Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵԲԱՆԻ ՄՈՏ, ԲԱՅՑ՝ ԴԻՄԱԿՈՎ

Սեպտեմբեր 01,2010 00:00

\"\"Միհրդատ Մադաթյանին շատերը դիմում են skype-ով

«Բժշկության մեջ կան բնագավառներ, որոնք հիվանդի հետ անմիջական շփում չեն պարտադրում»,- «Առավոտի» հետ հեռաբժշկության մասին զրուցելիս նշում է հոգեբան Միհրդատ Մադաթյանն ու հավելում, որ տեսաձայնային շփման միջոցով հնարավոր է որոշակի կարծիք ստեղծել հիվանդի մասին: «Այցելուի համար հեռաբժշկությունը հարմարավետ միջոց է: Նա իրեն անկախ եւ ազատ է զգում եւ ցանկացած պահի կարող է դադարացնել զրույցը հոգեբանի հետ, եթե անհարմարություն զգա»,- բացատրում է Մ. Մադաթյանը:
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ այցելուն նախընտրում է շփվել հոգեբանի հետ skype-ի միջոցով, Մ. Մադաթյանը պատասխանեց. «Դա կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով: Առաջինը հեռավորությունն է: Իմ այցելուների մեծամասնությունը արտերկրում՝ Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում բնակվող հայերն են: Երկրորդ պայմանը ֆիզիկապես ներկա գտնվելու բարդույթն է, որի հիմքում «հանկարծ ոչ ոք չտեսնի» մտավախությունն է»:
Հոգեբանի փոխանցմամբ, այցելուներից շատերը մատուցված ծառայությունից օգտվելու ժամանակ ծածկում են դեմքը: «Ինձ հաճախ են ասում՝ գիտեք, տեսախցիկի հետ կապված խնդիրներ ունեմ, մյուս անգամ անպայման կվերանայեմ ու կշտկեմ խնդիրները…»,- պատմում է հոգեբանը ու ասում, որ դեմքը դիմակի տակ թաքցնելով՝ մարդը փորձում է պարզապես ապահովել իր գաղտնիությունը:
Մեր դիտարկմանը, թե դիմակով սովորաբար խոսում են ինտիմ հարցերի շուրջ, հոգեբանը այսպես պատասխանեց. «Ամենեւին պարտադիր չէ, որ վիզուալ պատկերը ծածկած անհատը ունենա ինտիմ կյանքին վերաբերող խնդիրներ, օրինակ՝ դեմքը թաքցրած այցելուներ են եղել, որոնք խնդիր են ունեցել խաղամոլության հետ: Դիմում են նաեւ երիտասարդներ՝ սիրային հարցերով եւ այլն»: Մ. Մադաթյանը ասում է, որ չնայած ձայնային պատկերը շատ բան կարող է ասել հիվանդի մասին, սակայն ծածկած պատկերը բարդացնում է հոգեբանի գործը:
«Մարդու ձայնը տալիս է որոշակի ինֆորմացիա: Հատկապես նրա ինտոնացիաները, բայց դա էլ շատ սահմանափակ ինֆորմացիա է: Շատ դեպքերում անհրաժեշտ է տեսնել մարդու շարժումները եւ իմ արած ռեպլիկների արձագանքը»,- բացատրում է հոգեբանը:
www.psyarmenia.com կայքում մատուցվող այս ծառայությունից, ըստ Մ. Մադաթյանի, օգտվում են 15-55 տարեկան մարդիկ: Հոգեբանը դժվարացավ պատասխանել, թե այցելուների մեծամասնությունը որ սեռին է պատկանում: «Ընդհանրապես հայաստանյան պրակտիկայում մեծամասամբ հոգեբաններին դիմում են կանայք»,- ընդգծում է Մադաթյանը եւ հաստատում, որ կայքում տղամարդ այցելուների թիվն էլ բավականին շատ է: Ի դեպ, www.psyarmenia.com կայքում այս հոգեբանական ծառայությունը մատուցվում է 1 տարուց ավելի:
Հարցրի, թե ի՞նչ գներ են գործում վիրտուալ ծառայություններ մատուցելու համար: «Մեր կայքում հետեւյալ գնային քաղաքականությունն է գործում. 1 ժամվա համար գանձվում է մոտավորապես 25 դոլարին համարժեք դրամ: Օրինակ, Մոսկվայում իմ որակավորումն ունեցող մասնագետի խորհրդատվությունը 1 ժամվա համար արժե մոտ 100 դոլար, Եգիպտոսում 15 րոպեն արժե մոտ 180 դոլար: Ինչ խոսք, Հայաստանի համար մեր մատուցած ծառայություններից օգտվելը մի փոքր թանկ հաճույք է, թեեւ ես այն թանկ չեմ համարում, քանի որ այսօր շատ ունենք ցածր որակի մասնագետներ, որոնք մեկ խորհրդատվության համար վերցնում են 20 հազար դրամ եւ ավելի»,- ասում է Մ. Մադաթյանը:
Հոգեբանից հարցրինք՝ Հայաստանում նմանատիպ ծառայություն մատուցողների հանդիպե՞լ է. «Հանդիպել եմ ռուս, ամերիկացի, հրեա հոգեբանների, իսկ հայ հոգեբանների՝ դեռ ոչ»,- ասում է հոգեբանը եւ պատասխանում մեր եզրափակիչ հարցին, թե համացանցում եւ տեսասկավառակների խանութ-սրահներում շատ կան սկավառակներ, որոնք, այսպես ասած, նպաստում են ռելաքսացիային, որքանո՞վ են դրանք արդյունավետ. «Ճիշտ եք նկատում, այսօր միլիոնավոր այդ կարգի ծրագրեր կան: Բայց դրանց էֆեկտիվությունը կարելի է հասկանալ միայն այն բանից հետո, երբ իմանաս, թե ով է սկավառակի հեղինակը, ում կողմից է այն մշակված: Այսինքն՝ երաժի՞շտ, որ որոշել է իր ճաշակով նյարդեր հանգստացնող երաժշտություն ձայնագրել, թե՞ հոգեբան, որ հաշվարկել է երաժշտության հաճախականությունը: Չնայած նշեմ, որ երկու դեպքում էլ ոչ մի բացասական բան չեմ տեսնում: Ռելաքսացիային, ի դեպ, շատ է նպաստում դասական երաժշտությունը, հատկապես Բախի ստեղծագործությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել