Լրահոս
Օրվա լրահոսը

Հույսներս հո ահաբեկելը չէ

Սեպտեմբեր 03,2010 00:00

Երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացավ 20 րոպեանոց դատական նիստ: Խարդախության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացի, նկարիչ Հրայր Աղանիկյանի գործով հերթական անգամ դատարան չներկայացավ ԱԺ անվտանգության աշխատակից Սամվել Կարապետյանը: Նրա համար երեք անգամ բերման որոշում է կայացվել: Շենգավիթի ոստիկանությունից դատարան էր ուղարկվել պաշտոնական մի գրություն, որի համաձայն, դատարանի կողմից նշված հասցեում չի գտնվել Սամվել Կարապետյան անուն-ազգանունով քաղաքացի: Իսկ ԱԺ անձնակազմից էլ հավատացրել էին, որ Կարապետյանը տեղեկացված է դատական նիստին ներկայանալու մասին: Երեկ, սակայն, դատարանում պարզվեց, որ վերոհիշյալ անձնավորությունն ապրում է Քոչարի փողոցի տներից մեկում: Դատավոր Ա. Պետրոսյանն ուզում էր իմանալ, թե մայրաքաղաքում գոյություն ունեցող ո՞ր Քոչարի փողոցում է ապրում վկա Սամվել Կարապետյանը:

Այս գործով տուժող ճանաչված Ժորա Էլբակյանն ասաց, որ վկան ապրում է Հրաչյա Քոչարի փողոցում: Մինչ այդ նա մատնանշել էր Շենգավիթ համայնքը: Նկարիչ-ամբաստանյալ Աղանիկյանն ասաց, որ տուժողը հայտարարել է, թե Կարապետյանին ահաբեկել է Աղանիկյանը, դրա համար էլ նա չի գալիս դատարան: Երբ փորձեցին տուժողից իմանալ եղելությունը, նա տվեց ինչ-որ մեկի անունը, որն այդ մասին կարող էր վկայել; Դատավորը կանխեց հնարավոր վեճը՝ ասելով. «Հույսներս հո սրան-նրան ահաբեկելու վրա չենք դնելու: Դատարանը դեռ չի սպառել վկային դատարան կանչելու իր բոլոր հնարավորությունները»:

Երեկ դատարան էր ներկայացել նաեւ Կենտրոնի դատախազ Էմիլ Հարությունյանը: Նա հայտնեց, որ այս գործով փոխարինելու է նախորդ դատախազին: Դատարանը ստացել էր 25 էջից բաղկացած փորձաքննության եզրակացություն՝ ձայնային սկավառակի վերծանման հիման վրա: Կողմերը խնդրեցին ժամանակ՝ եզրակացությանը ծանոթանալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել