Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի արդարադատության նախարարի հետ շփումներ ունեցե՞լ եք՝ քննարկելու իրենց երկրում պահվող մեր քաղաքացիների իրավունքների հարցերը»․ Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին

Նոյեմբեր 03,2026 13:31 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ինձ հետաքրքիր է՝ դուք՝ որպես արդարադատության նախարար, ի՞նչ ջանքեր եք գործադրում անազատության մեջ գտնվող մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Դուք երբևէ Ադրբեջանի արդարադատության նախարարի հետ շփումներ ունեցե՞լ եք՝ քննարկելու իրենց երկրում պահվող մեր քաղաքացիների իրավունքների հարցերը»,- խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հարցրեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։

«Բաքվի բանտերում հիմա գտնվում են ՀՀ քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի դատական համակարգի որոշումներով առաջադրվել են «մեղադրանքներ», որոնք վերաբերում են Հայաստանի տասնյակ հազարավոր, միգուցե հարյուր հազարավոր քաղաքացիների։ Օրինակ՝ եթե Լևոն Մնացականյանին (գլխավոր լուսանկարում) կամ Դավիթ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել «ապօրինի ահաբեկչական կազմավորում ստեղծելու և ղեկավարելու համար», նկատի ունենալով Արցախի Պաշտպանության բանակը, Արցախի ՊԲ-ում զինվորական ծառայություն են անցել հարյուր հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ նաև դրա հետ ուղիղ առնչություն է ունեցել Հայաստանի վարչապետը, պաշտպանության նախարարը։ Անհանգստություն չունե՞ք, որ մեր ամբողջ երկիրն է դառնալու բանտ, երբ Ադրբեջանի այդ գործողությունների դեմ որևէ համարժեք քայլ մեր կողմից չի իրականացվում»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հստակ չպատասխանեց թե ի՞նչ աշխատանք է իրականացնում ՀՀ իշխանությունը՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ․ «Սա այն հարցն է, որտեղ աշխատում են ոչ թե մասնավոր ֆիզիկական անձինք, այլ աշխատում են պետությունը և պետական ինստիտուտները։ Եվ ես՝ որպես մասնավոր անձ, որևէ մանրամասներ չեմ պատրաստվում ձեզ հայտնել այդ գործընթացից։ Բայց ուզում եմ ասել, որ դա մի հարց է, որով մենք զբաղվում ենք ամեն օր»։

Էդգար Ղազարյանն արձագանքեց․ «Ես ձեզ որպես մասնավոր անձ հարց չեմ տալիս, դուք այստեղ որպես մասնավոր անձ չեք գտնվում, դուք բարձրաստիճան պաշտոնատար անձ եք, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ եք։ Եվ այստեղ եք մեկ նպատակով՝ հաշվետվողականության նպատակով՝ պատասխանելու պատգամավորների և հասարակությանը հուզող հարցերին։ Եվ երբ ձեզ հարցնում են, թե ինչով եք զբաղված, դուք շատ կոնկրետ պետք է ասեք, թե կոնկրետ ձեր պաշտոնից ելնելով՝ ինձ ջանքեր եք գործադրում ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։ Ես գիտեմ, թե դուք՝ որպես պաշտոնատար անձ, 2026 թվականի հունվարին ինչ ջանք եք գործադրել երկու սիրիացի վարձկան ահաբեկիչներին, որոնք բռնվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ, Թուրքիային հանձնելու համար։ Այն դեպքում, երբ մենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք։ Ես գիտեմ, թե դուք ոնց եք 2023 թվականին առանց դատարանի որոշման և առանց նախագահի համաներման հրամանագրի, երկու ադրբեջանցու, որոնցից մեկը մարդասպանություն էր իրականացրել ՀՀ տարածքում, հանձնել Ադրբեջանին։ Ես ուզում եմ իմանալ, թե մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ի՞նչ ջանք եք գործադրում։ Ասում եք՝ մենք ամեն օր աշխատում ենք, ո՞ւր է այդ աշխատանքի արդյունքը»։

Գալյանը կրկնեց․ «Այս հարցում անհատներ, ֆիզիկական և պաշտոնատար անձինք ներգրավված չեն, այս հարցում ներգրավված են պետական ինստիտուտներ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30