Լրահոս
Օրվա լրահոսը

Գունավորենք ձմեռը՝ ամռանը

Հունիս 04,2010 00:00

Կամ Կաղանդ պապի բնավորությունը

«Կանաչաստան» հ/կ-ն Ձմեռային փառատոնի շրջանակներում հայտարարում է «Կաղանդ պապի հեքիաթի» ստեղծագործական մրցույթ՝ Կաղանդ պապի կերպարին կենդանություն տալու համար: Մրցույթի աշխատանքները ներկայացվում են մինչեւ հունիսի 30-ը: Երեկ այս մասին լրագրողներին պատմեցին նախաձեռնության հեղինակները՝ «Կանաչաստան» հ/կ նախագահ, Ձմեռային փառատոնի նախաձեռնող եւ կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլյանը, «Կանաչաստան» հ/կ անդամ, Կաղանդ պապի կերպարի եւ կերպարաշարի հետ կապված ծրագրի պատասխանատու Հասմիկ Կարապետյանը, եւ «Լօլօ» ամսագրի գլխավոր խմբագիր Լիլիթ Ստեփանյանը:

Արդեն երրորդ տարին անցկացվող փառատոնը կմեկնարկի դեկտեմբեր ամսին, սակայն մինչ այդ, ամռան ամիսներին յուրաքանչյուր ոք կարող է «երազել» Ամանորի տոնակատարության, Կաղանդ պապի եւ նրա կերպարի մասին՝ այդ ամենը ներկայացնելով շարադրության, այսինքն՝ հեքիաթի տեսքով:

Ըստ մտահղացման հեղինակ Ռ. Նիզիբլյանի՝ «Որոշել ենք վերականգնել Կաղանդ պապի ավանդույթը: Մրցույթի նպատակն է աշխուժացնել հեքիաթների ստեղծման գործընթացը, ներկայացնել թատերականացված կերպարներ եւ ստեղծել Ամանորին հատուկ միջավայր»:

Ձմեռային փառատոնն ունի կարգախոս՝ գունավորենք ձմեռը: Ինչպես նշեց Ռ. Նիզիբլյանը՝ «ուզում ենք մշակութային դարձնել նաեւ ձմեռը, այսինքն՝ մշակութային ծեսեր կիրառել ձմռանը, որովհետեւ ձմռան ամիսներին մարդիկ հիմնականում հետ են մնում մշակութային կյանքից, փակվում իրենց տներում: Օրինակ, ամռան ամիսներին օրվա ցանկացած ժամի կասկադում մարդաշատ է, իսկ ձմռանը միջոցառումների պակասի պատճառով գրեթե մարդ չես տեսնի: Ձմռան ամիսների համար յուրահատուկ ծեսեր այսօր գրեթե չունենք: Անցյալ տարի մենք անցկացրինք Կաղանդ պապի կերպարի՝ արտաքինի մրցույթ: Այս տարի էլ շեշտը դրել ենք նրա բնավորության գծերի վրա»:

Բացի Կաղանդ պապի կերպարից, մրցութային թեմաների մեջ են նաեւ նրան ուղեկցող կերպարները՝ խլվլիկներ Երա եւ Անի ամուսնական զույգը, Հազարան, Անտեսը, Փուշը, Ճտպտիկը, Փառփառը, Եղեգը, Զարմազանը, Արեգը եւ Ասպետը՝ իրենց արալեզների հետ:

Նախաձեռնության հեղինակի խոսքով՝ «Գրված հեքիաթում այս բոլոր հերոսների մասնակցությունը պարտադիր է, իսկ պայմանը՝ մեկը. հեքիաթը պետք է լինի հնարավորինս հայկական, պատկերավոր եւ վառ, պետք է արտահայտված լինեն նաեւ հերոսների բնավորության գծերը»:

Թե ո՞ւմ միջեւ է կայանալու մրցույթը, ըստ Ռաֆֆիի, երեք խմբերի, այսինքն՝ մինչեւ 15 տարեկանների աշխատանքներ, սիրողական ստեղծագործողներ եւ մասնագետ սցենարիստներ. «Ցանկալի է, որ մեր մրցույթում ընդգրկված լինեն սիրողականից մինչեւ պրոֆեսիոնալներ: Բայց ես նախապատվություն եմ տալիս մանուկների աշխատանքներին, քանի որ մանուկների մտածելակերպով Կաղանդ պապը այլ մարդ կլինի»:

Մրցույթի համակարգող Հասմիկ Կարապետյանը նշեց, որ սկզբնական շրջանում որոշված էր «Կաղանդ պապի հեքիաթը» անցկացնել միայն մասնագետների ու սցենարիստների շրջանում, բայց երբ մրցույթի մասին տեղեկացրին «Լօլօ» մանկական ամսագրին, նրանք առաջարկեցին այն մանկականացնել. «Առաջարկ եղավ մրցույթին մասնակցելու հնարավորություն տալ նաեւ մանուկներին, քանի որ նրանց պատկերացումները մեծերից տարբեր են: 21-րդ դարի հայկական ընտանիքներում, ընտանիքի անդամների միջեւ հարաբերությունները այլեւս չեն կարգավորվում մեր մեջ ընդունված արժեքների հիման վրա: Բայց պետք է ունենալ մի կերպար, որն ընդունված կլիներ թե մեծերի, թե փոքրերի կողմից»:

Հ. Կարապետյանը նկատում է, որ Կաղանդ պապը շատ է տարբերվում Ձմեռ պապից եւ Սանտա Կլաուսից. «Կաղանդ պապը այսօրվա իրականության մեջ ազգային արժեհամակարգի փոխանցման դերը կատարող կերպարն է: Այն պետք է կենդանի լինի, խոսուն, լիարժեք կյանքով ապրող»:

Կազմակերպիչները նաեւ տեղեկացրին, որ մրցույթի լավագույն աշխատանքները կտպագրվեն «Լօլօ» ամսագրում, իսկ արդյունքները կամփոփվեն հուլիսի 7-ին, որոնցից էլ ժյուրին կստանա վերջնական ընդհանրական կերպար: Հետագայում այդ լավագույն աշխատանքները կամբողջացվեն մեկ ընդհանուր հեքիաթի մեջ, որն էլ կշրջանառվի, ժամանակի ընթացքում հեքիաթը կնկարազարդվի եւ կթատերականացվի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել