությունը եւ հանցափորձը: Հիշյալ հանցանքներն ունեն առանձնահատկություններ: Ըստ Քրեական օրենսգրքի 35 հոդվածի, հանցագործության նախապատրաստություն է համարվում ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը կամ հարմարեցնելը, ինչպես նաեւ դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելը, եթե հանցագործությունն ավարտին չի հասել այդ անձի կամքից անկախ հանգամանքներով:

Ի տարբերություն նախկին հոդվածի, այժմ նորմը թվարկել է տվյալ հանցագործության օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հատկանիշները: Դրանք են. ա) Դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը (այդպիսիք կարող են ձեռք բերվել օրինական կամ անօրինական՝ գնել, գողանալ): բ) Հարմարեցնելը: Նշանակում է՝ պատրաստել գործիքներ եւ միջոցներ, վերանորոգել հինը, սարքին վիճակի բերել (օրինակ՝ պատրաստել դանակ, որսորդական հրացանի փողը կտրել եւ այլն): գ) Այլ պայմաններ՝ հանցակիցներ փնտրելը, հավաքագրելը, վարձելը, հանցագործության կատարման տեղը եւ ժամանակը ընտրելը, ծրագրերի մշակումը եւ այլն:

Հանցագործության նախապատրաստության օբյեկտիվ հատկանիշ է նաեւ այդ անձի կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելը: Նկատենք, որ հանցագործությունն ավարտին չի հասցվում ոչ թե սուբյեկտիվ պատճառներով, օրինակ՝ պատժից վախը, տուժողին խղճալը, այլ՝ օբյեկտիվ պատճառներով:

Թվարկված օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմանները հանցագործությունը նախապատրաստության հանցակազմի սահմաններն են, իսկ եթե հիշյալ նախապատրաստությունը հանցավորը գործի է դնում եւ ուղղորդում հանցագործության անմիջական կատարմանը, նախապատրաստություն- հանցակազմն ավարտվում է եւ անցնում է հանցափորձ-հանցագործության փուլին: Ըստ օրենսգրքի 34 հոդվածի, հանցափորձն ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունն (անգործություն) է, որն անմիջական ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունը ավարտին չի հասել անձի կամքից անկախ հանգամանքներում: Հանցափորձի դեպքում գործողությունն (անգործություն) անմիջական ուղղված է հանցագործության կատարմանը, ինչը նշանակում է, որ քրեական օրենքով պահպանվող օբյեկտը ենթակա է վնասման: Որպես կանոն, հանցագործության նախապատրաստություն եւ հանցափորձ արարքների դեպքում պատասխանատվությունը վրա է հասնում Քրեական օրենսգրքի հատուկ մասի նույն հոդվածով՝ ինչ ավարտված հանցագործության համար, հղում կատարելով Քրեական օրենսգրքի համապատասխանաբար թիվ 34 եւ 35 հոդվածներին: Օրինակ, Ա.Կալայջյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի թիվ 35-305 հոդվածով, նշանակում է՝ կատարել է պետական կամ հասարակական գործչի սպանություն (305 հ.) հանցագործությունը՝ նախապատրաստության ձեւով (35 հ.): «Առավոտը» տեղեկացրել էր, որ Ա. Կալայջյանը մեղադրանքը չի ընդունել, պատճառաբանել է, որ զրույցի ժամանակ ընկերներին ասել է՝ վարչապետին սպանելու փոխարեն անհրաժեշտ է սպանել նախագահ Սարգսյանին:

Կալայջյանի նկատմամբ քրեական գործի դատաքննությունը դռնփակ էր եւ ապացույցները դեռեւս ամբողջական հրապարակված չեն: Հայտնի չէ հանցագործության դրդապատճառը, թե ինչո՞ւմ է արտահայտվել պետական գործչի քաղաքական գործունեության նկատմամբ դժգոհությունն ու անհամաձայնությունը, հատկապես ո՞րն էր պետական գործչին ֆիզիկապես ոչնչացնելու միջոցով նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու ձգտումը եւ հատուկ նպատակը (պետական իշխանության կամ քաղաքական կուսակցության բարձր պաշտոններ զբաղեցնելու հավակնորդ համարվե՞լը, քաղաքական վրիժառությո՞ւնը, թե՞ այլ հանգամանք): Այս հանգամանքներում գործով եզրահանգումները վաղ են, մինչդեռ, եթե հրապարակախոսի պատճառաբանություններն իրոք ազնիվ են, ապա նորից բախվում ենք արարքի սխալ որակման հետ: Հիմքը՝ հանցագործությունը հանրության համար վտանգավոր արարք լինելու օրենսդրական ամրագրումն է (Քրեական օրենսգրքի 7-րդ հոդված): Ըստ այդմ, հանցագործություն չի համարվում, այսպես ասած, սոսկ դիտավորության հայտնաբերումը: Հանցավոր մտահղացումը (դիտավորությունը) դեռեւս հանցագործության փուլ չի համարվում եւ հանցագործություն կատարելու մասին անձի գրավոր, բանավոր արտաբերումները կամ սպառնալիքը ինքնին հանցակազմ չեն առաջացնում, եթե դրանց իրագործման համար անձը գործողություն (անգործություն) չի կատարել: Այստեղից էլ, եթե Ա. Կալայջյանը միայն ասել է անձամբ սպանելու եմ նախագահին կամ հորդորել է սպանել նրան եւ ձեռնպահ է մնացել վերը թվարկված հանցագործության նախապատրաստություն հավաստող գործողությունների կատարումից, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են, արարքում հանցակազմ չկա: Չմոռանանք, որ, առանց իրավական հիմքերի, մեկ այլ սփյուռքահայ՝ Սարգիս Հացպանյանն էլ ազատազրկվել է թղթակցի հետ հարցազրույցում ենթադրյալ սխալ կարծիքի բարեխիղճ մոլորության համար, իբր երկրորդ նախագահը եւ Դաշնակցությունը մահափորձ են նախապատրաստում գործող նախագահի նկատմամբ՝ ձեւակերպելով՝ «դանոս»:

Ներկայումս ՀՀ քրեական օրենսդրության նորմերը հիմնականում զերծվել են քաղաքական հետապնդումների առիթ հանդիսացող ձեւակերպումներից, ըստ որում, խոսքի ազատության, գաղափարների տարածման կամ քաղաքական համոզմունքների համար հալածանքներն անթույլատրելի են (Սահմանադրության 27 հոդված): Սակայն ժողովրդավարական բարեփոխումները միայն ամրագրումով չեն ավարտվում: Դեմոկրատիան պայմանավորված է ամրագրված նորմերի անշեղ կատարմամբ եւ օրինականության արմատավորման սկզբունքների հետ, իսկ երբ մարդկանց հետապնդում են քաղաքական նկատառումներով եւ առանց իրավական հիմքերի կալանում, դատապարտում՝ ժողովրդավարությունը դառնում է կեղծ կատեգորիա:

Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ Ա. Կալայջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել