Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարան ներողությունն ընդունեց

Հունվար 15,2010 00:00

\"\"Lenta.ru-ի փոխանցմամբ՝ պաշտոնական Անկարան ընդունել է վերջին երկու օրերի ընթացքում Իսրայելի արտգործնախարարության արդեն երկրորդ ներողությունը՝ թուրք դեսպանի հետ «ստորացուցիչ վերաբերմունքի» համար: Այդ մասին հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ից՝ հավելելով, թե միջադեպի հետ կապված հարցը սպառված է:
«Ես մտադրություն չեմ ունեցել ստորացնել Ձեր անձը: Ներողություն եմ խնդրում, որ այդ դեմարշը տեղի է ունեցել եւ այդպես է ընկալվել: Փոխանցեք, խնդրեմ, սա թուրք ժողովրդին, որի նկատմամբ մենք մեծ հարգանք ենք տածում»,- ասված է Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնի նամակում: Թուրքիան հենց նրան էր մեղադրել երկու երկրների միջեւ հարաբերություններում լուրջ բարդությունների առաջացման համար:
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իսրայելական կողմից ստացվել է այն պատասխանը, որին իրենք սպասում էին: Ավելի վաղ երկրի նախագահ Աբդուլա Գյուլը խոստացել էր փակել Թուրքիայում Իսրայելի դեսպանատունը՝ եթե պաշտոնական Երուսաղեմից ընդունելի ներողություններ չլինեն:
Հիշեցնենք, որ Իսրայելի ԱԳ նախարարի տեղակալը (նկարում՝ ձախից), որն Իսրայելում Թուրքիայի դեսպանի (աջից) հետ հանդիպման ժամանակ ցուցադրաբար ավելի ցածր աթոռի վրա էր նստեցրել դեսպանին՝ նրան ստորացնելու համար, արդեն մի անգամ ներողություն էր խնդրել իր արարքի համար, բայց հետո այդ երկրի ԱԳՆ-ն կրկին հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ՝ նշելով, որ փոխնախարար Այալոնի պահվածքը օգտակար է եղել, քանի որ Թուրքիան այսուհետեւ ուշադրություն կդարձնի իր արտահայտություններին։ Հիշեցնենք, որ Իսրայելի փոխնախարար Այալոնը նաեւ ասել էր, թե «Թուրքիայի դեսպանին նստեցրինք ավելի ցածր աթոռին, որ իր տեղն իմանա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել